Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանների հուղարկավորությունից հետո տասնյակ մարդիկ Ստեփանակերտից շարժվել են Խոջալուի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնական տեղակայման վայր։ Զորախմբի հրամանատարությունից նրանք կրկին պահանջում են կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացել արդեն մոտ երեք ամիս շրջափակված Լաչինի միջանցքը և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։
Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ՝ «Որտեղ դուք եք, այնտեղ խաղաղությո՞ւն է», «Ալիևը ահաբեկիչ է», «Մեր բոլոր իրավունքները խախտված են», «Մենք իրական խաղաղապահների կարիք ունենք» պաստառներով, փակել էին խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքը։ Նրանք հանդիպում էին պահանջում հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Ցուցարարների մոտ այդպես էլ ոչ ոք չիջավ։
Ակցիայի մասնակիցներից մեկը իր ավտոմեքենայով փակել էր դեպի խաղաղապահ զորախմբի ավտոպարկ տանող ճանապարհը։ Ռուսական բեռնատարի մուտքը արգելափակվել էր։
Նրա հետ «բանակցելու» էին իջել խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հիմնականում՝ սերժանտներ։
(խոսում էին ռուսերեն)
Խաղաղապահ․ — Դուք այստեղ ոչնչի չես հասնի, դու հասկանո՞ւմ ես դա։
Արցախցի․ — Դու լավ ես խոսում, շատ լավ ես խոսում։ Կարո՞ղ ես այսպես նաև Շուշիում խոսել, որ նրանք այնտեղից հեռանան։ Մի կպի ինձ, ձեռքով մի կպի։
Խաղաղապահ․ — Սպասի, ուզում է՝ ադրբեջանցիներ լինեն․․․
Արցախցի․ — Կարո՞ղ ես Շուշիում այսպես խոսել։ Ոնց տեսնում եմ, դուխավիկ ես։ Ես էլ եմ դուխավիկ։ Արի իրար հետ՝ ես ու դու, գնանք, բարձրանանք Շուշի․․․
Խաղաղապահ․ — Ուզում ես՝ ադրբեջանցու կանչի, ուզում ես՝ հայի, ես ցանկացածի հետ էլ էսպես եմ խոսելու։ Ինձ համար այստեղ ընդհանրապես տարբերություն չկա։ Հասկանո՞ւմ ես։ Ես պետք է գնամ, պետք է անցնեմ էստեղով։ Էն, որ դուք էստեղ մեքենա եք կանգնեցրել, ոչ մի բան չի փոխելու։ Նույնիսկ եթե 500 մարդ ստեղ հավաքեք, նրանց էլ եմ նույնը ասելու։ Ինձ մեկ է։ Ինչ-որ բան եք ուզում իմանալ՝ գնացեք հրամանատարության մոտ։ Նրանից, որ դու վարորդի ես կանգնացրել, ոչինչ չես ստանալու։ Ի՞նչ է՝ ուզում եք այստեղ ամբոխ հավաքել ու մեզ վախեցնե՞լ։ Դուք ինձ չեք վախեցնի։ Ինչի՞ եք էստեղ մեքենաներ կանգնեցրել։ Ձեռքով ինձ մի կպի։
Արցախցի․ — Վե՞րջ։ Մի րոպե, թող ոչ ոք չխառնվի։ Ստեղ ոչ մեկ ոչ մեկի․․․ Ուղակի խոսում ենք, հարազատս։ Տեսնում եմ՝ դու դուխով ես․․․
Խաղաղապահ․ — Ես միշտ էլ դուխով եմ։
Արցախցի․ — Արի իրար հետ հենց հիմա իմ մեքենայով բարձրանանք Շուշի, ու ոնց որ հիմա մեզ հետ ես խոսում՝ այ տենց էլ խոսի էն պիդառասների հետ, որ ռադները քաշեն էնտեղից ու բացեն ճանապարհը։
Խաղաղապահ․ — Սպասի, սպասի․․․ Մենք չպետք է էնտեղից․․․ Էնտեղ նենց իրավիճակ է․․․
Արցախցի․ — Մենք չենք եկել ձեզ ասելու, թե գնացեք էստեղից։ Մենք եկել ենք այստեղ՝ ձեզ ասելու, աղաչելու, խնդրելու, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, որ անեք էն, ինչ պարտավոր եք անել։
Խաղաղապահ․ — Պարտականություննե՞րը։ Ես ամեն օր գնում եմ, ձեզ համար սնունդ եմ բերում, ձեր քաղաքների բնակչության, բոլորի համար․․․
Արցախցի․ — Փող ես աշխատում։ Ինչքա՞ն։ Մի տոննայի համար 400 հազա՞ր։
Խաղաղապահ․ — Ես փող չեմ աշխատում։
Արցախցի․ — Մենք ամեն ինչ էլ գիտենք․․․
Խաղաղապահ․ — Լսի, ես փող չեմ աշխատում։ Էն, որ ձեզ էստեղ չեն թողնում, իմ պրոբլեմը չի։ Ես սերժանտ եմ, արա։ Գնա հրամանատարի մոտ, ասելիք ունես՝ իրան ասա։
Արցախցի․ — Բա հենց դրա համար ենք փակել, որ ձեր հրամանատարը գա։ Փակել ենք էս ճամփեն, որ ձեր հրամանատարը դուրս գա։
Խաղաղապահ․ — Դու իմ վրա կամեռա ես պահում, յութուբ ես դնելու․․․ Թքած ունեմ․․․
Մեկ այլ խաղաղաապահ դիմում է արցախցի տղամարդում․ — Մեքենա՞նք կարող եք հեռացնել այստեղից։
Տղամարդը պատասխանում է, որ քանի դեռ հրամանատարությունից ոչ ոք չի եկել, մեքենան չի հեռացնելու։
Խոսակցությանը միջամտում է խաղաղապահ զորախմբի մեկ այլ զինծառայող։
Խաղաղապահ (գոռում է)․ — [Հրամանատարը] էստեղ չի։
Արցախցի․ — Բա որտե՞ղ է։
Խաղաղապահ․ — Խմբավորումում է։ Իսկ այստեղ պարկ է՝ ավտոպարկ։ Դու զինվորական տղա ես, չէ՞, էտքանը չես հասկանո՞ւմ։
Արցախցի․ — Ուրեմն կանչեք, թող գա ստեղ։
Խաղաղապահ․ — Դու ծառայա՞ծ ես։
Արցախցի․ — Ծառայած եմ, կռվի էլ եմ մասնակցել։
Խաղաղապահ․ — Չես հասկանո՞ւմ, որ սա ավտոպարկ ա։ Է ես էլ եմ կռվի մասնակցել։ Հետո ի՞նչ։
Արցախցի․ — Որտե՞ղ ես կռվել։
Խաղաղապահ․ — Ուկրաինայում։ Մի ամբողջ տարի։ ․․․Փետրվարի 24-ին մտել եմ Խերսոն, պա՞րզ է․․․
Արցախցի․ — Կռվել ես․․․ Իսկ հիմա չգիտե՞ս, որ մենք բլոկադայի մեջ ենք։ ․․․Գնա, ճանապարհը բացի։
Խաղաղապահ․ — Արա, ո՞նց ես կարող եմ գնալ։ Ես ո՞վ եմ որ։
Արցախցի․ — Այ, ոնց որ իմ հետ ես խոսում, գնա, էնտեղ էսպես խոսա, թող ճանապարհը բացեն։
Խաղաղապահ․ — Իմ ոչ պաշտոնը, ոչ էլ կոչումը թույլ չեն տալիս նրանց հետ էսպես խոսել․․․ Ձեզ թվում է՝ մենք մա՞րդ չենք, մենք չենք հասկանո՞ւմ․․․
Ակցիայի մյուս մասնակիցները գլխավոր մուտքի մոտ էին։
«Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ադրբեջանի դիվերսիայի արդյունքում մեր երեք քաղաքացիներ սպանվեցին։ Ես, որպես Արցախի քաղաքացի, մտածում եմ, որ հաջորդը կարող եմ ես լինել։ Ռուս խաղաղապահներից մենք պահանջում ենք կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։ Եթե չեք կարողանում կատարել՝ կան միջազգային այլ խաղաղապահ ուժեր, դիմեք նրանց, որ իրենք գան կատարեն, ապահովեն խաղաղությունը։ Բայց դուք եք այստեղ, և դուք պետք է ապահովեք մեր անվտանգությունը, որովհետև դուք եք դա մեզ խոստացել», – ուղիղ եթերով ասում էր ստեփանակերտցի Դավիթ Ղահրամյանը։
Ավելի վաղ նա հայտարարություն էր հրապարակել․ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների պայմանագրի պարտավորությունները չկատարելը մեզ՝ արցախցիներիս, այլևս ստիպում է չլռել և ներկայացնել մեր պահանջները։ 2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է՝ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը»։
տե՛ս
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին