Հուլիսի 16-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերանայել 13 տարի առաջ «Մեհրաբ» հայտնի զոմասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով իր իսկ կողմից 2013 թվականին կայացված որոշումը։ Նոր վարույթ է նախաձեռնվել, քննությունը իրականացվելու է բանավոր ընթացակարգով։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ լեյտենանտ Նազարյանը «ինքնասպան է եղել» 2010 թվականի հուլիսի 27-ին, փաստաբանների և հարազատների պնդմամբ՝ նա սպանվել է 2010 թվականի հուլիսի 26-ին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարի վճռել է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտել է լեյտենանտ Նազարյանի կյանքի իրավունքը։ Մինչ այդ պաշտպանական կողմը և զոհված զինծառայողի հարազատները բազմաթիվ փաստեր էին ներկայացրել, որոնք վկայում էին՝ քննչական մարմինները ոչնչացրել/կեղծել են ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողի գործով իրեղեն ապացույցները, միտումնավոր քննվել է բացառապես «ինքնասպանության» թույլ հիմնավորված վարկածը, չնայած ծանրակշիռ հիմքերի՝ սպանության շուրջ քննություն առհասարակ չի իրականացվել։
Լեյտենանտ Արտակ Նազարյանի գործին նվիրված՝ Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ հետաքննությունը հրապարակվել է 2014 թվականին
Արտակ Նազարյանի մայրն ու քույրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը և Ծովինար Նազարյանը, օրեր առաջ հրապարակավ դիմել են Գլխավոր դատախազությանը։ Նրանք պահանջում են, հաշվի առնելով նոր և վաղուց ի հայտ եկած հիմքերը, քննել լեյտենանտի սպանության վարկածը։
Նազարյանի իրավահաջորդների հայտարարությունը՝ ստորև․
«․․․2023թ․ հունիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը տուժող Արտակ Նազարյանի իրավահաջորդներ Հասմիկ Հովհաննիսյանի և Ծովինար Նազարյանի բողոքի հիման վրա որոշում է կայացրել հարուցել իր իսկ 2013թ․ սեպտեմբերի 27-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ, որի քննությունը կիրականացնի բանավոր ընթացակարգով։
2013 թվականի մայիսին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը երկու սպայի և երեք ժամկետային զինծառայողի մեղավոր էր ճանաչել և ազատազրկման դատապարտել (մի ժամկետայինին՝ պայմանական) Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար՝ ի հեճուկս տուժողի իրավահաջորդների համոզմանը և այդ համոզմունքը հիմնավորող փաստերին ու փաստարկներին, որ Արտակ Նազարյանի մահվան պատճառը ոչ թե ինքնասպանությունն էր, այլ սպանությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել «վերադարձնել», այսինքն՝ քննության չառնել Վերաքննիչ դատարանի դեմ մեր բողոքը։
Լեյտենանտ Արտակ Նազարյանը սպանվել էր ոչ-մարտական պայմաններում՝ 2010 թվականի հուլիսի վերջին, Տավուշի մարզի սահմանային դիրքերում։ Գործը քննվել էր որպես «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, այդպես էլ չանդրադառնալով այդ վարկածը չհիմնավորող և այլ վարկած հուշող բազմաթիվ հարցերի։
2011 և 2014 թվականներին Արտակ Նազարյանի ընտանիքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը երկու բողոքը միավորելով՝ գործով վճիռ կայացրեց 2022թ․ նոյեմբերի 8-ին։ ՄԻԵԴ-ն արձանագրել է տուժող Արտակ Նազարյանի կյանքի իրավունքի պաշտպանության հարցում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական պահանջների խախտումներ Հայաստանի կառավարության կողմից։
Եվրոպական դատարանում բողոքաբեր կողմի և ՀՀ կառավարության միջեւ «վիճաբանության» փուլում ՄԻԵԴ-ին է ներկայացվել եւ ընդունվել անգլիացի անկախ դատաբժիշկ Ջոն Քլարկի փորձագիտական կարծիքը, համաձայն որի՝ Արտակ Նազարյանի մահը կարող էր վրա հասած լինել ավելի վաղ, քան պաշտոնական վարկածում, այսինքն՝ ոչ թե 2010 թվականի հուլիսի 27-ին, այլ դրա նախորդ երեկոյան, քանի որ դեպքի վայրում արված լուսանկարում նկատվում է մարմնի փայտացում։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել նաև ալկոհոլային թունավորման աստիճանին, որը գտնվելով «մարսման» փուլում (և ոչ թե «արտաթորման»)՝ պետք է հանգեցներ շարժուձեւի և խոսքի նկատելի փոփոխությունների, ինչը սակայն քննության առարկա չի դարձել։
Եվրոպական դատարանը արձանագրել է Հայաստանի ներպետական կառույցների կողմից դատավարական բազմաթիվ խախտումներ, որոնց բացատրությունը «պատահականությամբ» նրան չի բավարարել։ ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ բավարար չափով և կերպով չի ապահովվել տուժող կողմի մասնակցությունը դատավարական գործընթացներին։ ՄԻԵԴ-ի այս վճիռն է դարձել Վճռաբեկ դատարան մեր բողոքի և Վճռաբեկի կողմից բացառիկ վարույթ հարուցելու որոշման հիմքը։
Բողոքի հեղինակներս ակնկալում ենք, որ Վճռաբեկ դատարանը բացառիկ վերանայման վարույթի արդյունքում կբեկանի Վերաքննիչ դատարանի 2013թ․ օգոստոսի 1-ի որոշումը և գործը կփոխանցի ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան կամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։
Գտնում ենք, որ այստեղ առանցքային անելիք ունի նաև Գլխավոր դատախազությունը, քանի որ առկա են Արտակ Նազարյանի սպանության վարկածը քննելու հիմքեր։
Գիտակցելով, որ քրեադատավարական կարգավորումները Վճռաբեկ դատարանին օժտել են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությամբ, փաստում ենք, որ սպանության վարկածը քննության առարկա դարձնելու իրավասությամբ օժտված է բացառապես դատախազությունը։
Հետևաբար, հաշվի առնելով արձանագրված փաստերը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ սպանության հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»։
Հայտարարության հանրայնացումից մեկ շաբաթ անց դատախազությունից հրապարակային արձագանք չկա։