Ադրբեջանական կրակոցներից վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների վիրահատությունները բարեհաջող են անցել, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ քիչ առաջ հաղորդել է առողջապահության նախարարությունը։ Պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ այս պահին Երասխի հատվածում հարաբերականորեն կայուն է, կրակոցներ չկան։
Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Նախիջևանին սահմանակից Երասխի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Տեղացիների խոսքով՝ նորակառույց գործարանի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները արդեն պարբերական բնույթ են կրում։
Հակառակորդի կրակից այսօր վիրավորվել են Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի շինարարները՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆ և Միրհասան Սահաջան:
Գործարանը ադրբեջանական կրակի թիրախում է հայտնվել նաև երեկ։ Երասխում քաղաքացիական օբյեկտների գնդակոծության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել։
Քննչականի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի ժամը 18:30-ի գնդակոծության հետևանքով վնասվել է գործարանում կայանված ավտոմեքենան։ Մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել, քանի որ կրակոցների պահին այնտեղ մարդիկ չեն եղել։
Կոմիտեից նաև տեղեկացնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։
Ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106»-ը՝ հետին ապակու վնասվածքներով։
Վնասված գույքը ռազմական որևէ նշանակություն չի ունեցել։ Իրավապահները հավելել են՝ կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:
«Գնդակոծելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ», – նախօրեին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ Նախիջևանի սամանից մոտ 800 մետր հեղավորության վրա, կառուցվում է մետալուրգիական գործարան, որում վերամշակելու և արտադրելու են սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։
Բաքուն դատապարտել է այս ծրագիրը՝ պնդելով, թե «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին իրավիճակը կրկին լարված է․ գրեթե ամենօրյա ռեժիմով (երբեմն՝ օրական մի քանի անգամ) կողմերը, մեղադրելով միմյանց, հայատրարում են հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Հայաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Բաքուն հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար: Բաքվից արձագանքել էին, թե Երևանը ռազմական սադրանքի պատասխանատվությունն իրենց վրա է բարդում և կոչ արել «հայկական զինված կազմավորումները անհապաղ դուրս բերել Ադրբեջանի տարածքից»: