Տարիներով կոծկվող զինվորների ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի լղոզման նոր ալիքը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացման հետ։ Այդ կարծիքը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է 2013 թվականին Մարտակերտում զոհված (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։
2018-ից հետո հայտնված հույսը կորավ, երբ քննիչներն ու դատավորները նորից սկսեցին ծնողներին դռնեդուռ ուղարկել, բազմապատկել թղթաբանությունը, լղոզել գործերի էությունը։ Հին բարքերին վերադարձը Հովսեփ Մուրադյանը կապում է Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից հետո դիրքերի թուլցման և դատաիրավական, ուժային համակարգի հանդեպ վերահսկողությունը ուժեղացնելու հետ։
Դեռևս 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր աշխատանքային խումբ ձևավորել, որը հերթով ու հատ-հատ կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների (ծնողների համոզմամբ՝ կոծկված) գործերը։
Հանձնաժողովը ղեկավարում էր Աննա Վարդապետյանը, ով հետագայում գլխավոր դատախազ նշանակվեց՝ հասցնելով ուսումնասիրել Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի, Վալերիկ Մուրադյանի և Արթուր Ղազարյանի մահերի հիմքով հարուցված գործերը։ Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Վարդապետյանը խուսափում է զոհվածների ծնողներից, գործերն, ըստ ծնողների և փաստաբանների, կոծկվում են, մեղավորները պաշտոներ են ստանում։
Շարքային Արման Մուրադյանի՝ Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ 2013 թվականին քրգործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործի նկարագրությունում նշվում էր, որ զինծառայողն ինքնասպան է եղել «իրեն ամրակցված զենքով»։ Հետագայում պարզվել էր, որ զենքը, ըստ զինգրքույկի, Արմանին ամրակցված չի եղել։ Հոր խոսքերով՝ հրազենի վրա բացակայել են որդու մատնահետքերը, նրա հագուստը փոխվել է, քննիչները ոչնչացրել են իրեղեն ապացույցները և անտեսել իրական հանցագործների վերաբերյալ վկայությունները։
Տարիներ շարունակ Մուրադյանը բազմաթիվ մանրամասնություններ է ներկայացնում նաև այն մասին, թե ինչպես էր որդին հալածանքների ենթարկվում ծառայության ընթացքում: Զինվորների մայրերն ու հայրերն արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ քննիչները վերացրել կամ կեղծել են իրեղեն ապացույցները, խմբագրել մահվան հանգամանքները, պաշտպանել իրական հանցագործներին, սպանությունները վերաձևել ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների։
Նրանցից շատերը սեփական հետաքննությունն են անցկացրել՝ ապացույցներ հավաքագրել, ամփոփել նյութերում առկա անհամապատասխանություններն ու բացերը։ Ծնողների բողոքների քննությամբ ավանդապես զբաղվել են նույն այն կառույցները, որոնց այդ բողոքները վերաբերում են։ Հիմնականում, իհարկե, ապարդյուն՝ սեփական հանցագործությունները բացահայտելու որևէ շահագրգռվածություն դրանք չունեն։