Զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանի և Արմեն Հայկի Խաչատրյանի մահը Քննչական կոմիտեն դիտարկում է որպես «միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք»։ Նախնական վարկածի համաձայն՝ զինվորը սպանել է ծառայակցին, հետո ինքնասպան է եղել։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին։ Զինծառայողների մահվան մասին այսօր առավոտյան հաղորդել է պաշտպանության նախարարությունը։ Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել են՝ քրեական գործ են հարուցել սպանության ու զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածներով։
«Մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․Հ․-ն [Արտյոմ Հայկազյան – խմբ․] իրեն ամրակցված «ԱԿ-74» ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին [Արմեն Խաչատրյան], այնուհետև նույն զենքով կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում… Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ», – գրել է Քննչական կոմիտեն։
Այս ամսվա ընթացքում սա բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 6-րդ դեպքն է։
Երեկ էլ ՊՆ-ից հաղորդել էին, թե օգոստոսի 26-ին «հոսանքահարման հետևանքով» մահացել է զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Արդեն այսօր Քննչականից տեղեկացրել են՝ քրգործ են հարուցել «զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով»։
Իրավապաշտպան կազմակերպությունները արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ բանակում աճող մահերի պատճառը հրամանատարական կազմերի ամենաթողությունն է, ոչ կանոնադրական հարաբերությունները, վերահսկողության բացակայությունը, «բարդակը»։ Բանակային մահերի համար հրամանատարները պատասխանատվության որպես կանոն չեն ենթարկվում, ինքնասպանություն որակվող դեպքերը պատշաճ չեն քննվում։
Բարեփոխումները շարունակում են ձևական բնույթ կրել։ Պաշտպանության նախարարը ոչ մարտական մահերը չի էլ մեկնաբանում։ Հրաժարականներ չկան։
Հունվարից սկսած ոչ մարտական պայմաններում 6 տասնյակի հասնող մահվան դեպք է արձանագրվել՝ «դժբախտ պատահարներ», «ինքնասպանություններ», «սպանություններ», «առողջական խնդիրներ»․․․
Այս ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեկ օրվա մեջ նույն զորամասում երկու զինծառայող է «հրազենային մահացու վիրավորում ստանում»։
Նախորդ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Զոդի զորամասում։ Օգոստոսի 10-ին այնտեղ «ինքնասպան է եղել» ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, օգոստոսի 11-ին՝ նրա ծառայակիցներից Գրանիկ Խնկոյանը։
տե՛ս «Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել
Մի դեպքում համածառայակիցներին են ձերբակալել, մյուսում՝ գումարտակի հրամանատարի տեղակալին, որը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, զորքի առաջ նվաստացրել, հայհոյել և ծեծել է զինվորին։ Զոհված Գրանիկ Խնկոյանի հարազատները ինքնասպանության վարկածին չեն հավատում, հիմքեր ունեն մտածելու, որ տեղի ունեցածը սպանություն էր։
տե՛ս Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ
Հուլիսի վերջին էլ ՊՆ-ն զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան մասին էր հաղորդել։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր։ Օրեր անց Քննչական կոմիտեն գործը վերաորակավորել էր որպես սպանություն։ Մեղադրանք էր առաջադրվել նրա համածառայակցին (սպանության համար) և դիրքի ավագին (սպանության հետքերը կոծկելու և ինքնասպանությունը բեմադրելու համար)։