Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, այդ քննարկումների կողմ Երևանը չի եղել․ համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանյան իշխանությունների կեսօրից հետո հրապարակված հայտարարությանը ծանոթացել են ղարաբաղյան պաշտոնական տեղեկատվական հարթակներից։
«Իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի առաջարկությունը կրակի [երեկ կեսօրից սկսված ադրբեջանական հարձակման և դրա արդյունքում բռնկված ռազմական գործողությունների] դադարեցման վերաբերյալ։
Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի՛ եղել։ Մեր առաջին նկատառումը այստեղ հետևյալն է՝ տեքստում հիշատակվում են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը» և խոսվում է «Լեռնային Ղարբաղից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների» մասին։ Այս փաստը մեզ համար այդքան էլ հասկանալի չէ։ Մենք բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛։ Ամեն դեպքում, այս հայտարարությունը մենք ընդունում ենք ի գիտություն», – նշել է Փաշինյանը։
Եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա, ըստ Փաշինյանի, ինքնին նշանակում է, որ նրանք «ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի՝ իրենց տներում, իրենց հողի վրա արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքը պահպանեն»։
Սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո Ստեփանակերտից հաղորդել էին՝ ստիպված են եղել ընդունել կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ Հետագայում հրապարակված տեքստից ակնհայտ է՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ «Հայաստանի [Հանրապետության] զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերում», «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարում և ամբողջական զինաթափում», վերաինտեգրացմանը նվիրված բանակցություններ ադրբեջանական Եվլախում։
տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները
Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող այս տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության անունը։ Սա, ըստ վարչապետի, «արդարացնում է իր երեկվա գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ»։ Եթե դա հնարավոր լիներ, «դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»։
Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ երեկ մեկնարկած լայնածավալ հարձակումից հետո ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոսում էր Հայաստանի կողմից պրահյան առաջարկություններին համաձայնելու մասին, Ռուսաստանի ԱԽ փոխնախագահն էլ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին՝ «գուշակեք ինչ ճակատագիր է նրան սպասվում»։ Հայաստանը վարչապետը ուղերձով դիմել էր ժողովրդին՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ», «ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր»։
տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
Տեղի ունեցածը Հայաստանը ընդունում է ի գիտություն և կշարունակի հետևել հետագա զարգացումներին՝ այսօրվա ուղերձում շարունակել է Փաշինյանը․
«Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։
Ամենակարևոր հարցը հիմա հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը պետք է լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից․ «Մենք կհետևենք իրադարձություններին, իհարկե նաև որոշակի մտքեր փոխանակում գուցե ունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված»։
Քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ են գտնվում, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են․ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի»։
Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են․ անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։