Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանում այսօր կայացած նիստի ժամանակ Միխայիլ Եֆրեմովը խոստովանել է մեղքը։ Դերասանը մեղադրվում է հարբած վիճակում մեքենա վարելու և ոչ կանխամտածված սպանության մեջ․ Եֆրեմովը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային, որի վարորդը՝ առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդնոցում:
«Պարոն դատավոր, ուզում եմ հայտարարություն անել։ Մի քանի գիշեր չեմ քնել, որոշել եմ, ընդունում եմ մեղքս»,- առանց այլ մանրամասնեդրի հայտարարել է Եֆրեմովը։
Դատախազը հայտնել է, որ մահվան ելքով ավտոճանապարհային պատահարում Եֆրեմովի մեղավորությունն ապացուցված է, և դատարանից 11 տարվա ազատազրկում և 3 տարի մեքենա վարելու արգելք է պահանջել։ Դատախազը նշել է, որ Եֆրեմովը դատավարության ընթացքում մեղքը չի ընդունել, հետևաբար՝ մեղմացուցիչ հանգամանքներ չեն լինի։
Մեղադրող կողմը պահանջել է 500 հազար ռուբլի փոխհատուցում վճարել մահացածի որդուն՝ Վիտալի Զախարովին։ Վերջինս 7.5 միլիոն էր պահանջում։
Դատական պրոցեսների ողջ ընթացքում Եֆրեմովը հակասական ցուցմունքներ էր տալիս։ Մի քանի անգամ հայտարարել է, որ ոչինչ չի հիշում այդ օրվանից, նույնիսկ կասկած է հայտնել, որ մեքեայի ղեկին կարող էր ինքը չլինել։ Պատահարից մի քանի օր անց նա տեսաուղերձ էր հրապարակել, որում ներողություն էր խնդրում սպանվածի ընտանիքից ու բոլոր նրանից, ովքեր իրեն վստահել են։ Ուղերձում Եֆրեմովը հայտարարել է, որ «հարբած վիճակում ղեկին նստելն աններելի է», որ չի հասկանում՝ ինչպես շարունակել ապրել։ Հատուկ ընդգծել է, որ չի պատրաստվում իր ծանոթությունների միջոցով խուսափել պատժից։ Օգոստոսի 31-ի դատավարության ժամանակ դերասանը հայտարարել է, որ տեսանյութը մոնտաժված է, այնտեղից հեռացված է «չ» տառը։ «Ես մեղավոր չեմ», – ևս մեկ անգամ նշել է Եֆրեմովը, պնդելով, որ պետք չէ «լուրջ վերաբերվել իր ցուցմունքներին»։
Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 8-ին։ Դերասանի մեքենան մխրճվել է հանդիպակաց ընթացող ֆուրգոնի մեջ, որի վարորդը՝ Սերգեյ Զախարովը, մահացել է։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ կատարվածի ժամանակ Եֆրեմովը գտնվում էր ալկոհոլային և թմրանյութային հարբեցման վիճակում։ Նրան մինչև 12 տարի ազատազրկում է սպառնում։