Home / Բանակ / Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

Զինծառայող Գրանիկ Խնկոյանի «ինքնասպանության» գործով  մեղադրանք է առաջադրվել զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ին, որը, ըստ Քննչական կոմիտեի, «հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ»:

Պաշտոնական վարկածի համաձայն, «գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը օգոստոսի 11-ին, ժամը 08:40-ի սահմաններում, իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է»։ Ըստ Քննչական կոմիտեի, զինծառայողի դին՝ ՝գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում։

Ի՞նչ է հայտնի

Գրանիկ Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր այս տարվա հունվարին, ծառայում էր Արարատում։ Բենիամինի վարչական ղեկավար Արտակ Անտոնյանի խոսքով՝ դեպքից մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, «տեսել եմ իրեն, գոհ էր ծառայությունից», օգոստոսի 10-ի առավոտյան էլ հոր հետ էր խոսել, «ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»։

«Խելոք երեխա էր, վատ սովորություններ չուներ, ինչը՞ պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր», – հարցրել էր Բենիամինի վարչական ղեկավար Արտակ Անտոնյանը՝ հիշեցնելով, որ Գրանիկի ենթադրյալ «ինքնասպանությունից» ժամեր առաջ Արարատի մարզում «ինքնասպանության փորձ» էր կատարել նաև պարտադիր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը։

Քննչականից հայտարարել էին, թե օգոստոսի 10-ի երեկոյան զինծառայող Ժորա Կարապետյանը «մարտական դիրքի գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով» կրակել է ինքն իրեն։ Նրան տեղափոխել են նախ Արարատի ԲԿ, իսկ հետո՝ Երևանի զինհոսպիտալ։ «Չնայած բժիշկների գործադրած ջանքերին»՝ օգոստոսի 11-ի առավոտյան զինծառայողը մահացել է։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Գրանիկ Խնկոյանը և Ժորա Կարապետյանը նույն զորամասում են ծառայել։ Պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն այս տեղեկությունը չեն հաստատել։ Արդյոք զինծառայողների «ինքնասպանությունները» փոխկապակցված են՝ իրավապահները չեն ասում։

տե՛ս «Ինքնասպանություններ»․ 24 ժամում երկու զինվոր է մահացել

Մեղադրանքները

Զինծառայող Գրանիկ Խնկոյանի «ինքնասպանության» գործով մեղադրանք է առաջադրվել մայոր Ա․Թ․-ին՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Օգոստոսի 15-ին նա ձերբակալվել է․ «Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»:

Զինծառայող Ժորա Կարապետյանի «ինքնասպանության» գործով օգոստոսի 12-ին ձերբակալվել էին նրա երկու համածառայակիցները։