Home / Հայաստան / Լավրովն առաջին անգամ չէ խոսում «օկուպանտ» Հայաստանի մասին

Լավրովն առաջին անգամ չէ խոսում «օկուպանտ» Հայաստանի մասին

Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայել, դեռևս արդիական է՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է։ Եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանում, այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», – «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։

Մոսկվայի գլխավորած դաշինքը, ըստ նրա, խաղաղապահ գործողության տեղակայման պլան է ներկայացրել «ոչ դյուրին ժամանակահատվածում»՝ 2022-ի սեպտեմբերյան բախումներից հետո․ «Այդ պլանը պատրաստվել է բավականին վաղուց, բայց հայկական կողմը մեզ չի շտապեցրել։ Երևանի գագաթնաժողովում մենք վերջնական տեսքի բերեցինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ այդ որոշումն իրենց պետք կգա միայն այն դեպքում, եթե դրանում կտրականապես դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները», – պատմել է Ռուսաստանի արտգործնախարարը և հավելել՝ «ոչ բոլորն էին պատրաստ» կատարել Հայաստանի իշխանությունների պահանջը։

Լավրովը, երկրորդելով Ռուսաստանի նախագահի՝ Սոչիի գագաթնաժողովին նախորդած հայտարարություններին, նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ միասին փաստաթուղթ են ստորագրել, որով 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրում շարադրված պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու պատրաստակամություն են հայտնել։ Հիշատակված փաստաթղթի համաձայն՝ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով՝ պարզաբանել է ռուս դիվանագետը և շեշտել՝ «Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»։ «Մեզ համար մի տեսակ դժվար է նույնիսկ կողմնորոշվել հետագա քայլերում», – հավելել է նա։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ մինչ այդ Երևանը մերժել է Մոսկվայի «բազմաթիվ» առաջարկներ։

«Ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ Հայաստանը երկար-երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, իսկ հետո, երբ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելուց հուսահատ՝ Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս Հայաստանի նախկին իշխանությունները այնքան էլ դրական չէին ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէին հավակնում։ Այդ իսկ պատճառով, այստեղ, ամեն դեպքում, այո՝ Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Վերջին հայտարարությունը բուռն քննարկումների է հարուցել սոցցանցերի հայաստանյան տիրույթում։

«Խնդիրը այն չէ, որ Լավրովը հայտարարել է այդ տարածքները (7 շրջանները) օկուպացված էին Հայաստանի կողմից։ Սա այդպիսի բովանդակությամբ նրա առաջին հայտարարությունը չէ։ Բացի այդ, այս հարցի շուրջ բոլոր միջնորդների մոտ միշտ կոնսենսուս կար», – արձագանքելով դրանց՝ գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը։

«Խնդիրն այն է, որ առաջին՝ Լավրովը կարգավորման ողջ գործընթացը հանգեցնում է տարածքների վերադարձի խնդրին։ Մինչդեռ տարածքների վերադարձը կարգավորման գործընթացի միայն մեկ կոմպոնենտն էր։ Ի դեպ, նախկինում, երբ Փաշինյանն էր փորձում մինչպատերազմյան բանակցային գործընթացը հանգեցնել միայն տարածքների վերադարձի խնդրին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես արձագանքում էր նրա հայտարարություններին ու պնդում, որ դա այդպես չէր։

Երկրորդ խնդիրն այն է, որ Լավրովը իր հայտարարություններով արդարացնում ու լեգիտիմացնում է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան լինելով կողմ, որի միջնորդությամբ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը դրվել էր կարգավորման գործընթացի հիմքում և որի միջնորդությամբ այդ սկզբունքը հաստատող փաստաթղթեր էին ստորագրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Ռուսաստանի հռետորաբանության մեջ այս փոփոխությունը պայմանավորված է երկու գործոնով.

1. վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի համար Ադրբեջանի աճած նշանակությամբ։ Նախորդ տարվա սկզբին Բաքու կատարած այցի ընթացքում մոտավորապես նույն շեշտադրումներով հայտարարություններ էր արել Լավրովը։

2. Հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին խորացող ճգնաժամով, ինչը մասնակիորեն պայմանավորված է առաջին գործոնով», – նշել է Գրիգորյանը