Home / Ապատեղեկատվություն / Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

Վաշինգտոնը գնահատում է Հայաստանի վարչապետի խաղաղարարությունը և ողջունում Ադրբեջանի նախագահի սպառնալիքները։

Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ բանակցությունների նախաշեմին Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը գրավոր հայտարարություն է տարածել՝ ողջունելով «եվրոպացի գործընկերների հետ» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գալիք հանդիպումը։

«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։

Մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ», – ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Մայիսի 28-ին Լաչինում ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահը սպառնացել էր՝ «Ղարաբաղի շրջանի» հայերը պետք է ենթարկվեն Ադրբեջանի վարչակազմին, պետք է դառնան Ադրբեջանի կառավարությանը «լոյալ քաղաքացիներ», ղարաբաղյան կառույցները պետք է լուծարվեն, Ղարաբաղի նախագահը պետք է «հանձնվի» (մեջբերում․ «միայն այդ դեպքում նրանց համար կարող են զիջումներ արվել, միայն այդ դեպքում է հնարավոր խոսել համաներման մասին»), հակառակ դեպքում Ադրբեջանի նոր [ռազմական] «օպերացիա» կսկսի։ Ալիևը պահանջներ էր ներկայացրել նաև Երևանին՝ շեշտելով՝ «չպետք է մոռանաք, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը գրավոր հայտարարությամբ (ստորագրված Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի անունով) ողջունել է Ադրբեջանի նախագահի այս վերջնագիրը և, միևնույն ժամանակ, հավելել․ «Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականությանը, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

«Պատկերացնու՞մ եք՝ Լավրովի կանտոռան արած լիներ էդ աննասուն հայտարարությունը՝ Պետդեպի փոխարեն. ինչ զայրույթի ալիք հիմա բարձրացած կլիներ (ու արդարացիորեն) Երևանում», – ֆեյսբուքում գրել է պատմաբան Արամ Գասպարյանը։

Փորձագետ Սոսի Թաթիկյանն էլ բաց նամակով դիմել է Երևանում ԱՄՆ դեսպանությանը․

«Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ երեկ երեկոյան Պետդեպարտամենտի արած հայտարարությունը հավանաբար ամենավատ հայտարարությունն է, որը ես տեսել եմ միջազգային հարաբերություններում իմ քառորդ դարի կրթության և աշխատանքային փորձի ընթացքում։ Այն բացահայտում է հակամարտության և դրա զգայունության, նրա պատմության, ժամանակակից դինամիկայի և զարգացող վտանգների ըմբռնման բացարձակ բացակայությունը: Ըստ էության, դա կարելի է համարել էթնիկ զտումների կոչ։

Այն նաև երկակի ստանդարտների կիրառման վատթարագույն դրսևորում է՝ զուգորդված նույն ժամին արված և բոլորովին այլ չափանիշների վրա հիմնված հայտարարության հետ Կոսովոյի զարգացումների վերաբերյալ։ Արդյոք չկա՞ կարմիր առաստաղ երկակի ստանդարտների թույլատրելի սահմանի համար․․․»։

Պետդեպի հայտարարությանը արձագանքել է նաև պաշտոնական Երևանը․ «․․․Կարծում  ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։