Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան (2011-2016) Կարեն Անդրեասյանը լրջագույն սպառնալիք է համարում երկրում՝ նախկին ռեժիմի կողմից տարվող տեղեկատվական պատերազմը։ Կապանի դեպքերից սկսած մինչև 82-ամյա Արտուշ Միրզոյանի պատմությունը․ ամենն օգտագործվում է հե՛նց այս նպատակով։ [Ապրիլի 24-ին վարչապետի հատուկ թույլտվությամբ պապիկն այցելեց Եղեռնի հուշահամալիր, այնուհետև ԶԼՄ-ները պատմեցին, թե ինչ պայմաններում է նա ապրում, ու մի խումբ կամավորներ որոշեցին վերանորոգել նրա տունը, իսկ ավելի ուշ տեղեկատվություն էր տարածվել պապիկի՝ վերանորոգումից դժգոհ մնալու մասին]։
Առաջին ալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում իրավապաշտպանն ասել է, որ այլ պարագայում բռնությունն ամենակարևոր խնդիրն է, սակայն Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բռնությունից ավելի վատ ու վտանգավոր է տեղեկատվական ահաբեկչությունը։
«Այսօր Հայաստանում ցանկացած դեպք՝ սկսած լրջագույն կորոնավիրուսից մինչև ինչ-որ պապիկի հետ կապված, ասենք, հատակը լավ չեն վերանորոգել, վերածվում է տեղեկատվական ահաբեկչության, ինչը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգության համար։
Չեմ ուզում գույները խտացնել, բայց հիմա մենք ունենք կորոնավիրուսի պատերազմ համարյա, և այս իրավիճակում պետության թիկունքում 5-րդ շարասյուն է ձևավորվել, որն ամեն ինչ անում է, որպեսզի ցնցում առաջացնի պետության հիմքերի տակ։
Ես ներողություն եմ խնդրում Կապանում կամ Քաջարանում ծեծված ցանկացած մարդուց, – անկախ նրանից՝ արդա՞ր է եղել, անարդա՞ր է եղել, – որ հիմա իր մասին չեմ խոսում առաջինը։ Որովհետև մենք հարյուրներով եթե ծեծվենք, այդքան վտանգ չէ պետության, մարդու իրավունքների համար, որքան պետության կորուստն ու ընդհանրապես մեր բնաջնջումը։
Եվ այդ բնաջնջման իմաստով շատ վտանգավոր են տեղեկատվական ահաբեկիչները, որոնք կոնկրետ նախկինների մաֆիայից ձևավորված մի խումբ են` իրենց լրատվամիջոցներով, իրենց քաղաքագետներով, իրենց մաֆիայի լրբերով, որոնք շրջում են երկրով մեկ և փորձում պետությունը կործանել իրենց ցնցումներով։ Այլ բանի վրա կենտրոնանալ, կներեք, ես որպես իրավապաշտպան նույնիսկ այսօր չեմ կարող»։
Կապանի դեպքի հետ կապված Անդրեասյանը, մասնավորապես, ասաց՝ մանիպուլյացիան այնպիսի մակարդակի է, որ չես էլ հասկանում՝ իսկապե՞ս ծեծել են, թե՞ ոչ։ Նա նաև քննադատեց Օմբուդսմեն Արման Թաթոյանի գործելաոճը․
«Նախ, կարող էր դա լինել բացարձակ սուտ, ինչպես, օրինակ, հրապարակեցին, որ փոխվարչապետը հարվածել էր մի ուրիշ մարդու՝ կառավարական դաչաներում։ Հետո պարզվեց՝ դա այնպիսի մակարդակի սուտ է, որ ամաչեցին, որ լրատվամիջոցները դա նույնիսկ արտատպեցին։
Հետո կարող է պարզվել, որ նկարները, որ դու տեսնում ես ու սիրտդ ցավում է մարդու համար, հենց իրենք իրենց վրա սարքել ու հրապարակել են։ Ես չեմ ասում՝ դա այնպես է։
Հասել ենք տեղեկատվական մանիպոիլյացիաների այնպիսի մակարդակի, որ ես որպես մարդ, որը չեզոք է, չունեմ քաղաքական կուսակցություն, որևէ կողմ ինձ հետաքրքիր չէ գլոբալ իմաստով, որևէ լրատվության սկսում եմ վախով ու չհավատալով վերաբերվել։
Ես շատ զարմացած եմ, որ իմ գործընկերը՝ ներկայիս Մարդու իրավունքների պաշտպանը, ստանում է ահազանգ, նման տեղեկատվական ահաբեկչությունների ֆոնին, առանց նախնական ճշտումների, միանգամից հայտարարում է, որ տեղի է ունեցել խոշտանգում, կտտանք․․․ Չեմ ասում, որ բառերն այդպիսինն էին, բայց ընկալումն այդպիսինն էր։
Չեմ ասում, որ նա՛ էլ է մասնակցում մանիպուլյացիայի, բայց դու, նախ, ճշտում ես, ստուգում ես, կապվում ես ոստիկանության, քննչական մարմնի հետ, հասկանում ես՝ ի՞նչ է կատարվում, նոր այդպիսի հայտարարություններ ես անում»։
Համեմատելով ներկան անցյալի հետ, Կարեն Անդրեասյանն ասաց, որ այժմ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունը ժամանակին «անընդհատ բնույթ էր կրում, իսկ այժմ եթե, որևէ ոստիկան հազարից մեկ իր տեղում խոշտանգում է արել, նա, իհարկե, պետք է ամենախիստ քրեական պատասխանատվության ենթարկվի, բայց դու դուրս ես գալիս բողոքելու և իշխանություններին սկսում մեղադրել աշխարհի բոլոր մեղքերում․․․»։
«Այսինքն՝ չթողնելով, թե պետությունն ի՞նչ ռեակցիա կտա, ինքը կպատժի՞, թե՞ չի պատժի, կքննի՞, թե՞՝ ոչ, սկսվում է միանգամից ցնցումը։ Սա՛ եմ ասում, որ ահաբեկչություն է։
Ամեն մի փոքր ու մեծ առիթով սարքել այնպիսի ցնցում, լարել սեփական, կներեք, մաֆիայի լրբերին, գցել փողոց և ստանալ այնպիսի մի ալիք, որ, ի վերջո, ի՞նչ լինի․ ամբողջ սփյուռքը դրսում տեսնի ու մտածի, որ երկիրը կործանվում է, միջազգային մեր գործընկերների մոտ մեր հեղինակությունն անկում ապրի, մարդկանց մոտ բոլոր ակնկալիքները զրոյանան, տնտեսությունը դրանից է՛լ ավելի տուժի, է՛լ ավելի սոված լինեն, է՛լ ավելի գազազեն, դուրս գան փողոց և դրանից հետո իրենք ի՞նչ անեն․ վերադառնան Հայաստան, վերցնեն իշխանությունը, որ էդ կտտանքներն ու խոշտանգումները նորից դառնան սիստեմատիկմ իսկ իրենք նորից որքան ուզեն, երբ ուզեն և որտեղ ուզեն թալանեն։
Սա՛ է ամբողջ սխեման, որը մենք տեսնում ենք Կապանից մինչև Արտուշ պապու տուն», – հայտարարել է իրավապաշտպանը։