Լաչինի միջանցքը փակած ադրբեջանական զրահամեքենաներին փոխարինել է բետոնե արգելապատնեշը․ հունիսի 15-ից ի վեր ճանապարհը ամբողջությամբ շրջափակված է։ Խաղաղապահների բեռնատարներն անգամ չեն անցնում։ Ադրբեջանցի սահմանապահները արգելում են նաև Կարմիր Խաչի մեքենաների տեղաշարժը։
Ղարաբաղի հայկական հատվածում պաշարված մարդիկ ո՛չ գազ ունեն, ո՛չ լույս։ Շուտով նաև սնունդն ու դեղերը կսպառվեն։ Տարածքը լքելու հնարավորությունից զրկվել են նույնիսկ ծանր հիվանդները՝ տասնյակ մարդիկ, որ սպասում են Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվելու անորոշ հեռանկարին։
տե՛ս Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել
Մինչ այդ Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկում՝ սպառնալով՝ «մեր ներքին գործերին չմիջամտե՛ք», «ճանաչե՛ք մեր տարածքային ամբողջականությունը գործո՛վ», հակառակ դեպքում «մեր քայլերը կլինեն համարժեք»։
երաշխիքներ չեն լինի
Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կայանալիք բանակցություններին ընդառաջ պաշտոնական Բաքուն կրկին հայտարարել է, թե մերժում է Ղարաբաղի հայերին անվտանգության հավելյալ երաշիքներ տրամադրելու Երևանի պահանջը։
«Նրանք բավարար չափով արդեն պաշտպանված են»,- Reuters-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մինչ Հայաստանը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար տեսանելի միջազգային ձևաչափ է պահանջում, Բայրամովը հայտարարում է, թե Երևանը նման պահանջներ առաջ քաշելու իրավունք առհասարակ չունի․ «Դա մեր ներքին հարցն է»։
տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
Ադրբեջանի գլխավոր դիվանագետը, միևնույն ժամանակ, հայտարարում է, թե Ղարաբաղի հայերը կարող են մշակութային ինքնավարության հույս ունենալ․ «Նրանք կարող են շարունակել խոսել ու կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն Ադրբեջանի հասարակությանն ու պետական կառույցներին, ինչպես մեր երկրի մյուս էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները»։
Ալիևը պահանջներ է առաջ քաշում
Վաշինգտոնյան բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ արտահայտվել է նաև Իլհամ Ալիևը։ Հայերին նա «թշնամի» է անվանել և նորից սպառնացել ռազմական ուժի ցուցադրմամբ։
Խաղաղության պայմանագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմական իրողությունները՝ դիմելով ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին, ասել է երկրի նախագահը։ Ալիևը հիշեցրել է ադրբեջանական բանակի անօդաչու թռչող սարքերի, որոնց թիվը այս ընթացքում շատացել է, և «կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների մատակարարման» մասին։
Սպառազինության շուրջ խոսակցությունը ամփոփվել է այսպես՝ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, Հարավային Կովկասում կլինի տևական խաղաղություն, եթե չստորագրվի՝ չի լինի․ «Հայաստանն անցած տարի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անցած ամիս նաև հստակ նշելով դրա պարամետրերը։ Դա դրական քայլ էր։ Բայց այդ հայտարարությունները պետք է ամրագրվեն թղթի վրա, և Հայաստանն այն պետք է ստորագրի»։
Բաքվի օրակարգում են նաև «Զանգեզուրի միջանցք» բացելու, Ղարաբաղից հայկական բոլոր զինված ուժերը դուրս բերելու պահանջները՝ հավելել է Իլհամ Ալիևը և սպառնացել՝ «Հայաստանի հետ սահմանի երկայնքով բոլոր բարձունքները գտնվում են ադրբեջանական ուժերի հսկողության ներքո»։
տե՛ս Հակապատերազմական նախաձեռնություններին արդեն առանձնապես չեմ հավատում․ մեկնաբանություններ Ադրբեջանից
Ադրբեջանի գերխնդիրը, ըստ նրա, արդեն միայն Ղարաբաղը չէ, այլև «Արևելյան Զանգեզուրը» (պատերազմից հետո շրջանառության մեջ դրված այս տերմինով Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի Սյունիքի մարզի մասին)։
Մինսկի խումբը հնանոցում է․ Բաքուն սպառնում է նաև եվրոպացի պաշտոնյաներին
Մինսկի խումբը, որը «ժամանակին փորձում էր հավերժացնել հայկական օկուպացիան», ուժերը, որ «ժամանակին հատուկ կարգավիճակ էին պահանջում Ղարաբաղի հայերի համար», հիմա կտրականապես այլ հայտարարություններ են անում, և Հայաստանի առաջնորդները, որ ժամանակին ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հիմա հակառակն են արձանագրում՝ շարունակել է Ադրեջանի առաջնորդը։ Եվրոպացի պաշտոնյաներին ու պատգամավորներին, որոնք, ըստ նրա, «պարբերաբար այցելում են Հայաստանի սահման, լուսանկարվում ու Բաքվին ուղերձներ փոխանցում», Ալիևը բռունց է ցուցադրել և առաջարկել «եթե կարող եք՝ առանց թույլտվության գնացեք Ստեփանակերտ կամ փորձեք մոտենալ մեր սահմանին»։
տե՛ս Ադրբեջանի ցուցակներում սաղս սև ենք․ ղարաբաղցիները կանչում են փողոց
Հակարիի կամրջի մոտ ապրիլին տեղադրված անցակետն էլ, ըստ նրա, Ադրբեջանի «քաղաքական կամքի ու հատուկ մշակած քաղաքականության հետևանքն է», և որևէ մեկը չպետք է միջամտի «Ադրբեջանի ներքին գործերին»․ «Պահանջում ենք, որ բոլորը ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը գործով, ոչ թե խոսքով, այդ դեպքում մենք էլ նրանց տարածքային ամբողջականությունը կճանաչենք, հակառակ դեպքում մեր քայլերը կլինեն համարժեք»։
Երևանից և Ստեփանակերտից այս հայտարարություններին դեռ չեն արձագանքել։
բետոն և սով
Մինչ այս Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի սահմանապահները բետոնե արգելապատնեշներ տեղադրում Լաչինի միջանցքի սկզբնամասում։
Ղարաբաղի օմբուդմենն էլ անգլերեն տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝
Ղարաբաղի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են՝ ավելի քան 190 բուժառու մնացել է շրջափակման մեջ․
«Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխա, ով այս պահի դրությամբ գտնվում է ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, կարիք ունի անհապաղ տեղափոխման։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում։
Այս օրերին ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների և դեղորայքի մատակարարումը Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները»։
Հայտարարություն է տարածել նաև Ղարաբաղի արտգործնախարարությունը․
«․․․Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։
․․․Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները: Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել ․․․»։