Ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների մայրերն ու հայրերն այսօր կրկին Դատախազության մոտ էին։
Նանա Մուրադյանը (2010 թվականին սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը), Գոհար Սարգսյանը (2007-ին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը), Իրինա Ղազարյանը (2010-ին սպանված Արթուր Ղազարյանի մայրը), Արմենուհի Պողոսյանը (2018-ին սպանված Լևոն Թորոսյանի մայրը), Արսեն Մխիթարյանը (2017-ին սպանված Արթուր Մխիթարյանի հայրը), Արմեն Մկրտչյանը (2017-ին սպանված Անդրանիկ Մկրտչյանի հայրը) հրատապ ասուլիս էին հրավիրել։ Նրանք պնդում են, որ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանը, որը վերջին տարիներին ղեկավարում էր վարչապետի հրահանգով ձևավորված «քննիչ» հանձնաժողովը, որը մասնակցել է իրենց տղաների սպանության գործերի մանրակրկիտ ուսումնասիրությանը, բազմահատոր եզրակացություններ է կազմել քննիչների, դատախազների, դատավորների կեղծիքների մասին և խոստացել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, պաշտոնը ստանձնելուց հետո ոչինչ չի արել՝ իրենց դիմումները անտեսելուց բացի։
Բանակային սպանությունները կոծկողները հեղափոխությունից հետո միայն կարիերային աճ են գրանցել․ մեկը դարձել է վարչության պետ, մյուսը՝ ԲԴԽ անդամ, երրորդը՝ դատավոր․․․
Նանա Մուրադյան՝ Վալերիկ Մուրադյանի մայրը․ — Նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ դեռ դատախազ չլինելով, երբ արդեն մոտենում էին օրերը, որ ինքը պետք է նշանակվեր, մեզ խոստումներ տվեց, ասաց՝ ես ձեզ անպայման կընդունեմ, ձեր երեխաների գործերը որպես օժիտ տանում եմ ինձ հետ դատախազություն, իմ ամենօրյա հարցն է լինելու էս գործերը բացահայտել։ [Ասաց]՝ ես բոլոր նախկին դատախազների, քննիչների, ովքեր կեղծել են և կոծկել, բոլորի անունները հատ-հատ գրել եմ մոտս և ի գիտություն եմ ընդունելու։ Ասաց՝ անպայման ձեզ կընդունեմ։ ․․․Հինգշաբթի օրը երեք ամիսը լրացել է․ մենք եկել ենք այստեղ, որովհետև 3 դիմում ունենք գրած Գլխավոր դատախազին, որ մեզ ընդունի, և ոչ մի պատասխան չկա։ Նա մեզ չի ընդունում։
Նիկոլ Փաշինյանի՝ երկրի վարչապետի գլխավորությամբ, իրա հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով, որ մեր այս 8 քրեական գործերը ուսումնասիրի։ Լավ, շատ լավ ուսումնասիրեցին մեր գործերը։ Փշաքաղվում էին, հուզվում էին։ Մեր 8 գործերից 5-ը ուսումնասիրեցին [մյուսները թողեցին դատախազությանը, և ոչինչ չարվեց]։ Շատ լավ խորհրդատվական եզրակացություններ պատրաստեցին, իմ գործով՝ 81 էջանոց, տիկին Գոհարի գործով՝ 150 էջից․․․ Սրա մասին Գլխավոր դատախազուհին ԱԺ-ի իր նախընտրական ելույթում էլ խոսեց, թե՝ այո, այս գործերը լինելու են իմ առօրյան։ Աթոռին նստելուց հետո այդ «օժիտը» քանդվեց, փլվեց։ Այլևս ոչինչ չի անում։
Մենք տարիներ շարունակ պայքարում ենք, ինքը մեզանով փիա՞ռ է անում։ Մեր գործերով փիառ է անո՞ւմ։ Որ ժողովուրդն էլ ասի, թե՝ տեսեք, վայ, էս մամաների բերանը փակեցին, ուրեմն մի բան արեցին։ Ես ուզում եմ ասել՝ ոչինչ չի արվել։ Արդեն երեք ամիս է՝ գլխավոր դատախազը նշանակված է, ոչ մի առաջընթաց չկա մեր գործերում։
Փաստաբան Արայիկ Պապիկյան․ — Այն գործերը, որոնց կապակցությամբ մենք այսօր հրատապ ասուլիս ենք հրավիրել՝ զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի և Լևոն Թորոսյանի, այս գործերի մասին առնվազն վերջին երկուսուկես տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր իշխանությունները՝ գործադիրի ղեկավար վարչապետը, այսօրվա գլխավոր դատախազը և զինդատախազը, քաջատեղյակ են։ Գիտեն, որ այս գործերով 15 տարի, 10 տարի կամ 5 տարի ընթացող քննությունները անարդյունավետ են եղել։ Եթե նախկինում ասում էին՝ համակարգը կբարեփոխվի, առաջընթաց կունենանք, հներն են մեղավոր, ապա պետք է նշեմ՝ նորերը այլևս ևս հնացած են, քանի որ ոչինչ չեն անում։
․․․Քննությունների վրա էական ազդեցություն ունեն բոլոր այն պաշտոնյաները՝ դատախազներ, քննիչներ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են՝ կոծկել են այս գործերը, վերացրել են ապացույցները, քննությանը տվել են արհեստական, կեղծ ուղղություններ, սպանությունները առաջին իսկ պահից որակել են ինքնասպանություն կամ դժբախտ պատահար․․․ Այս բոլոր փաստերը ներկայացվել են և՛ քննչականին, և՛ դատախազությանը։
․․․Մոտ օրերս մենք առանձին-առանձին հրապարակելու ենք այն բոլոր պաշտոնական անձանց անունները՝ դատախազներ, քննիչներ, գեներալներ, զորամասի հրամանատարներ, կորպուսի կամ այլ ստորաբաժանումներ պաշտոնատարներ, ռազմական ոստիկանության ծառայողներ և բժիշկներ, որոնք կեղծել են կամ փորձել են սխալ ուղղությամբ տանել այս գործերը։ Սա թող ի գիտություն ընդունեն նրանք, ովքեր այդ ցուցակներում կան և այս իշխանությունների օրոք ստացել են բարձր պաշտոններ։
Ւրավապաշտպան Նինա Կարապետյանց․ — 2018-ին մեծ խոստումներով իշխանության եկան նոր մարդիկ, առաջին անգամ Քննչական կոմիտեին կից խումբ ստեղծվեց, որը պետք է քններ այս գործերը։
Այդ ժամանակ այս կառույցը ղեկավարում էր Հայկ Գրիգորյանը, որը ողջ պրոցեսը տապալելուց հետո շարունակեց պաշտոնավարել և բարեհաջող կարողացավ ԲԴԽ անդամ դառնալ։ Հիշեցնեմ, որ այդ գործը տապալած մարդու՝ Հայկ Գրիգորյանի համար, որը ժամանակին [բանակային սպանության] գործով նաև քննիչ, այսինքն՝ առաջին ձեռքով կեղծողներից մեկն է եղել, քվեարկել է այսօրվա Ազգային ժողովը։
․․․Գրիգորյանը միակը չէ, ով ժամանակին քննիչ է եղել ու կեղծել է [բանակային սպանությունների գործերը]: Նրանցից շատերը այսօր շարունակում են ավելի բարձր պաշտոններ ստանալ։ Եթե նախկինում շարքային քննիչներ էին, այսօր նաև վարչության պետեր են։
Գոհար Սարգսյան՝ Տիգրան Օհանջանյանի մայրը․ — Տղայիս գործով երկրորդ քննիչին՝ Արտակ Կրկյաշարյանին, որը կոծկել է ամբողջ իրեղեն ապացույցները, ամբողջ քրեական գործը տարել է ուրիշ ուղղությամբ, այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր են դրել։
․․․Իմ երեխու մահվան պատճառը դեռ «պարզ չի»։ Երբ որ հանձնաժողովը ուսումնասիրեց գործը, այսօրվա դատախազ տիկին Վարդապետյանը ասում էր՝ ոնց կարող էր սենց բան լինել, ես մտածում էի, թե ծնողները չափազանցացնում են, էմոցիաներով են խոսում։ Ինքը 19 հատորն ուսումնասիրելուց հետո կազմեց 150 էջանոց փաստաթուղթ։ Վարչապետի ներկայությամբ ասում էր՝ այո, պարզվեց, որ ծնողները ճիշտ էին։ Այն ծնողները, որոնք 15 տարի շարունակ գոռում են։ ․․․Եվ գործը տեղից չի շարժվել։ Սա՞ է ձեր արդարադատությունը։
Իրինա Ղազարյան՝ Արթուր Ղազարյանի մայրը. — Երբ մտել ենք Նիկոլ Փաշինյանի մոտ, առաջին հարցը, որ ես տվել եմ, ասել եմ՝ պարոն Փաշինյան, եթե հանցագործ Հայկ Գրիգորյանին բերում եք պաշտոն եք տալիս, էն Հայկ Գրիգորյանին, որի մատը խառն է իմ տղու սպանության մեջ, ո՞վ պետք է պատասխան տա։ Ասում էր՝ բա տիկին Իրինա, ի՞նչ եք ասում, բոլորին պետք է հանենք աշխատանքի՞ց․․․
Վաղը իմ տղայի մահվան 12 տարին է։ 12 տարի ես պայքարում եմ։ Ո՞վ է պատասխան տալու իմ տղայի սպանության համար։ Հերիք չի՝ անօրինական տարան Ղարաբաղ, իմ երեխու կյանքը խլեցին։ Կյանքը խլին։ Այսօր տիկին Վարդապետյանը տոնածառ է զարդարում, իսկ ես պետք է սգո սեղան դնեմ։ Ինչի՞ համար։ Ես չէի ուզո՞ւմ ուրախանալ իմ տղայով։ Ես էլ էի ուզում․․․
Արմենուհի Պողոսյան՝ Լևոն Թորոսյանի մայրը․ — Այդ նույն Հայկ Գրիգորյանը, որին այսօր տարել են ԲԴԽ, այդ նույն հանցագործ տականքությունը մեզ՝ ծնողներիս ասում էր՝ ուր էլ գնաք, իմ բռի մեջ եք։ Այսօր նրան բերել նստացրել են ԲԴԽ-ում, իսկ մենք ծնողներով պետք է սենց պատերի տակ կանգնենք՝ արդարություն պահանջե՞նք։
Մի ժամից ավել զոհված զինվորների հարազատները կանգնած էին Դատախազության դիմաց․ նորանշանակ դատախազը այդպես էլ չիջավ։ Նրանք նաև հինգշաբթի էին եկել դատախազություն, ասում են՝ երեք ժամից ավել սպասել են, ոչ ոք չի եկել։ Ծնողների մեծ մասը մարզերից է․ ամեն անգամ ճանապարհ են ընկնում և վերադառնում՝ առանց որևէ արդյունքի։
«Այսօր էլ ինչ որ կատարվում է, այդ մարդկանց ձեռքով է կատարվում։ Մի հատ նայեք մեր գործերը՝ այնտեղ կան գեներալներ, որոնք այսօր էլ Ղարաբաղում թելադրող են։ Այդ հանցագործները պետք է պատժվեն։ Հակառակ դեպքում կործանվելու է ամեն ինչ», – ասում էր հայրերից մեկը։ Մյուսը ավելացնում․ «Քանի դեռ ազատության մեջ են Աղվան Հովսեփյանը, Վովա Գասպարյանը, Հայկ Գրիգորյանը, Քննչական նախկին կոմիտեի քննիչները, որոնց տեղը բերդն ա․․․ Քանի դեռ մարդասպանները ազատության մեջ են․․․ Դրանք հայ ազգի հերոս զինվորների արյունն են խմել․․․ Թուրքից բեթար են դրանք մեր ազգի համար ․․․Որ փաստերով ապացուցում ենք, մեզ դնում են մանյակի տեղ»։
Ոստիկանական պատնեշը ճեղքելով՝ ասուլիսի վերջում ծնողները մտան դատախազության շենք։ Ոստիկանները պատնեշ կազմեցին նաև ներսում։ Քիչ անց՝ դուրս եկան։ Ոչ ոք այդպես էլ չիջավ։
Տիգրան Օհանջանյանի մայրը կրկնում էր՝ տղայիս գործի կոծկման գլխին կանգնած էր գեներալ Հայկազ Բաղմանյանը՝ իրա շքախմբով, արդեն 15 տարի է՝ նրանք վախենում են Հայկազ Բաղմանյանին կանչել իրական հարցաքննության։ Դատախազությունն ասում է, թե՝ մենք ընդունում ենք մեր մեղքը, որ սխալ քննություն ենք տարել։ Եվ ոչինչ։
«6 տարի շարունակ Սեդա Սաֆարյանը, որը հիմա Սահմանադրական դատարանում է, եղել է Տիգրան Օհանջանյանի գործով փաստաբան։ Վարդենիսում՝ իր նախընտրական զեկույցի ժամանակ, հայտարարում էր՝ այս տարածքը այն տարածքն է, որը գեներալներն են հսկել։ Նկատի ուներ Հայկազ Բաղմանյանին։ Օրինակ բերեց իմ տղային, որ Կարճաղբյուրում սպանել են Տիգրան Օհանջանյանին, և ոչ մի հարցաքննություն չի եղել ոչ նրա թիկնապահների, ոչ էլ գեներալ Հայկազ Բաղմանյանին։ Ի՛նքը ասաց՝ Տիգրան Օհանջանյանի սպանությունը գեներալների հետ է կապված։ Որտե՞ղ է նա հիմա։ Ընտրվեց ՍԴ դատավոր։ Եվ ի՞նչ», – հարցնում էր Գոհար Սարգսյանը։
Մյուսները երկրորդում էին՝ մարդիկ, որոնք քաջատեղյակ են իրենց տղաների սպանության գործերից, այսօր իշխանության են եկել։ Եվ ոչինչ չի արվել։ Կան նաև Եվրադատարանի վճիռներ, որոնցով հաստատվել է՝ Հայաստանը մեղավոր է։ Պետությունը ընդունում է դա։
«Ես հարց եմ տալիս մեր պետությանը՝ լավ, մեղավոր ես։ Ես ի՞նչ՝ ևս 13 տարի պետք է կանգնեմ փողոցներով, էս դռից էն դուռը թակեմ, որ դուք արդարություն իրականացնե՞ք։ Ի վերջո այդ հանցագործներին պատժեք, որ մյուս հանցագործությունները կանխեք։ Ինչքա՞ն կարելի է՝ զինվորը գնա բանակ, ոչ պատերազմական պայմաններում, քնած զինվորին սպանեն», – ասում էր Նանա Մուրադյանը։