Երրորդ երկրի տարածքում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հնարավորությունից ղարաբաղյան կողմը անցյալ ամիս հրաժարվել է՝ հիմնավորմամբ, որ օրակարգում Ադրբեջանի պարտադրած հարցերն են։
Կիրակի օրը այս մասին անկարկել էր Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» ղարաբաղյան կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որը գործող նախագահին և նախկին նախագահներին մեղադրում էր պատասխանատվությունից խուսափելու մեջ։
Տեղեկությունն այսօր հաստատել է նաև Ղարաբաղի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Այդպիսի առաջարկ եղել է՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն Ամերիկայի միջնորդությամբ», – «Ազատությանը» պատմել է Հարությունյանը։ Օրակարգում, ըստ նրա, Ադրբեջանի կողմից պարտադրված հարցեր էին, որոնք վերաբերում են «իրենց ասածով՝ ինտեգրացիոն այդ գործընթացին»։
Հանդիպումը պետք է տեղի ունենար ամերիկյան կողմի միջնորդությամբ (բայց ոչ մասնակցությամբ)։ Այն չի կայացել Ստեփանակերտի մտավախությունների պատճառով։
Հարությունյանը հիշեցնել է վերջին անգամ՝ մարտին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման մասին, որը նա անարդյունավետ է գնահատել․ «Փորձեցին ներկայացնել, որ քննարկում է եղել ինտեգրացիոն պրոցեսների շուրջ, բայց այդ հանդիպման ժամանակ որևէ նման հարց մեր կողմից չի քննարկվել, մեր օրակարգը այդ հանդիպմանը եղել է ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը»:
տե՛ս Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար
Ղարաբաղի իշխանությունները արդեն ամիսներ շարունակ հայտարարում են, թե վերաինտեգրմանը առնչվող հարցեր քննարկել չեն ուզում։
տե՛ս «Սադրանքները կրկնվելու են»․ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին
Քանի որ հանդիպման՝ Բաքվի կողմից առաջարկված օրակարգը «ինտեգրացիոն էր», Ստեփանակերտը բանակցություններից հրաժարվել է․ «Չէր լինելու այդ ակնկալվող արդյունքը, դրա համար այդ հանդիպումը տեղի չունեցավ»:
Երևանն արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրման համար անհրաժեշտ է Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով երկխոսություն սկսել։ Հայկական կողմերը բանակցությունների համար միջազգային մեխանիզմ են պահանջում։ Ադրբեջանը երրորդ երկրների ներգրավվածությունը համարում է միջամտություն իր «ներքին գործերին» և կտրականապես մերժում այդ առաջարկը՝ դիտարկելով բանակցությունների միայն չմիջնորդավորված ձևաչափը։
Հարցը քննարկվում է նաև վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում՝ առանց տեսանելի «փոխըմբռնման առաջընթացի»։
տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
ԼՂ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը այժմ հավաստիացնում է՝ «մենք, իհարկե, կողմ ենք անմիջապես Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը», բայց ոչ թե «պարտադրանքի, ճնշման կամ նախապայմանների, այլ՝ իրավահավասարության» հիմքով։
Մոտավորապես նույն միտքն է շրջանառվում նաև նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական հայտարարություններում և ընդդիմության (նախկին նախագահներ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան և նախկին ռուսաստանցի օլիգարխ Ռուբեն Վարդանյան) հարթակներում։
Այս մոտեցումը քննադատում է «Միասնակ հայրենիք» (Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ ուժն է) կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան իշխանությունները ստեղծված պայմաններում պետք է պատասխանատվություն ստանձնեն, ինտենսիվ և ուղիղ բանակցությունների միջոցով փորձեն լուծել հասարակ խնդիրները և փոխվստահություն ձևավորել․ «Խուսափելով պատասխանատվությունից՝ պահանջ են դնում։ Դու էլ գիտես, որ դա չի լինելու, ինքն էլ։ Բայց դու մոռանում ես, որ 120 հազար մարդու համար պատասխանատու ես ներկա վիճակում, և պետք է խնդիրները լուծես։ Լավ, ի՞նչ եք անում, պատերազմ եք անո՞ւմ, թե՞ քաղաքական լուծման եք գնում։ Ես ասում եմ՝ քաղաքական լուծումը սա՛ է»։
մինչև Ադրբեջանը չպուպուշանա
«Իսկ ի՞նչ են մտածում Արցախի իշխանությունները։ Հասկանալի է, Հայաստանը պետք է մաքսիմալ աջակցի, որ Արցախի հայերի իրավունքները պաշտպանվեն։ Բայց ո՞րն է դա անելու Ստեփանակերտի պատկերացումը։ Բացի անիրատեսական ու գիտաֆանտաստիկ մոտեցումներից, ի՞նչ լուծում են տեսնում պաշտոնական Ստեփանակերտում։ Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ իրենց ժողովուրդը իրենց ընտրել է, որ ոչ թե ընդդիմադիր կեցվածքով «ուռա-հայրենասիրություն» գոռան, այլ որ իրապես քայլեր ձեռնարկեն սեփական քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Եվ իրենք պետք է սեփական ժողովրդի հետ իրատեսական հնարավորությունների մասին ազնիվ խոսակցություն ունենան», – օրեր առաջ գրել էր իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Անցյալ ամիս ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, թե «ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»։
Ստեփանակերտն իսկույն հերքել էր այս տեղեկությունները, ընդ որում՝ հունիսի 16-ին հրապարակված հերքման տեքստը նմանվում էր առկա պայմաններով բանակցություններից հրաժարվելու հրապարակային հայտարարության։
«․․․Արցախի ԱԳՆ-ն, ըստ էության, ասում է, որ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չվերականգնվի կամ Ադրբեջանը «պուպուշ» չդառնա, Ստեփանակերտը Բաքվի հետ չի բանակցի: Եթե հաշվի առնենք, որ Փոքր Մհերը Ագռավաքարից ավելի շուտ դուրս կգա, քան Մինսկի խումբը կվերականգնվի կամ Ադրբեջանը կսիրի հայերին, ապա Արցախի ԱԳՆ-ի՝ հունիսի 16-ի հայտարարությունը այն մասին է, որ Արցախը հրաժարվում է տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ բանակցելուց: Ինչ խոսք, շատ հեշտ է ասել «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»: Բա հետո՞», – հարցրել էր Իոաննիսյանը:
Դատելով ռուսական կողմի արձագանքից՝ Մոսվան այդքան չի ողջունում ուղիղ բանակցությունների հեռանկարը, բայց արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերը միջամտելու են, թե ղարաբաղ-ադրբեջանական սահմանին կրակոցները վերածվեն ավելի մասշտաբային էսկալացիայի․ «Եթե չկա բանակցություն և չկա խաղաղություն պարտադրող ուժ կամ մեխանիզմ, պատերազմը անխուսափելի է»
Ավելին՝ Ստեփանակերտը ոչ միայն հրաժարվում է առկա պայմաններով բանակցություններից, այլև ի դեմս խորհրդարանի ակնկալում է, որ դրանցից կհրաժարվի նաև Երևանը։
Հունիսի 29-ին, արձագանքելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական արյունալի միջադեպին, Ղարաբաղի ԱԺ-ն համատեղ հայտարարություն էր տարածել և պահանջել, որ Հայաստանը «անհապաղ դադարեցնի» Վաշինգտնում ընթացող բանակցությունները։
Թե՞ ինչ է բանակցություններից հրաժարվելը տալու հայկական կողմին՝ պարզ չէ։ Ինչպե՞ս է Երևանը և Ստեփանակերտը դիմակայելու արտաբանակցային լուծումներին՝ ղարաբաղյան իշխանությունները չեն բացատրում։