Ժամը 13։35-ին Տեղ գյուղի հատվածում հայաստանցի սահմանապահ է վիրավորվել։ Ժամը 8:45-ին Լաչինի հատվածում ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Կողմերը հաղորդում են հրադադարի խախտումների մասին։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարում է, թե կանխել է Լաչինի հատվածում ադրբեջանական «առաջխաղացման» և «Հայաստանի տարածքում դրոշ» տեղադրելու փորձը։ Բաքուն կրկին փակել է Լաչինի միջանցքը։
17։12 — Համացանցում շրջանառվում են Լաչինի միջանցքում առավոտյան տեղի ունեցած միջադեպի կադրերը։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի սահմանապահները անցնում Հակարիի կամրջով և հասնում Հայաստանի հատված՝ ադրբեջանական դրոշ տեղադրելու համար։ Նրանց ուղեկցում և պաշտպանում եմ ռուս խաղաղապահները։
ԱԱԾ-ն հրապարակել է կեսօրից հետո Տեղի հատվածում վիրավորված զինծառայողի անունը՝ Արթուր Արմենի Ազրոյան (ծնված 2002թ.)։
Զինծառայողին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
16։30 — Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ, հայկական կողմում տուժածներ չկան՝ գրել է ՊՆ-ն։
13։30 — Արցախի տեղեկատվական շտաբը ահազանգում է՝ Ադրբեջանը արգելել է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։
Ստեփանակերտից հայտարարել են, որ Լաչինի միջանցքում (Հակարիի կամրջի մոտ) տեղադրված ադրբեջանական անցակետի սահմանապահները թույլ չեն տվել, որ Կարմիր խաչի մեքենան, որով Ղարաբաղից Հայաստան էին տեղափոխվում 25 բուժառուներն ու նրանց հարազատները, անցնի սահմանը։ Մեքենան հետ է շրջվել, հիվանդները ստիպված են եղել վերադառնալ Ստեփանակերտ։
Չեղարկվել է նաև Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով քաղաքացիական անցաձանց ուղևորափոխադրումը, որը կազմակերպվում է ռուս խաղաղապահների կողմից: Ադրբեջանցի սահմանապահները կասեցրել են նաև բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը։
11։30 — Այսօր ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ վաղ առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, ադրբեջանցի սահմանապահները փորձել են առաջխաղացում գրանցել և Ադրբեջանի դրոշ տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հայաստանի ԱԱԾ-ն հավելել է՝ առաջխաղացման և դրոշ տեղադրելու փորձը կանխվել է։ Բաքուն հաղորդել է մեկ վիրավորի մասին։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, թե ժամը 8:45-ին Հայաստանի տարածքից կրակոցներ են արձակվել, որոնց հետևանքով վիրավորվել է Լաչինի (Հակարիի) անցակետում ծառայող ադրբեջանցի սահմանապահը:
Բաքուն նշել է, թե «հակառակորդի կրակակետը ճնշվել է պատասխան կրակով», «սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
ականանետեր Տեղում
Ավելի ուշ կողմերը հաղորդել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ժամը 11:45-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
Բաքուն, մինչ այդ, Հայաստանին մեղադրել է ժամը 11-ի սահմաններում Տեղ գյուղին հարակից դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, այդ թվում՝ ականանետերով ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
Քիչ առաջ Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել․
«Ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը»։
Ադրբեջանական զինուժը դեռևս մարտի վերջին խրամատավորվել է Տեղի դաշտերում։ Հայաստանի ԱԱԾ-ի տվյալներով, ադրբեջանցիները Տեղ-Կոռնիձոր հատվածի 5 սահմանային կետերով (մինչև 500 մետր) առաջ են եկել Հայաստանի տարածք՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։ Ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Տեղում 11 կիլոմետր սահմանային հատվածից 5-ը եղել է վիճահարույց, որից 1,4 կիլոմետրը ճշգրտվել է և մնացել է 3,6-ը։ Չնայած հետո եղան պաշտոնական հավաստիացումներ, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել։
տե՛ս Երևանն ու Բաքուն «ճշգրտվում» են տեղացիների հողերի հաշվին
խեղաթյուրում են
Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, իբր Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակել։
«Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին», – քիչ առաջ հաղորդել է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունից։
Մինչ այդ Ստեփանակերտը հայտարարել էր, որ հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը։ Երեկ առավոտյան ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», – հավելել են Ստեփանակերտից։
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին իրավիճակը կրկին լարված է․ գրեթե ամենօրյա ռեժիմով (երբեմն՝ օրական մի քանի անգամ) կողմերը, մեղադրելով միմյանց, հայատրարում են հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Հունիսի 14-ին և 13-ին Ադրբեջանը գնդակոծել է Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի տարածքը։ Շինարարներից երկուսը (Հնդկաստանի քաղաքացիներ) վիրավորվել են։
Հայաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Բաքուն հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար: Բաքվից արձագանքել էին, թե Երևանը ռազմական սադրանքի պատասխանատվությունն իրենց վրա է բարդում և կոչ արել «հայկական զինված կազմավորումները անհապաղ դուրս բերել Ադրբեջանի տարածքից»:
տե՛ս Վիրավոր հնդիկները վիրահատվել են․ Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում միջազգային ներդրումները