Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, կեսգիշերին խոշոր վթար է տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պատահարի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տուժածներ:
«Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.): Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ», – գրել է ՆԳՆ մամլո ծառայությունը:
Վթարի հետևանքով վիրավորված անձանցից 5-ն այս պահին գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնում, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ 5-ի կյանքին էլ վտանգ է սպառնում:
«Աստղիկ» հիվանդանոց տեղափոխված 3 տուժածների վիճակը գնահատվել է թեթև, նրանք արդեն դուրս գրվել:
«Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստանը։ Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող:
պետությունը մեղք չունի՞
«Իսկ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն: Եթե Երևան-Գյումրի ճանապարհը մի 10 տարի է կառուցվում է, բայց դեռևս բաժանարար գոտի չունի, եթե ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում, թե ինչպես իջեցնել ճանապարհային մահացիությունը, եթե միջքաղաքային միկրոավտոբուսները վերակահավորվում են այնպես, որ նստարանները նորմալ չեն ֆիքսվում, եթե միկրոավտոբուսներում (անգամ բնակավայրից դուրս) որևէ մեկը չի ամրակավում․․․ Ապա ունենալու ենք զոհեր ու շատ զոհեր։ ԵԽ տարածքում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք։ Ամեն վթար ունենում է մեղավոր վարորդ(ներ)։ Իսկ Ենթակառուցվածքների ու երթևեկության անվտանգության պատասխանատու մարմինները մեղքի բաժին չունե՞ն։ Գնել Սանոսյանը չունի՞ ասելիք ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասով։ Վահե Ղազարյանը չունի՞ ասելիք ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայության մասով», – ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ի պատասխան առաջարկել է սպասել, մինչև «քննությամբ պարզվեն վթարի պատճառները», նոր սկսել «մեղավորներ փնտրել»։ Իոաննիսյանն արձագանքել է՝ «քննությամբ հո չե՞ն ասելու, որ խնդիրը այն է, որ էս երկրում նորմալ ենթակառուցվածքներ չկան, քննությունը մեղավոր վարորդին դատելու ու անցնի առաջ»։