Հունիսի 4-ից սկսած Ղարաբաղից Հայաստան և Հայաստանից Ղարաբաղ մարդկանց տեղաշարժը մասնակիորեն վերականգնվել է։ Համացանցում տեսանյութեր են հայտնվում, որոնցում երևում է՝ ինչպես են հայերն անցնում ադրբեջանական անցակետով։ Կին-սահմանապահները ստուգում են անձնագրերը, հարցեր են տալիս։ Տղամարդ-սահմանապահները հսկում են տարածքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները սա ներկայացնում են որպես միջանցքի «անխափան» գործունեության վկայություն։
Մարդկանց տեղաշարժը իրականացվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ։ Երբեմն անցակետով նաև Կարմիր Խաչի մեքենաներն են գնում (գրեթե մեկ ամիս ԿԽՄԿ-ն միջանցքից չէր օգտվում՝ բանակցում էին կարգի շուրջ)։ Ադրբեջանցիները ստուգում են նաև հումանիտար առաքելության մեքենաները՝ բուժառուների և նրանց ուղեկցողների անձնագրերը։
Մայիսի սկզբից (ադրբեջանական անցակետի տեղադրումից և առաջին գործարկումից հետո) ճանապարհը հսկում է նաև Ղարաբաղի ոստիկանությունը։ Որպեսզի մարդիկ «չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում»՝ ղարաբաղցի ոստիկանները կանխում են միջանցքից (հետևաբար՝ նաև անցակետից) օգտվելու փորձերը։
Պաշտոնական Ստեփանակերտը, մինչ այդ,
* պահանջում է ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ ապահովել միջանցքով մարդկանց և բեռների անխափան, անխոչընդոտ տեղաշարժը,
* հիշեցնում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է գտնվի բացառապես ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո,
* հայտարարվում է, որ ադրբեջանական անցակետը ապօրինի է։
Անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում Ստեփանակերտը սկզբում խուսափում էր արտոնել սեփական քաղաքացիների՝ անցակետով տեղաշարժը։ Հետագայում որոշ բացառություններ արվեցին՝ ծանր հիվանդների համար, որոնց ուղեկցում էր Կարմիր խաչը, և անհետաձգելի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, որոնց ուղեկցում էին ռուս խաղաղապահները։
տե՛ս Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է
Ղարաբաղի ընդդիմության մի մասը այժմ բողոքում է տեղաշարժի աննախադեպ ակտիվացումից։ Նախագահ Արայիկ Հարությունյանին նրանք մեղադրում են ապօրինի անցակետը լեգիտիմացնելու համար։
Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը և որոշում կայացրել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից՝ այս հարցի պատասխանը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման անդամները երեկ կայացած հանդիպման ժամանակ փորձել են պարզել հենց Հարությունյանից։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» ստեղծվել է ռուսաստանցի միլիարդատեր, անցյալ տարի Ղարաբաղ տեղափոխված, Ղարաբաղի պետնախարար դարձած և պաշտոնանկ արված Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Այժմ Վարդանյանը ղարաբաղյան ընդդիմության առաջնորդներից մեկն է, ըստ տեղացիների՝ մրցում է Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, ԱԽ-ի նախկին գլխավոր քարտուղար Սամվել Բաբայնի և համագործակցում նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Ճակատին անդամակցում են Ղարաբաղի գործող պատգամավորները և մի շարք հասարակական գործիչներ։
տե՛ս Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում
Հանդիպումից հետո հայտարարվել է, թե ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը նախագահը բացատրել է հանրային պահանջով։
«Որոշում էր կայացվել, որ դա կարմիր գիծ է։ Մեզ համար անընդունելի, չգիտենք ինչ-ինչ պատճառներով՝ այսօր դա այլևս կարմիր գիծ չէ։ Արդեն իշխանության կողմից որոշում է ընդունվել, որպեսզի քաղաքացիները անցնեն։ Արայիկ Հարությունյանը փորձեց դա ներկայացնել որպես հանրային պահանջ, փորձեց մեզ բացատարել, որ դա հանրային պահանջ է, շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Չնայած մինչև այդ էլ Կարմիր խաչը… մեր համար էն ժամանակ ընդունելի էր, որ Կարմիր խաչի միջոցով մեր հիվանդներին տեղափոխենք։ Սակայն տեսնում ենք, որ արդեն շատ ավելի լայն շրջանակներ են սկսել օգտվել, որը անընդունելի է մեր համար», – մեկնաբանել է Ղարաբաղի խորհրդարանաի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Գալստյանը վստահ է, որ նման հանրային պահանջ Ղարաբաղում չկա։ Ասում է՝ ավելի քան 60 հազար մարդ (որոնց թվում է, ի դեպ, նաև Արայիկ Հարությունյանը) միացել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին, որում հստակ գրված է, որ Լաչինի միջանցքում տեղադրված «ադրբեջանական անցակետը կարմիր գիծ է»։
Դեռևս «բնապահպանական բլոկադայի» օրերին շրջափակման մեջ մնացած մարդիկ մասնավոր զրույցներում բողոքում էին կոռուպցիայից (խաղաղապահները մարդկանցից փող են վերցնում՝ Հայաստան անցակացնելու, Հայաստանից հետ բերելու համար, հարուստները և պետական որոշ պաշտոնյաներ երբ պետք է՝ կարողանում են գնալ-գալ, աղքատները փակի տակ են մնացել և այլն)։ Ընատեկան, կրթական, առողջական, աշխատանքային հարցեր կան, շատերը ստիպված փող էին վճարում՝ Հայաստան գալու, Հայաստանից հետ վերադառնալու համար։ Ստվերային այս գործարքների մասին պարբերաբար ակնարկում էին նաև ընդդիմադիր ակտիվիստները։ Հրապարակավ խոսելուց մարդիկ խուսափում էին։
տե՛ս Մեզ վտարում են, բացեք ճամփեն
Մյուս կողմից՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հարազատները բողոքում էին (այդ թվում՝ հրապարակավ) որ անցակետի տեղադրումից հետո հերթերը մեծացել են, ամիսներով սպասում են՝ երբ են հիվանդներին տեղափոխելու Հայաստան։
տե՛ս Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ
Ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո խնդիրները ավելի են բարդացել։ Սկզբում հույս կար, որ ռուսական կողմին կհաջողվի հասնել հսկիչ կետի հեռացմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։
տե՛ս Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց ավելի լավ այլընտրանքներ չկան
տե՛ս Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
Ընդդիմադիր պատգամավորը այս հարցերից չի խոսել, փոխարենը՝ հիշեցրել է, որ ադրբեջանական անցակետը անվտագ չէ․ «․․․Կոնկրետ ինչը՝ ես չեմ կարող ասել, բայց խոսալով մարդկանց հետ, ովքեր որ գալիս են, գնում են, խոսում են, որ շատ անհարգալից վերաբերմունք է լինում, որը որ անընդունելի է, հային վայել չէ այդ ճանապարհով գնալը․․․»։
Պարզ չէ նաև՝ ինչ է լինելու արցախյան պատերազմի մասնակիցների (այսչնքն՝ Ղարաբաղում ապրող տղամարդկանց մեծ մասի) հետ։ Որքանո՞վ է անվտանգ նրանց տեղաշարժն այդ անցակետով։ Երաշխիքներ, որ մարդկանց այնտեղից չեն առևանգի, չեն տանի Բաքու, ինչ-որ մեղադրանքներ չեն առաջադրի, չկան։
տե՛ս «Ադրբեջանի ցուցակում սաղս սև ենք»․ ղարաբաղցիները կանչում են փողոց
«Չկա հայկական կողմից որևէ երաշխիք, որևէ գործողություն չենք տեսնում, որ եթե հանկարծ խնդիր ստեղծեն, ինչպե՞ս ենք մենք վերաբերվելու, ի՞նչ ենք մենք անելու։ Հույսներս ամբողջովին ռուս խաղաղապահների վրա է, հայկական որևէ երաշխիք չկա։ Ռուսական միգուցե կա, ես տեղյակ չեմ», – Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ասել է Դավիթ Գալստյանը։
«Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, որը, վստահ եմ, այսօր կքննարկենք», – Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպման մեկնարկին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման առարկա է, բայց շրջփակումն ու էներգետիկ ճգնաժամը առ այժմ չեն վերացվել։