Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հանրահավաք էր։ Հայտարարվում էր, թե բողոքի ցույցը կազմակերպվել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական նախաձեռնության կողմից։
Միջոցառման ֆրոնտմենը անցյալ տարի Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի միլիարդատեր, արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր՝ շրջապատված չճանաչված հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանով, Արկադի Ղուկասյանով և ցույցը «կազմակերպած» երիտասարդներով։ Վարդանյանը նույնիսկ ելույթ ունեցավ։
Ցուցարարների շարքում էին նաև Ղարաբաղի գործող պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը։
մոսկովյան ոճ
Հանրահավաքից առաջ «կազմակերպիչները» խլել են ցույցին միացած դեռահասների պաստառները և արգելել ռուս խաղաղապահներին քննադատող կարգախոսներ օգտագործել։
Գրաքննության են ենթարկվել, մասնավորապես, «ՌԴ-ն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «Պուտինն իր խոսքերի տերը չէ», «Պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահներ» ռուսալեզու պաստառները։
տե՛ս Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ
«Սա այն երեք պաստառներն են, որոնք երեխաների ձեռքից խլել են մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչները՝ այն հանրահավաքի, որին այդքան ջանասիրաբար հրավիրում էր Ռ․ Վարդանյանը, որպեսզի համախմբվի ողջ ժողովուրդը։
Կարծես, մեզ առաջարկում են համախմբվել ռուսական դրոշի ներքո, բայց չեն ցուցադրում դա։
Իսկ հանրապետական հրապարակը իրենով անելը, տոն օրով տնօրինելը՝ ոնց ուզի, դա ռուբենական ոճն է՝ մոսկովյան լկտիություն», – գրել է ստեփանակերտցի ընդդիմադիր, «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։
Միջադեպին ուղիղ եթերով անդրադարձել է նաև ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը, որը շաբաթներ առաջ լքել էր փողոցը և հայտնվել Ղարաբաղի նախագահին կից «հակաճգնաժամային խորհրդում»։
«․․․Ես չեմ ասում՝ հակառուսական քարոզ անենք, բայց այդ պաստառների վրա իրականությունն էր գրված։ Այո, մենք Ռուսաստանին հավատացել ենք, հավատացել ենք Պուտինին, այս դրությամբ մենք չենք կարողանում ազդել Ադրբեջանի վրա, բայց պետք է ազդենք գոնե ռուսների վրա՝ պահանջենք, որ առաքելությունը կատարեն, որ մեքենաները ավելացնեն, որ այս դեֆիցիտը հաղթահարվի, պահանջենք քայլեր ձեռնարկել, որ այս միջանցքը, ինչպես նոյեմբերի 9-ի թղթում է արձանագրված, նորմալ գործի։ Որովհետև, փաստորեն, մեզ խաբելով բերել՝ թալակի մեջ են գցել, այդպես է դառնում։ Ժողովուրդն իրեն խաբված է զգում, և սա պետք է նշել։
Որոշ մարդիկ, որ ասում ես՝ առաքելությունը չեն իրականացնում, ասում են՝ փորձում են ռուս խաղաղապահների գործունեության վրա ստվեր գցել։ Եվ սա պատգամավոր է ասում։ Մենք չենք ստվեր գցում, իրենք իրենց գործունեությամբ են գցել։ Ռուս խաղաղապահների հանդեպ 99 տոկոս վստահությունից հիմա մի 20 տոկոս էլ չի մնացել»։
տե՛ս Ղարաբաղում պատասխանատվությունը կիսող խորհուրդ են ստեղծել
քաղաքական շոու
Պետրոսյանը՝ որպես «հակաճգնաժամային խորհրդի» անդամ, հնարավորություն ունի մասնակցելու Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նիստերին և պետական գերատեսչություններում տեղի ունեցող այլ փակ քննարկումներին։ Այսօրվա ուղիղ եթերում բողոքում էր՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է դրել, իսկ ղարաբաղյան պատասխանատու գերատեսչությունները զբաղված են զուտ իրավիճակը արձանագրելով։ Որևէ բան չի արվում։
Ընդդիմությունը առաջարկել էր հանրահավաք հրավիրել, նախագահը համաձայնել էր, իսկ հաջորդ օրը եկել և ասել, թե «ինչ-որ նախաձեռնող խումբ հավաք է կազմակերպում, իբր իրեն փաստի առաջ են կանգնեցրել և այլն»։
մեջբերումներ Տիգրան Պետրոսյանի եթերից․
— Առանց քննարկման նման ակցիա են կազմակերպել և ի՞նչ եմ ես տեսնում ներսից։
Սա քաղաքական ակցիա էր, կարելի է ասել՝ ընդդեմ Սամվել Բաբայանի, և ես ցավում եմ, որ այս ծանր իրավիճակում մարդիկ ազգային շահը թողնելով՝ ինչ-որ քաղաքական խարդավանքներով, պալատական խարդավանքներով են զբաղված։
Ինչո՞ւ եմ այսպես մտածում։ Ինձ բավականին շատ տեղեկություններ են հասնում․․․ Նույն հանրահավաքին Ռուբեն Վարդանյանի մոտ կանգնած են Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը և նախկին այլ պաշտոնյաներ։
Արցախում բոլորը գիտեն, թե ինչպես են նրանք սարսափում Սամվել Բաբայանից։ Եվ Ռուբեն Վարդանյանը, որն այսօր խոսում է միասնականությունից, ինձ ասացին՝ նա, ամեն դեպքում, պատրաստ չէ մի սեղանի շուրջ նստել Սամվել Բաբայանի հետ։
Պետք է անկեղծ ասեմ՝ իմ կարծիքով, Արայիկ Հարությունյանը սպառվել է։ Նա չգիտի՝ ինչ անել, և մեծ կախվածություն ունի թե՛ ներսի այս մարդկանցից, թե՛ դրսի, այսինքն՝ մեծ ճնշումներ կան և՛ ներսից, և՛ դրսից, և նա ընդունակ չէ նորմալ որոշումներ կայացնել, և այդ բեռը իր վրա հիմա չի էլ ուզում վերցնել։
Բազմիցս առաջարկել ենք տարբեր քաղաքական գործիչներով հավաքվել, պլան մշակել՝ Կոմիտեի նման մի բան։ Բայց ներքին ինչ-որ պատճառներով․․․ Օրինակ՝ Սամվել Բաբայանն ասում է՝ ով որ փող է տարել, պետք է հետ բերի, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, երկիրը գոնե ծանր ֆինանսական ճգնաժամից հանել։ Իսկ Ռուբեն Վարդանյանի մոտ կանգնածները, ինչպես գիտենք բոլորս՝ բազմաթիվ անօրինականություններ են արել և հարստացել, սա փաստ է, և սրա մասին ավելորդ է խոսել, և այս պատճառով Ռուբեն Վարդանյանը ամեն կերպ փորձում է այդ ձևաչափից խուսափել, այդ միասնականությունը, այսինքն, չապահովել․․․
․․․Ամեն ձևի մեր ռեսուրսները սպառվում են։ Արդեն վաղը Սարսանգի խնդիր կա, Չարեկտարի խնդիր կա, Դադիվանքի խնդիր կա։ Այդ ամեն ինչը թողած՝ ես չգիտեմ, մենք ինչով ենք զբաղված։
․․․Էս ակցիային կիսով չափ էլ նաև իշխանությունն է մասնակցել, իբր սա պետական միջոցառում է, բայց ինչ-որ նախաձեռնող խումբ է կազմակերպել․․․ Իսկ այդ նախաձեռնող խումբը ինչ-որ երիտասարդներ են, և բոլորն են արդեն հասկանում, թե որտեղից են նրանք, իրենց ով է «օգնում»։ Խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին։
Եվ այս ամենը, էլի եմ ասում, քաղաքական որոշակի խաղեր են, որոնք կործանարար են Արցախի համար։
Մայիսի 15-ին էլ Բաբայանն է հավաք հայտարարել, և ես կարծում եմ, որ այդ հավաքը էլի որոշակի հետևանքներ է ունենալու։
․․․Սա արդեն շատ գեշ է։ Եվ ժողովուրդն էլ այս ամեն ինչը հասկանում է։ Բոլորը հիասթափված են։ Ոչ մեկին չեն հավատում։