Լաչինի անցակետից 22-ամյա երիտասարդի են առևանգել, մյուսին հարցաքննում են
16:48 — Նախ Բաքուն, ավելի ուշ՝ նաև Ստեփանակերտը հաղորդել են, որ Հակարիի կամրջից այսօր ոչ թե մեկ, այլ երեք հոգի է ձերբակալվել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ձերբակալվածները Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբից,Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է «2021 թվականին ադրբեջանական դրոշը անարգելու մեջ»։
մանրամասները՝ Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ
14:32 — Լաչինի անցակետից ադրբեջանցիները Արցախից Հայաստան մեկնող 22-ամյա ուսանող տղայի են առևանգել՝ տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը. «Տղային ուղեկցել են ռուս խաղաղապահները»։ «Մեկին տարել են, մյուսին հարցաքննում են», - ասել է Պետրոսյանը։ Արցախի Տեղեկատվական շտաբից հաստատել են՝ ադրբեջանական կողմից առևանգված ուսանողը Ալեն Նելսոնի Սարգսյանն է՝ ծնված 2001 թվականին: Հաղորդագրության համաձայն, Ալեն Սարգսյանը մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս չկա: Հուլիսի վերջին էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն էր առևանգվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Նրան մեղադրանքներ էին առաջադրել և կալանավորել։ Դրանից մի քանի օր անց էլ ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Նա առ այսօր էլ Բաքվում է պահվում։ Հունիսի 15-ի միջադեպից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելել էր Լաչինի միջանցքով ելումուտը, օգոստոսի 21-ին առաջին անգամ Ստեփանակերտը հաղորդեց՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ռուսաստանի քաղաքացիներ ու բուհեր ընդունված արցախցիներ են Հայաստան տեղափոխվում։ Հետագայում տեղափոխությունները շարունակվել են։ Ալեն Սարգսյանին առևանգել են այս երթերից մեկի ժամանակ։