Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, մահացել է ուսուցիչ՝ հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ Փրկարար ծառայության՝ Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 25 տուժած՝ ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ: Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․Դ․-ի (ծնված 1970թ․) մահը:
Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, իր հերթին, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար», – ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ: