Home / Համայնքներ / Վարդանյանն ազատվեց պաշտոնից, Արցախը պատրաստ է երկխոսության

Վարդանյանն ազատվեց պաշտոնից, Արցախը պատրաստ է երկխոսության

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ազատել է Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից։ Հրամանագիրը Հարությունյանն այսօր հրապարակել է Արցախի կառավարության հերթական նիստի ժամանակ։ Պետական նախարարի պարտականությունները նախագահն առաջարկել է ստանձնել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

«Օրեր շարունակ այս թեման շրջանառվում էր մամուլում՝ ամենատարբեր մեկնաբանությունների զուգորդմամբ: Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես», – հայտարարել է Արայիկ Հարությունյանը՝ բարձր գնահատելով Ռուբեն Վարդանյանի կատարած աշխատանքը: 

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե «քրեական օլիգարխը (խմբ․ – նկատի ունի Ռուբեն Վարդանյանին), որը ներգրավված է փողերի լվացման գործարքների մեջ, լքի Ադրբեջանի տարածքը (խմբ․ – նկատի ունի Արցախը)»։ Ավելի վաղ Մոսկվայում Վարդանյանի հեռացումը Ղարաբաղից պահանջել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ անվանելով նրան «օտար տարր»։

Կառավարության նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, անդրադառնալով նաև Ադրբեջանի ու Արցախի միջև հնարավոր երկխոսությանը։

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն մենք ունենք հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից», – հայտարարել է Արցախի նախագահը: 

Երկխոսության և հակամարտության կարգավորման համար Արայիկ Հարությունյանը կարևորել է հետևյալ հանգամանքները․

— Ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները, որպեսզի հնարավոր լինի քննարկել երկուստեք մտահոգող՝ գոյություն ունեցող հարցերը: 

«Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար»։

— Շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության։

«Նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց»։

— Պետք է երաշխավորել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ ամբողջությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: 

«Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար»։

— Ադրբեջանի և Արցախի միջև պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը:

«Իհարկե, ինչպես հետպատերազմյան շրջանում, հիմա էլ չենք բացառում ըստ կարիքի որոշակի դրվագային հաղորդակցությունը ադրբեջանական կողմի հետ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դա չի կարող փոխարինել  հակամարտության քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը»։

— Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից։

«Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը»։

Պետք է ապահովել Արցախի պատշաճ ներգրավվածությունը միջազգային հանրության մեջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, ինչը կապահովի թե՛ անվտանգության, և թե՛ զարգացման կարևոր երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: 

Ե՛վ բուն երկխոսության, և՛ հակամարտության համապարփակ կարգավորման համար խիստ անհրաժեշտություն է, որ բացառվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը։

«Դա պետք է երաշխավորված լինի անվտանգության միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության բարձրացմամբ»։

Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: 

Չնայած պաշտոնանկությանը՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի հեռանալու Արցախից։

Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի վերջին ելույթը, անշուշտ, կարելի է քաղաքական հայտ համարել։

Ելույթից կարելի է 3 հիմնական թեզ առանձնացնել։
1. Վարդանյանը մի քանի անգամ շեշտել է, որ իրեն արտաքին ճնշման արդյունքում են հեռացրել։
2. Նա անուղղակիորեն մեղադրել է Արայիկ Հարությունյանին, որ վերջինս սին խոստումներ է տալիս, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում։
3. Վարդանյանը ելույթի մեջ ակնարկել է նաև, որ իրեն պաշտոնից ազատելը Ադրբեջանի “Սալյամիի ռազմավարության” մասն է, որի միջոցով փորձ է կատարվում փոքր զիջումներ պարտադրելով հասնել վերջնական նպատակին։

Վարդանյանը հայտարարել է նաև, որ շարունակելու է իր գործունեությունը Արցախում։ Ինչպես հասկանում եմ` խորհրդարանական ընդդիմության մի մասի, Բակո Սահակյանի և իր թիմակիցների հետ փորձելու են նոր բևեռ ստեղծել», – մեկնաբանել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։