Home / Հայաստան / «Պատմական հնարավորություն» և անորոշ հայտարարություններ․ Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

«Պատմական հնարավորություն» և անորոշ հայտարարություններ․ Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ և մասնակցությամբ Մյունխենում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

Ըստ հայկական կողմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Փաշինյանն ընդգծել է նաև Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակելու ու դրա հետևանքով Արցախում ստեղծված ճգնաժամի փաստը:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո», – հանդիպման մեկնարկին մամուլի համար կարճ հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Բլինքենը հավելել է․ «Կողմերը կենտրոնացած են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեզ հետ։ Միացյալ Նահանգները հաստատակամ է օժանդակելու այս ջանքերին՝ թե՛ մեր ընկերների, թե՛ այսպիսի եռակողմի ձևաչափերի, թե այլ միջազգային գործընկերների հետ»:

Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին։ Նհայտարարել է, թե առաջին հայացքից «Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց այն բավարար չէ»։

«Հանդիպումը լավ է անցել, կարծում եմ՝ կառուցողական էր։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանները», – նշել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ «Գլխավորն այն է, որ խաղաղության այս պայմանագիրը կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ ունենալն անընդունելի է։ Այս հարցի վերաբերյալ ևս Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացվել է։ Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանից պատասխան առաջարկները։ Այժմ մենք ուսումնասիրում ենք դրանք»։

Ժամանակ է պետք՝ հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի անցակետեր ստեղծելու առաջարկը քննարկելու համար, ըստ Azertag-ի՝ հավելել է Ադրբեջանի ղեկավարը․ «Մեր նախնական տպավորությունն այն է, որ մեր այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Սա, անշուշտ, կարեւոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։ Եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի դա անհնար է։ Եթե խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին՝ իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն Զանգեզուրյան միջանցքի երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի և Հայաստանի միջև սահմանին»։

Մյունխենում են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ալիևի խորհրդականը։

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի ինչպես նաև Վրաստանի ղեկավարները այսօր նաև մասնակցում են Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը: Երեք տարի առաջ, մինչև 44-օրյա պատերազմը, Մյունխենի համաժողովը հարթակ էր դարձել Փաշինյանի ու Ալիևի հայտնի բանավեճի համար։

Պանելային քննարկման ուղիղ հեռարձակումը (անգլերեն)՝

https://www.youtube.com/live/GCLWkRPSZSo?feature=share