Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման որոշ մանրամասները հանրայնացվեցին Եվրախորհրդի նախագահի պաշտոնական հայտարարությամբ։ Հանդիպումը նշանավորվեց նաև Ռուսաստանի արտգործնախարարության ծավալուն հաղորդագրությամբ՝ հրապարակված Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից ընդամենը կես ժամ առաջ։ Պաշարված Ղարաբաղում, մինչ այդ, «համաժողովրդական շարժում» է՝ բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարած բողոքի ցույցը վրանավորվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտ։ Բաքուն (և Շառլ Միշելը) խոսում են Ադրբեջանից «հումանիտար» օգնություն մատակարարելու հնարավորության մասին՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, Ղարաբաղի հայերը պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված տարանցման ռեժիմը։
Աղդամ, մատակարարումներ, ինտեգրացիա
Շառլ Միշելի հայտարարության հիմնական ինտրիգը Ղարաբաղի ապաշրջափակմանը վերաբերող հատվածն էր։
Երկրորդելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ հանդիպման նախաշեմին արված հայտարարությանը, Միշելը աջակցել է Աղդամից (այսինքն Ադրբեջանից) դեպի Ղարաբաղ («տեղի բնակչությանը») հումանիտար մատակարարումներ անելու առաջարկին, զուգահեռաբար շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։
Հայաստանյան փորձագետները սա մեկնաբանել են որպես ադրբեջանական «բլոկադային» շանտաժի լեգիտիմացում և հարկադիր ինտեգրացման քաղաքականության հովանավորում։
Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Ադրբեջանը անտեսել է, Լաչինի միջանցքը հետզհետե ավելի է փակվել, այսօր Ղարաբաղ սնունդ և դեղորայք անգամ չի մատակարարվում, միջազգային կառույցների (այդ թվում՝ Եվրամիության կոչերը) Բաքուն անտեսել է․ եթե այս ամենի հիմնական նպատակը Ստեփանակերտին «ինտեգրացիա» պարտադրելն էր, ապա, դատելով Միշելի վերջին հայտարարությունից, այդ նպատակին Ադրբեջանը ավելի է մոտեցել:
«Հասկանալի չէ՝ ինչով էր հանդիպման ժամանակ զբաղված հայկական կողմը, եթե նման ձևակերպումներ են ներառվել հայտարարության վերջնական տեքստի մեջ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման նպատակներից մեկը Ադրբեջանից Ղարաբաղ ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում էր՝ որպես ինտեգրացիայի մեծ օրակարգի մաս։ Այդ օրակարգը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին է փորձում պարտադրել ուժային մեթոդներով, շանտաժով։ Եվ այն, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նարատիվներ է ներառում իր հայտարարության մեջ, անընդունելի է և կարող է նպաստել գետնի վրա իրավիճակի վատթարացմանը, կարող է Ադրբեջանին ավելի ամուր հիմքեր տալ՝ Լաչինի միջանցքի վերաբացման համար գործադրվող ճնշմանը հակադրվելու համար։ Այս առումով խոսքը, իհարկե, հայկական դիվանագիտության ձախողման մասին», – «Էխո Կավկազա»-ի թղթակից Վադիմ Դուբնովի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Հայաստանը, որն արդեն իսկ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, արդյո՞ք իրագործելի ծրագիր ունի՝ եթե ոչ ինտեգրացիոն քաղաքականությունը մերժելու, ապա գոնե Ադրբեջանի հետ տնտեսական և ենթակառուցվածքային կապերի վերականգնումը առկախելու համար։ Այս հարցի պատասխանը չկա։ Հայաստանցի փորձագետների մեծ մասը հավատացած է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Լաչինի միջանցքի անպայման վերագործարկման և Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վրա։ Ինչպե՞ս հասնել այս պայմանների իրագործմանը, եթե Ադրբեջանը դրանք կտրականապես մերժում է, պարզ չէ։ Բավարար միջազգային ճնշում չկա (Բաքուն բարեհաջող կերպով անտեսում է թե՛ կոչերը, թե՛ դատական վճիռները և թե՛ բանաձևերը), ո՛չ հավանական ուժային սցենարների շուրջ բաց խոսակցություն։
Լեռնային Ղարաբաղը արդեն 7 ամիս է՝ փաստացի շրջափակված է։ Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը այլևս չի գործում։ Նույնիսկ եթե միջանցքը ապաշրջափակվի, այն այլևս գտնվելու է ադրբեջանցի սահմանապահների լիակատար վերահսկողության ներքո։
Վերջին մեկ ամսվա ընթացքում դեպի Ղարաբաղ նույնիսկ հումանիտար մատակարարումներն են դադարեցվել։ Սննդի պաշարները արդեն սպառվում են։ Ամիսներ շարունակ ո՛չ գազ է մատակարարվում, ո՛չ էլեկտրաէներգիա։ Ղարաբաղի հայկական հատվածը փաստացի սնուցվում է Սարսանգի ջրամբարից արտադրվող էլեկտրականության հաշվին․ ջրամբարը գրեթե ցամաքել է, և եթե այսպես շարունակվի՝ ձմռանը նաև լուրջ էներգետիկ ճգնաժամ է լինելու։
Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը, կարծես, բանակցություններից հետո վերականգնվել է։
Ղարաբաղում ստեղծված իրավիճակին փորձում են դիմակայել «համաժողովրդական շարժմամբ»։ Վերջին շրջանում տարբեր խմբեր պահանջում էին, որ իշխանությունը կոնկրետ քայլերի դիմի։ Այդ պահանջներին ընդառաջելով՝ Ղարաբաղի կառավարությունը փողոցային ակցիաներ է սկսել։ Ստեփանակերտի կենտրոնում և խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում վրանային ճամբարներ են։
աշխարհաքաղաքական իմպոտենցիա, ձևափոխված ստատուս-քվո
Տիգրան Գրիգորյանը համարում է, որ սա ավելի շուտ հուսահատության ակտ է, քան քաղաքական կոնկրետ ծրագիր․ «Ակցիաների պրակտիկ նշանակությունը, պրակտիկ օգուտը պարզ չէ»։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել այսպես չի լինի, ցուցարարները, հավանաբար, փորձում են գոնե միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել։
Քննադատության հիմնական առարկան Երևանն է և Մոսկվան (Երևանը՝ զիջումների/սխալ արտաքին քաղաքականության/ոչ բավարար ջանքերի և այլն, Մոսկվան՝ ստանձնած պարտականությունները չկատարելու/ անգործության/ ադրբեջանական կողմին անուղղակի սատարելու համար)։
«Խաղաղապահ զորախմբից դժգոհությունը Ղարաբաղում աճում է։ Տեղացիները տեսնում են՝ ինչպես են խաղաղապահները իրենց համար սնունդ մատակարարում օդային ճանապարհով, բայց տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված ակտիվ գործողություններ նրանց կողմից չկան։
Հասկանալի է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական մակարդակում, հազիվ թե խաղաղապահները տեղում միջանցքը բացելու համար ինչ-որ բան կարողանան անել, բայց բնակչության վրա այդ բացասական ազդեցությունները կան և դժգոհությունն աճում է։ Այս գործողություններով, այո, կարելի է ասել՝ փորձ է արվում նաև որոշակի ուղերձ հղել Մոսկվային․ եթե դուք քայլեր չձեռնարկեք, բնակչությունը, որը ավանդապես ռուսամետ է համարվել, ձեզ ընկալելու է որպես շրջափակման մեղսակից», – նշել է Գրիգորյանը։
Բրյուսելյան բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ տարածած հաղորադգրությունը Ստեփանակերտում ներկայացրել են որպես պայքարի առաջին արդյունք։ Չնայած ռուսական կողմի ուղարձները, կարծես, ուղղված են ավելի շուտ Երևանին, քան թե Բաքվին։
Նախաբանում Մոսկվան անուղղակիորեն մեղադրում է Երևանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը նաև Լեռնային Ղարաբաղն է ներառում, ճանաչելու մեջ։ Այս ճանաչումը Արևմուտքը ձևակերպում է որպես բանակցային աննախադեպ առաջընթաց, Ռուսաստանը հայտարարում, թե այն արմատապես փոխել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքերը, և դրան հաջորդած իրադարձությունների մեղքը երրորդ երկրի վրա բարդելու փորձեր այլևս չպետք է լինեն։
«Սա, իհարկե, բավականին թույլ արդարացում է սեփական աշխարհաքաղաքական իմպոտենտության համար՝ Մոսկվայի ազդեցությունը տեղում նվազել է, շահերը փոխվել են, այժմ փորձ է արվում պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա», – մեկնաբանել է Գրիգորյանը։
Ամիսներ առաջ Ռուսաստանը խաղաղության պայմանագրի սեփական նախագիծն էր ներկայացրել, հիմքում Ղարաբաղի կարգավիճակն ապագային թողնելու առաջարկն էր։ Հայաստանը սրան միանգամայն աջակցել էր, Ադրբեջանը՝ կտրականապես մերժել։ Հետագայում այս առաջարկը, ըստ էության, բանակցային հիմք անգամ չի դարձել։
Հայաստանցի քաղաքագետի համոզմամբ, Մոսկվայի ռազմավարական նպատակները, ամեն դեպքում, չեն փոխվել․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցի քաղաքական լուծմամբ։ Ռուսաստանում ռազմավարական նպատակ է մնում ստատուս-քվոյի պահպանումը, չնայած, ինչպես տեսնում ենք, այդ ստատուս-քվոն վերջին ամիսներին արդեն իսկ բավականաչափ փոխվել է»։
«Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մյուս հատվածները ինձ համար ավելի հետաքրքիր էին։ Խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային հանրության՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը ուղղված ջանքերին։ Եթե սա համեմանտենք հայտարարությունների հետ, որոնք մի քանի շաբաթ առաջ են արվել, երբ, օրինակ, ամերիկյան կողմը փորձում էր երրորդ երկրում կազմակերպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը, ապա այն ժամանակ Մոսկվան խոսում էր Լեռնային Ղարաբաղում արևմտյան ինչ-որ բացասական ազդեցության մասին՝ համարյա թե, որ ամերիկյան կողմը շանտաժի է ենթարկում Ստեփանակերտին, որպեսզի ստիպի մասնակցել այդ բանակցություններին։ Այժմ խոսվում է արդեն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել միջազգային համայնքի ջանքերին։
Կարելի է ենթադրել, որ միջնորդների միջև, այնուամենայնիվ, ինչ-որ կուլիսային երկխոսություն կա, հատկապես Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այսինքն կա ինչ-որ նվազագույն փոխըմբռնում և դիրքորոշումների նվազագույն ընդհանրություն», – նույն աղբյուրի հետ զրույցում նշել է հայաստանցի քաղաքագետը։
Ռուսական կողմի հայտարարության վերջին պարբերությունն էլ նվիրված է Ադրբեջանին․ նկարագրելով Ղարաբաղում ստեղծված հումանիտար վիճակը, Մոսկվան պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
Ադրբեջանը անմիջապես արձագանքել է հայտարարությունը՝ հայտարարելով, թե այն «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։
«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության («Ղարաբաղի շրջանը» ներառյալ) ելույթներին։ Անընդունելի է ՌԴ ԱԳՆ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», – գրել է պաշտոնական Բաքուն։
ի՞նչ անել․ առաջարկներ Ղարաբաղից
Չնայած Ղարաբաղի իշխանության և ընդդիմադիր մի քանի խմբերի նախաձեռնած բողոքի ցույցերը «համաժողովրդական շարժում են» ներկայացնում, քաղաքական տարաձայնությունները չճանաչված հանրապետությունում վերջին ամիսներին իրապես սրվել են։
Գործող նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ընդդիմությունը մերժում է թե՛ Բաքվի հետ չմիջնորդավորված բանակցությունների առաջարկը, թե՛ ինտեգրացիոն օրակարգը։ Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, մինչ այդ, պնդում է, որ իշխանությունը խուսափում է իրականությանն առերեսվելուց և պատասխանատվություն ստանձնելուց՝ նախընտրելով հայրենասիրական ճառեր ասել և ոչինչ չանել։ Նա առաջարկում է գնալ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների, փորձել փոխվստահության մթնոլորտ հաստատել և ուղիղ քննարկել ծագած հարցերը։
Սամվել Բաբայանի աջակիցները, դատելով սոցցանցային գրառումներից, «համաժողովրդական շարժմանը» չեն միացել․ պետական պաշտոնյաներին նրանք քննադատում են ցուցադրական ակտիվիստություն անելու և պետությունը վերջնականապես ապամոնտաժելու մեջ։
Շարժմանը միացած արտախորհրդարանական ընդդիմադիր խմբերից որոշները՝ Արցախի հեղափոխական կուսակցությունը, Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը և այլն, իշխանություններին այժմ մեղադրում են ցույցերը լճացնելու մեջ։
Նրանք առաջարկում են շրջափակել ռուսական զորախմբի օդանավակայանը, որով խաղաղապահները սնունդ են մատակարարում իրենց իրենց համար, և խաղաղ ցույցով շարժվել դեպի Հակարիի կամուրջ՝ ադրբեջանական անցակետ։ Այս պահանջներին շարժման պաշտոնական հարթակը հրապարակավ չի արձագանքում։