Home / Հայաստան / Կրակել են Կապանի վերագործարկվող օդանավակայանի վրա. ԱԱԾ

Կրակել են Կապանի վերագործարկվող օդանավակայանի վրա. ԱԱԾ

-ականՕգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, անհայտ անձը, դեռ չպարզաբանված ավտոմեքենայով, ադրբեջանական կողմից մոտեցել է Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք և Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ՝ գրել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհանը և տանիքը։

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր», – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Նախօրեին Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիք էր այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում է, որ վաղը` Կապանի օրվա առիթով, կլինի ներկայացուցչական չվերթ։ Արդեն հաջորդ շաբաթվանից կիրականացվեն Երևան-Կապան կանոնավոր չվերթներ:

90-ականներից Կապանի օդանավակայանը չէր գործում։ Վերջին տարիներին այն վերանորոգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: Առաջին թռիչքը իրականացվել է այս տարվա ապրիլին (L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավով, որը նախատեսված է 19 ուղևորի համար)։