Սեպտեմբերի 13-ի հարձակումը, դատելով սոցցանցերից, Ադրբեջանում քննարկվում էր առնվազն ոչ այն խանդավառությամբ, որին ականատես ենք եղել 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Քննադատության որոշակի փորձեր եղան նույնիսկ հաստիքային ընդդիմադիրների կողմից, որոնք երկու տարի առաջ ողջունում էին իշխանության նախաձեռնած ռազմական արշավը: Բախումներից հետո եիտասարդներից առնվազն երկուսը բերման ենթարկվեցին Իլհամ Ալիևին մեղադրելու համար, մյուսներին վարկաբեկում էին սոցիալական ցանցերում և իշխանական մամուլում։
Լեռնային Ղարաբաղում պատերազմը և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան տարբեր հայտեր են, համենայն դեպս՝ «նորմատիվ» տեսանկյունից, որում սիրում են դիրքավորվել վերլուծաբանները։ Բայց ի՞նչն է շեշտվում պաշտոնական հարթակներից դուրս ծավալվող խոսակցություններում։ Ադրբեջանցի գործընկներների հետ սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հարցազրույցների սղագրությունը հրապարակում ենք ստորև․
Զուլֆուգար* — Անձնական նախապատվություններից ելնելով մարդիկ կենտրոնանում են տարբեր հայտարարությունների վրա՝ ամենաչափավորից մինչև ծայրահեղ շովինիստական։ Ադրբեջանական քարոզչությունը գծային չէ։
Ղարաբաղյան առաջին պատերազմից մնացած հիշողությունը միշտ թարմացվել է։ Դա պաշտոնական քաղաքականության մաս էր։ Մյուս կողմում բանակցությություններն էին, որոնք 20 տարի տապալվում էին։ Նույնիսկ ընդդիմությունը այն ժամանակ, երբ դեռ կարող էր հանրահավաքներ անել, ղարաբաղյան ռևանշիզմը վերադասում էր սոցիալայան և քաղաքական պահանջներին։ Պատերազմը բոլոր կողմերից ներկայացվում էր որպես անայլընտրանք։ Եվ իշխանությունները սա լավ շահարկում էին։
2020-ին պատերազմին դեմ արտահայտվող ակտիվիստները մեծամասամբ հալածվեցին։ Հանրային աջակցություն նրանք չունեին։
Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, հին տրամաբանության մեջ չի մտնում։ Ադրբեջանում շատերը «բռնվել էին» միջազգային իրավունքից՝ ՄԱԿ-ի բանաձևեր, տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանական բանակի գործողությունները ոնց որ թե սրան հակասում են։
Ո՞նց է դա հարաբերվում սովորական կյանքի հետ։ Սեպտեմբերին ֆեյսբուքում մի լուսանկար էր պտտվում՝ գյուղական թաղում էր, կոստյումավոր չինովնիկները զոհված զինվորի հորը Ադրբեջանի դրոշն էին փոխանցում․․․
Զուլֆուգար* — Վետերանների ինքնահրկիզումները այս առումով ավելի շատ կապ ունեն սովորական կյանքի հետ։ Առնվազն այն պայմանների հետ, որոնցում ապրում են պատերազմի հաղթանակը տոնող մարդիկ։ Ադրբեջանում շատ հարուստ իշխանություն է և շատ աղքատ ժողովուրդ։ Պարզ է՝ ովքեր են ռազմաճակատ ուղարկում և ովքեր են այնտեղ մահանում։
Նարմին*, երեկ կարդում էի թվիթերում ծավալվող քննարկումները։ Դժվար է որևէ բան հասկանալ։
Նարմին* — Ասել, որ ոչ ոք չի հավատում, որ սա ինչ-որ «ազատագրական» պատերազմ է, ես չեմ կարող։ Մարդիկ, որոնք հավատում են քարոզչությանը, որոնք թշնամական են տրամադրված, որոնք իրոք գաղափարական ֆաշիստներ են, քիչ չեն։ Գուցե մեծամասնություն։
Բայց ռազմական գործողություններին դեմ արտահայտվողների թիվն իրոք մեծացել է։ Նրանց մեջ, ում դու տեսել ես, օրինակ, #xainitanı հեշթեգով, քիչ չեն մարդիկ, որոնք երկու տարի առաջ աջակցում էին ղարաբաղյան պատերազմին։ Այսօր նրանք ասում են մոտավորապես հետևյալը․ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, մենք այն ազատագրել ենք, վե՛րջ, էլ պատերազմ պետք չի»։ Մեծ դեր ուներ նաև այն, որ սա ագրեսիա էր հենց Հայաստանի տարածքի նկատմամբ։
Երկու օրվա ընթացքում նրանք մի քանի դիրք, մի քանի բարձունք են գրավել՝ 80-ից ավել զոհ, հարյուրավոր վիրավորներ։ Ադրբեջանական քարոզչությունը չկարողացավ նույնիսկ հստակ բացատրել, թե ինչի համար էր դա պետք։ Մեկ ասում էին՝ «պատասխան սադրանքներին», մեկ՝ «չսահմանազատված սահման», «դեմիլիտարիզացիա», «խաղաղության պարտադրանք», «բուֆերային գոտի»․․․
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իշխանությունը ոչ այնքան փորձում է բացատրել, որքան պահել մարդկանց անընդհատ հակամարտության հոգեբանական վիճակի մեջ։ Սա Ալիևի ռեժիմի մանիպուլյատիվ քաղաքականության մասն է, այդ թվում՝ ներքին խնդիրները օրակարգից դուրս թողնելու, դրանցից հասարակական ուշադրությունը շեղելու, Հայաստանի դեմ ապագա ագրեսիաները նախօրոք լեգիտիմացնելու համար։ Նրան դուր է եկել կամուֆլյաժ հագնել։ Բանակցություններում ռազմական արգումենտի կիրառումը ընդունելի է նաև լայն հասարակության համար։ Չեմ կարծում, որ սա վերջին էսկալացիան էր:
Զուլֆուգար*, ինչի՞ էր պետք ռմբակոծել Ջերմուկն ու Գորիսը։
Զուլֆուգար* — Չգիտեմ։ Գուցե «Զանգեզուրի միջանցքի» համար, որի մասին նրանք անընդհատ խոսում են։ Գուցե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կոնտեքստում, որ ասում են՝ «պարտադրել խաղաղություն»։
Միևնույն ժամանակ, որքան հասկանում եմ, պահպանվում է 2021 թվականի էսկալացիայի տրամաբանությունը։ Նրանք առաջ են շարժվում, բայց շատ չեն խորանում, որպեսզի պահպանեն սահմանների դելիմիտացիային հղվելու հնարավորությունը։ Ռազմական գործողությունները այսպես է արդարացնում նաև ռուսական կողմը։
Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր, որ Սյունիքում լինի ոչ թե ճանապարհ, այլ հենց միջանցք։ Որքանո՞վ է դա կարևոր ադրբեջանցիների համար։
Զուլֆուգար* — Կասկածում եմ, որ ալիևյան ռեժիմը մտահոգված է մանր կամ միջին բիզնեսի տուրքերով։ Կամ այն մարդկանց անվտանգությամբ, որոնք տեսականորեն կարող են օգտվել այդ ճանապարհից։
Բահրուզ, կարդում էի քո հոդվածը՝ հրապարակված OC-media-ում։ Հիշատակում էիր նաև ուշխորհրդային ազգայնական շարժումները։ Արդյո՞ք Զանգեզուրի թեման շոշափվում էր մինչպատերազմական քաղաքական օրակարգում։ Ի՞նչ ներքին գործընթացներին է այն հղվում։
Բահրուզ․ – 80-ականների վերջի – 90-ականների սկզբի իրրեդենտիստական դիսկուրսները վերաբերում էին նախևառաջ Իրանին և «իրանական Ադրբեջանին»։ Կարելի է հիշել, օրինակ, Ադրբեջանի երկրորդ նախագահ Էլչիբեյին, որը անկախության շարժումից է դուրս եկել։ Միտքը հետևյալն էր՝ ադրբեջանցիների իրավունքներն Իրանում ոտնահարվում են, հարկավոր է դրան վերջ տալ, «Ամբողջական Ադրբեջանի» մայրաքաղաքը կամ մշակութային մայրաքաղաքը պետք է լինի Թավրիզը։ Թավրիզի մասին խոսում էր ոչ միայն Էլչիբեյը, այլև Հալիլ Ռզան, ով Ադրբեջանի անկախության շարժման նշանավոր գործիչներից էր, և բազմաթիվ այլ ազգայնական մտավորականներ։
Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի մասին նրանք շատ ավելի քիչ էին խոսում, իսկ Զանգեզուրի մասին՝ գրեթե չէին խոսում։ Եթե կարդաք Ադալեթ Տագիրզադեի «Մեյդան․ 4 տարի, 4 ամիս» գիրքը, կնկատեք, որ [անկախության շարժման ամբիոններից] Զանգեզուրի հիշատակումները խիստ դիպվածական են և բավականին անեկդոտային։ Երկու-երեք անգամ, գուցե, այն հիշատակվել է Հալիլ Ռզայի մոտ (88 թվականին), մոտավորապես հետևյալ կոնտեքստում՝ «մեզնից խլել են Զանգեզուրը (Հայաստանը), մեզնից խլել են Բորչալին (Վրաստան), մեզնից խլել են Դերբենտը (Դաղստան), մենք ինքնավարություն ենք պահանջում ադրբեջանցիների համար, որոնք ապրում են այդ հողերում»։ Կարելի է ասել, որ սա եզակի օրինակ է։ Հիմնական խոսակցություններն այնտեղ, իհարկե, Թավրիզի շուրջ էին։
Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո և նախքան երկրորդ ղարաբաղյան պատերազմը զանգեզուրյան թեման հազվադեպ էր արտիկուլացվում։ Հիշատակվում էր ԵրԱզների՝ հայաստանցի ադրբեջանցիների շրջանում։ Նրանք «Զանգեզուրյան կոմիտե» և մի քանի այլ սակավաթիվ կազմակերպություններ էին հիմնել, որոնք առանձնապես տեսանելի էլ չէին։ Հանրային դիսկուրսի մեջ այս հարցը խիստ լուսանցքային էր, եթե ոչ անհամակրելի։
Հեյդար Ալիևի օրոք նման խոսակցություններ ըստ էության չկային։ Մոտավորապես 2015-2016 թվականներից հետո, սակայն, Իլհամ Ալիևի մոտ կարելի է հանդիպել Զանգեզուրի հիշատակումներ։ Նա, օրինակ, քննադատել էր 1918-1920թթ․ Առաջին հանրապետությունը և մեղադրել Ռասուլզադեին և գործընկերներին Զանգեզուրի հողերը Հայաստանին տալու մեջ, ինչը բավականին ցավոտ էր ընդունվել ոչ միայն Առաջին հանրապետությանը երկրպագող ընդդիմության, այլև հասարակության կողմից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ սա, այնուամենայնիվ, շատ դիպվածային, էպիզոդիկ թեմա էր։
Պատերազմից հետո Զանգեզուրի մասին սկսեցին գրել։ Հայտնվեցին ինչ-որ զանգեզուրյան «հանրապետություններ», դրանք նույնսիկ «առաջնորդներ» ձեռք բերեցին և այլն։ Արդեն 2021 թվականին Ադրբեջանը խոսում է արևելա-զանգեզուրյան տնտեսական ռեգիոնի մասին, որը նաև արևմտա-զանգեզուրյան ռեգիոն է ենթադրում՝ Սյունիքը։ Սա արդեն պաշտոնական հռետորաբանության մաս է։ Եվ սա ակնհայտորեն նոր դիսկուրս է՝ ձևավորված 2020-ի պատերազմից հետո։ Ես չէի ասի, որ այն տեսանելի հանրային աջակցություն ունի։ Նման գաղափարախոսության համար հիմքեր չկան, թեև փորձերն արդեն նկատելի են։
Ադրբեջանում սա առավել հաճախ ընկալվում է զուտ որպես Երևանի վրա ճնշում գործադրելու միջոց։
Նարմին*, մի քանի օր առաաջ տեսա Ֆեմինիստական կոլեկտիվի հակապատերազմական հայտարարությունը։ Արտահայտվել էր նաև ՆԻԴԱ երիտասարդական շարժումը, որը 2020-ին դիրքավորվում էր ավելի շուտ որպես հայրենասիրական, քան ընդդիմադիր միություն։ Հակապատերազմական դաշինք ձևավորելու կոչեր են հնչում։ Կպատմե՞ս դրանց մասին։
Նարմին* — Ցավոք սրտի, Ադրբաջնի ներսում հակապատերազմական նախաձեռնությունների հնարավորություններին ես առանձնապես չեմ հավատում։ Եվ առանձնապես չեմ հետաքրքրվում դրանցով։ Ուղղակի գիտեմ, որ կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, փորձում են ինչ-որ բան անել։
Աստղանիշով նշված անունները փոփոխված են