Հայաստանից Լեռնային Ղարաբաղ շարժվող 19 մեքենաները՝ բեռնված մոտ 360 տոննա հումանիտար օգնությամբ, արդեն 20 ժամ է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում են։ Շարասյունը կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ հայկական անցակետում։ Ադրբեջանցիները բեռների փոխադրումն արգելում են, ռուս խաղաղապհները դրանք առ այժմ չեն ընդունել։ «Որևէ տեղաշարժ չկա, [ռուսական խաղաղապահ զորախմբից և ադրբեջանական կողմից] որևէ արձագանք դեռ չենք ստացել», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետը թվարկել է բեռնատարների պարունակությունը՝ ալյուր, շաքարավազ, աղ, չոր սնունդ, դեղեր․․․Ավելի քան 8 ամիս՝ շրջափակված, վերջին մեկ ամսում հումանիտար մատակարարումներից ամբողջությամբ զրկված Լեռնային Ղարաբաղի համար սա լավագույն դեպքում մի քանի օրվա ընթացքում սպառվող պարեն է։ Առաջ Ադրբեջանը պատճառաբանում էր, թե փակել է Լաչինի միջանցքը, քանի որ այն օգտագործվում էր «ռազմական նպատակներով»։ Փաշինյանը սա անհեթեթ մեղադրանք է որակել և հարց տվել՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այժմ արգելում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, մի՞թե իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելը և ցեղասպանության ենթարկելն է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ երեկ երեկոյան հրապարակած հայտարարությանը Հայաստանի վարչապետն իր բացման խոսքում չի անդրադարձել։ Հայաստանի փոխարտգործնախարարը այն գնահատել է որպես անմարդկային և ցինիկ․ «Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։ Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»։
Բաքու․ Հայաստանը ուտելիքով հարձակվել է Ադրբեջանի վրա
Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ նախօրոք համաձայնեցնելու Ղարաբաղ ավտոշարասյուններ ուղարկելու մեջ։
«Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության գալու «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ», – երեկ երեկոյան գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բաքուն պնդել է, թե «Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի այս քայլը ցույց է տալիս, որ այս Հայաստանը անկեղծ չէ գործընթացում և մտադրություն ունի շփոթեցնել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այս ամենին մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը։
Աղդամը Լաչին չէ՛
Մինչ այդ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, թե բրյուսելյան բանակցություններում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ԼՂ-ին անհրաժեշտ ապրանքները կմատակարարվեն Աղդամի ճանապարհով։
Հաջիևի այս հայտարարությունը նախ հերքել են Երևանից, ավելի ուշ՝ նաև Եվրամիությունից։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սա սուտ է որակել․ «Շառլ Միշելն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրել։ Սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է։ Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նշվել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտվում է ավելի քան 7 ամիս՝ չնայած դրա վերաբացման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման․ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով… Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»:
Հաջիևի հայտարարությունների մասով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է․
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ»։
Բորելը նաև կոչ է արել վերսկսել Կարմիր Խաչի գործունեությունը։
Բաքվից արձագանքել են, որ Ժոզեպ Բորելի հայտարարությունը «հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա» և ափսոսանք է հարուցում։ «Ադրբեջանն առաջարկել է օգտվել Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ] և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները: Չնայած Ադրբեջանի այս առաջարկին աջակցում են միջազգային գործընկերները․․․, Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողների կողմից ճանապարհները փակելով բեռների փոխադրմանը խոչընդոտելն ու կանխումը պարզ ապացույց է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկում», – այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Աղդամի ճանապարհի առաջարկն ի հայտ է եկել բրյուսեկյան վերջին բանակցություններից առաջ, ԵԽ նախագահը խրախուսել է և՛ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի, և՛ Լաչինի միջանցքի գործարկումը։
Ստեփանակերտը Աղդամի «այլընտրանքը» գնահատել է որպես ինտեգրացիոն քաղաքականության մաս, Աղդամի ճանապարհի միջազգային խրախուսումն էլ՝ որպես աջակցություն Ադրբեջանի բլոկադային շանտաժին։