Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին, ժամկետայինը կալանավորվել է։
«Պարզվել է, որ Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով, մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն», – հուլիսի 28-ին հաղորդել է Քննչական կոմիտեն։
Զինծառայողին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ Քննչականի՝ նա իրեն «մեղավոր է ճանաչել», «զղջացել կատարած արարքի համար» և կալանավորվել:
Ավելի ուշ հաղորդվել է նաև դիրքի ավագի ձերբակալության մասին՝ սպանությունը կոծկելու և ինքնասպանություն բեմադրելու համար։
Ըստ Քննչական կոմիտեի, դիրքի ավագը՝ դասակի հրամանատար Տ․Ս․-ն, իմացել է, որ զինծառայող Ա․Հ․-ն սպանել է համածառայակից Մուրադ Գրիգորյանին, բայց գնդացիրը դրել է Գրիգորյանի մարմնի կողքին, նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել:
Դիրքի ավագին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ հանցանք կատարած անձին աջակցելը…, նա կալանավորվել է։
Մինչ այս քննիչների հիմնական վարկածը ինքնասպանությունն էր․ Մուրադ Գրիգորյանի մահվանից հետո քրեական գործ էր հարուցվել ՔՕ 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Զինծառայողին ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կրելու ընթացքում։
Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հաղորդել էին՝ հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը, Քննչականից հավելել էին՝ նրա դին հայտնաբերվել է «ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում», զինծառայողի գլխին հրազենային վիրավորում է եղել, կողքին՝ գետնին ընկած վիճակում, գտել են նրան ամրակցված գնդացիրը։