Home / Բանակ / «Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել

«Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել

Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդել է զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, իսկ երեկոյան՝ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։ Ժորա Կապարետյանի մահը քննվում է որպես «ինքնասպանություն»։ Գրանիկ Վարդանյանի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել, Բենիամին գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ Քննչականից ասել են, որ զինվորը ինքնասպան է եղել։

Երկու զինծառայողներն էլ Արարատի մարզում են եղել։

«ոչ կանոնադրական վարքագծի դրսևորման արդյունքում»

«Օգոստոսի 10-ին, դեռ չպարզված հանգամանքներում, hրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել», – օգոստոստի 11-ի առավոտյան գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել է, թե, նախնական տվյալների համաձայն, Ժ․ Կարապետյանը «ինքնասպանություն է գործել իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում»։

Հաղորդագրության համաձայն, օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, մարտական դիրքի գետնատնակի մոտ «այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով» կատարել է ինքնասպանության փորձ․

«Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ: ․․․Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է»։

Զինծառայողին «ինքնասպանության հասցնելու կասկածանքով» ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները։

Գրանիկը նոր էր արձակուրդից վերադարձել

Ուշ երեկոյան ՊՆ-ից հաղորդել են նաև զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին․ «Օգոստոսի 11-ին, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն»։

Գրանիկ Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվարին, ըստ պաշտոնական վարկածի՝ նա էլ է ինքնասպան եղել, news.am-ին ասել է գյուղի վարչական ղեկավար Արտակ Անտոնյանը։

Գյուղապետի խոսքով՝ Գրանիկ Խնկոյանը Արարատում է ծառայել։ Առավոտյան մահացած Ժորա Կարապետյանին էլ, ըստ ՔԿ-ի, տեղափոխել էին Արարատի ԲԿ։ Արդյոք օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներն էլ նույն զորամասից են եղել՝ ՊՆ-ից չեն ասում։

«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից: Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է», – նշել է գյուղապետը:


Գրանիկ Խնկոյանը

Ինքնասպանության վարկածին նա չի հավատում. «Ճանաչում էի իրեն, այդ երեխան խելոք, աշխատասեր երեխա էր, վատ սովորություններ չուներ, ի՞նչը պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր, չեմ կարողանում հասկանալ: Ուղղակի ափսոս է, որ խաղաղ վիճակում զինվոր է զոհվում»: