Բրյուսելում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների հանդիպումը։
2 ժամ 45 րոպե տևած բանակցությունները ամփոփվել են Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Շառլ Միշելը քննարկել են «Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին», սահմանազատմանը, ապաշրջափակմանը, խաղաղության պայմանագրին, Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, գերիներին, անհայտ կորածներին և հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։
Քիչ առաջ հրապարակվել է նաև Եվրոպական խորհրդի հետբանակցային մեկնաբանությունը․
«Ես ընդգծել եմ, որ անհրաժեշտ է բացել Լաչինի ճանապարհը, նաև ընդգծել եմ Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում և կոչ եմ անում երկու կողմին էլ իրականացնել հումանիտար մատակարարումներ, որպեսզի տեղի բնակչության կարիքները բավարարվեն»։
Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանը արգելել է Լաչինի միջանցքով նույնիսկ հումանիտար բեռների տեղափոխությունը։ Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։ Բլոկադայի նախորդ կես տարվա ընթացքում առաջնային անհրաժեշտության ապրանքները մատակարարվում էին ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մեքենանորով, այժմ նաև դրանց տարանցումն է արգելված։ Խաղաղապահների համար սնունդ են ներկրում ուղղաթիռներով, Ղարաբաղի բնակչությունը մատակարարումներից զրկված է։
Երեկվանից Ղարաբաղում զանգվածային բողոքի ցույցեր են՝ ցուցարարները, որոնց թվում են նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Ադրբեջանից պահանջում են բացել միջանցքը, Ռուսաստանից՝ ապահովել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտականությունները։ Ստեփանակերտի հրապարակում և խաղաղապահների բազայի մոտ վրանային ճամբարներ են ձևավորվել։
Բաքուն Ղարաբաղում ապրող հայերին երեկ առաջարկել է Լաչինի միջանցքին որպես այլընտրանք օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ Ադրբեջանից բերել։
Առաջարկին հայկական կողմը դեռ չի արձագանքել։ Շառլ Միշելի հայտարարությունը, ըստ էության, սրա վերահաստատում է։
Եվրախորհրդարանի նախագահն այսօր հավելել է՝ «ԵՄ-ն կարևոր է համարում Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև ուղիղ երկխոսության հաստատումը»։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ըստ նրա, արդեն ամենավճռական փուլում են․ «Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600․ առաջնորդներն հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին»: Կողմերը, ըստ նրա, հստակ առաջընթաց են գրանցել սահմանազատման և ապաշրջափակման հարցերում․ «Ապագա տրանսպորտային համաձայնագրերը կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները», «երկաթգծի շինարարության համար ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել»․․․
Գերիների և պահվող անձանց մասին խոսելիս՝ Միշելը, ինչպես և նախորդ անգամ, օգտագործել է հետևյալ ձևակերպումը․ «Այն զինվորները, որոնք պատահաբար են հատել սահմանը, նրանց հարցը պետք է լուծվի»։
Խոսում է Մոսկվան
Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան բանակցություններից կես ժամ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն մի հայտարարություն է տարածել:
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ «այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դրվի երրորդ երկրների վրա»։
Մինչ արևմտյան միջնորդները ողջունում են բանակցային առաջընթացը (միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային հանրապետություններից ժառանգված սահմաններով ճանաչելու պատրաստակամությունը), Մոսկվան այն մեկնաբանում է որպես հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ համաձայնագրերի հիմքերի փոփոխում և շարունակում․
«Անհրաժեշտ է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա․․․ [այդ փաստաթղթի] անբաժանելի մասը պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանագրերի ամբողջ փաթեթի անշեղ իրագործումը»։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ հայտարարել է, թե մտադրված է ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերին, և ահազանգել՝ «այսօր իրավիճակը ԼՂ-ի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։
«Պատրաստ ենք առաջիկայում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպել․․․, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողով Մոսկվայում․․․», – հավելել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:
Դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ Մոսկվան «խստորեն կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով վերսկսելու, ինչպես նաև էներգակիրներ մատակարարելու տարածաշրջանին»։
Հայտարարությունը հրապարակվել է Ղարաբաղում նախօրեին մեկնարկած «համաժողովրդական պայքարի» ֆոնին՝ բողոքի ցույցեր, որոնք նախաձեռնվել են իշխանության ներկայացուցիչների կողմից և որոնց միացել են ընդդիմադիր խմբերից առնվազն մի քանիսը։ Ցուցարարները երեկ վրաններ են տեղադրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների բազայի մոտակայքում։ Քիչ առաջ մեկնարկել է երկրորդ օրվա ամփոփիչ հանրահավաքը։ Նախաձեռնողները (Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյան և այլն) հայտարարում են՝ պայքարը անժամկետ է լինելու։
Երկխոսությունը չի կայանում
Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների եռակողմ բանակցություններին նախորդել են Միշել-Ալիև և Միշել-Փաշինյան երկկողմ քննարկումները։ Հայաստանի վարչապետը Եվրախորհրդի ղեկավարին է փոխանցել Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։
Վերջին անգամ այս ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին երկու ամիս առաջ։ Շառլ Միշելն այն ժամանակ հորդորել էր «Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ երաշխավորելու համար Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ» և բարձրացրել «Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին»։
Մինչ ղարաբաղյան ու հայաստանյան կողմերը խոսում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային ձևաչափի մասին, Ադրբեջանը պնդում է, որ Ղարաբաղի հայերի հարցը իրենց ներքին հարցն է, որի լուծմանը երրորդ երկները միջամտել կամ միջնորդել չեն կարող։ Իլհամ Ալիևը զուգահեռաբար հայտարարում է, թե Ղարաբաղի հայերը հավելյալ անվտանգության ու իրավունքների կարիք չունեն, նրանք կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն և ապրեն Ադրբեջանի օրենսդրության ներքո, կա՛մ հեռանան։
Չմիջնորդավորված բանակցություններից պաշտոնական Ղարաբաղի գործող նախագահի թիմը (և Ղարաբաղի նախկին նախագահների առաջնորդած ընդդիմությունը) հրաժարվում է։ Այս մոտեցումը քննադատում է Ղարաբաղի ՊՆ նախկին ղեկավար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։