Օգոստոսի 1-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավարական կազմի նախագահությամբ, ուժի մեջ է թողել 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման:
Տուժող կողմը պնդում էր, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են, իսկ գործի քննությունն անցել է օրինախախտումներով:
Բացի Արտակ Նազարյանի իրավահաջորդներից, Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են Հակոբ Մանուկյանի և Վահագն Հայրապետյանի պաշտպանները: Հայցվորները պահանջում էին բեկանել դատավճիռը, ուղարկել նոր քննության կամ փոխել վճիռը՝ արդարացնելով ամբաստանյալներին: Նրանք նաև պահանջում են քրեական գործեր հարուցել գործի քննության ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների մասով:
Չնայած դատավարության ընթացքում հայցվորները դատարանին միջնորդել են, որպեսզի Վերաքննիչ դատարանը չքննի գործը վճռաբեկության կարգով, դատավորները այլ որոշում են կայացրել: Նշենք, որ դեռևս դատավարությունից առաջ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը կողմերին նամակ էր ուղարկվել, որում նշված է եղել, թե գործը քննվելու է Վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով, այսինքն՝ դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու՝ հիմնվելով եղած փաստերի վրա:
Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վճիռը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տուժող կողմը բողոքարկելու է վճիռը Վճռաբեկ դատարանում: Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք հույս չունեն, թե Վճռաբեկն այլ որոշում կայացնի, պարզապես բողոքարկում են հայաստանյան ատյանները սպառելու և Եվրադատարան հայց ներկայացնդլու համար:
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզրիյանը Epress.am-ին է տրամադրել տեսանյութեր, որոնցում Ռուբեն Մարտիրոսյանը և Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, իրենց կարծքին են հայտնում Վերաքննիչ դատարանի վճռի մասին: