Իլհամ Ալիևը Ղարաբաղի հայերից պահանջել է «լուծարել անջատողական կռույցները» և «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Այս պահանջները կատարելու դեպքում «ապօրինի կազմավորումների պաշտոնատար անձինք» կարող են համաներման հույն ունենալ՝ հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը այսօր Լաչիում էր՝ մասնակցում էր միջոցառումների, ելույթներ ունենում, բանալիներ նվիրում Լաչինի նոր բնակիչներին, մեկնարկում անցյալ տարվանից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած քաղաքի առաջին բազմահարկ թաղամասի և երկու թանգարանների շինարարությունը։
Մինչ այս նա պարբերաբար վերջնագրեր էր ներկայացնում Ղարաբաղի հայերին՝ «կամ ընդունեք Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ հեռացեք»։ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Ալիևն առաջին անգամ դիմել է հենց ղարաբաղյան պաշտոնյաներին՝ ակնարկելով հավանական հետապնդումների մասին և հատուկ շեշտելով Ղարաբաղից ելքի միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի նկատմամբ Բաքվի վերահսկողությունը։
տե՛ս Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ
Ղարաբաղյան շրջանում ապրող հայերը պետք է դասեր քաղեն ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Անցակետը, ըստ նրա, թույլ է տվել ամբողջական վերահսկողության տակ առնել Հայաստանից Ղարաբաղ և Ղարաբաղից Հայաստան տեղաշարժը։
տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք» ղարաբաղցիները կանչում են փողոց
«Ցավոք, նրանք [ղարաբաղյան հայերը] այսօր էլ հույս ունեն, որ ինչ-ոև մեկը կփրկի իրենց, ինչ-որ մեկը Ադրբեջանի դեմ պատերազմ կմղի։ Սա ցնորք է։ ․․․Եթե նույնիսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ոչ ոք չհամարձակվեց կողքից միջամտել, այսօր, երբ մենք կրկին մեր հողերի տերն ենք դարձել, ոչ ոք չի գալու և չի սկսելու նրանց փոխարեն կռվել», – Ալիևի խոսքերը մեջբերել է «Թուրան» գործակալությունը։
«Միացման» գաղափարը, ըստ նրա, տապալվել է, «անկախության երազանքները գնացել են այն նույն տեղը, ուր կարգավիճակը»։ Ալիևը շեշտել է՝ ղարաբաղյան հայերը մեկ ճանապարհ ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ նորմալ, լոյալ քաղաքացիներ, աղբանոցը նետել իրենց կեղծ պետական ատրիբուտները և լուծարել խորհրդարանը»։
Սպառնալով (ենթադրաբար՝ ռազմական) օպերացիայով՝ նա մի շարք պահանջներ է ներկայացրել ղարաբաղյան պետպաշտոնյաներին․
«Բոլորը գիտեն, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ այդ շրջանում ցանկացած օպերացիա անելու համար։ Ուստի՝ [Ղարաբաղի] խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող էլեմենտը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են զիջումներ արվել, միայն այդ դեպքում է հնարավոր խոսել համաներման մասին», – հայտարարել է Ալիևը։
Այնուհետև նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի, և հավելել՝ Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը՝ համաձայնագրի ստորագրման համար «լուրջ խոչընդոտներ չկան»։
Որպես խաղաղության պայմանագրի նախապայման Ալիևը նշել է ադրբեջանական պայմաններով սահմանազատումը, դեպի Նախիջևան ճանապարհի վերագործարկումը և Ղարաբաղից զինված խմբավորումների դուրսբերումը։
Ավելի վաղ Երևանից տեղեկացրել էին՝ հիմնական խոչընդոտները, որոնք արգելակում են հաշտեցման համաձայնագրի շուրջ բանակցություններում էական առաջխաղացումը, վերաբերում են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափին (Երևանը միջազգային տեսանելի ներգրավվածություն է անկնալում, Բաքուն՝ մերժում է), սահմաններին (դելիմիտացիա, անկլավներ, զորքերի հետքաշում) և խաղաղության երաշխավորման մեխանիզմներին։ Ապաշրջափակման շուրջ բանակցություններում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, որոշակի առաջընթաց կա։