Home / Հայաստան / Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարը բացահայտում է հիերարխիաները Ռուսաստանում

Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարը բացահայտում է հիերարխիաները Ռուսաստանում

«Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարը՝ սկզբից մինչև ողբերգական ավարտը, այնքան ռուսական պատմություն է, որ պարզապես անհրաժեշտ է այն մասնրամասն ուսումնասիրել և ասել կարևոր բաներ, որոնց մասին մեր մոտ ընդունված չէ խոսել»։ Թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար Եֆրեմովի շուրջ ստեղծված իրավիճակին Յութուբի իր հերթական հոլովակում անդրադարձել է ռուսական բլոգեր, «Сталингулаг» և «Саня из Дагестана» հանրահայտ տելեգրամ֊ալիքների հեղինակ Ալեքսանդր Գորբունովը։

«Նախևառաջ, խմած վիճակում մեքենա վարելը մեր երկրում արտոնություն է, որը քչերին է հասանելի։ Ամենաթողության բարձր մակարդակներից է համարվում։ Խմած վիճակում ղեկին նստելու համար ոչ միայն պետք է փող ունենալ ու ուղեղ չունենալ, այլև պետք է մեծ կապեր ունենալ։

Հարբած վարելն այնքան էլ հարմար չէ։ Ես մեքենա չեմ քշում, բայց հավատացեք, ոչ սթափ վիճակում նույնիսկ այս սայլակը հարմար չէ վարել, իսկ այնտեղ մի ամբողջ մեքենա է [Գորբունովը հաշմանդամության սայլակով է տեղաշարժվում]։

Չնայած անհարմարությանը, ոմանք այնուամենայնիվ գնում են այդ քայլին, զոհաբերում են հարմարավետությունը, քանի որ ինչպես գիտենք, լավ պոնտերը փողից թանկ են։ Դա արվում է ուրիշներից բարձր զգալու համար։

Եֆրեմովն ավտոճանապարհային ամենատարբեր կանոնների խախտման համար տասնյակ տույժեր ունի, ակնհայտ է, որ օղու շշից հետո նրան ոչ առաջին անգամ են կանգնացնում, ոչ էլ երկրորդ։ Ու ամեն անգամ հերթական լեյտենանտը լսում էր․ «Գիտե՞ս էսա ում եմ զանգելու։ Ա՛ն, խոսա՛»։ Ճանապարհային ոստիկանը դողացող ձեռքերով վերցնում էր հեռախոսն ու նման մի բան լսում․ «էյ, լեյտենանտ, գժվե՞լ ես։ Էդ ո՞ւմ ես կանգնացրել։ Գալու եմ էդ մահակդ ոռդ մտցնեմ»։

Որից հետո լեյտենանտը և անգամ կապիտանը դերասանին բարի երթ են մաղթում ու՝ չսպասելով գեներալի սպառնալիքների իրականացմանը, մահակն իրենք ենք են իրենց հետույքը մտցնում ու մինչև հերթափոխի ավարտը ուրախանում, որ հիմարություններ չեն արել։

Սա իհարկե կոռուպցիա է, բայց աստեղ հիմնականը սեփականատեր հասարակությունն ու մեր երկրում խստորեն կառուցված հիերարխիան է։

Կան անձեռնմխելի խմբեր՝ բարձր էշելոնի պաշտոնյաները, ուժայինները, ժառանգական մտավորականությունը, որի վառ ներկայացուցիչն է Եֆրեմովը։ Դրա համար էլ այստեղ անիմաստ է Կոկորինի ու Մամաևի դեպքերի հետ զուգահեռներ տանելը։ Ֆուտբոլիստներն աղքատ չեն, բայց․․․ ցեղ, տոհմ չունեն, ու գործ ունեն բարձրաստիճան պաշտոնյայի՝ ավելի բարձր կաստայի ներկայացուցչի հետ։

Իսկ Եֆրեմովը սովորական աշխատավորի է սպանել, կերակրային շղթայի ամենաներքևում գտնվող դասի ներկայացուցչի։ Ահավոր է հնչում, բայց հենց այսպիսի հասկացությունների վրա է ձևավորվել ներկայիս պետությունը, որը մեզ «մերոցականների» և օտարների է բաժանում։

Այնպես որ, ինչքան էլ Եֆրեմովը իշխանություններին քննադատող ոտանավորներ կարդա, իշխանությունների համար միշտ «մերոնցական» է մնալու՝ զուտ ծնվելու համար։ Ու բոլոր այդ «մի օր Միխայիլը առավելագույնը կստանա իր արվեստի համար»֊ները պարզապես ծիծաղելի են։

Վստահ եմ ինչ որ շրջանակներում բազմիցս այսպիսի երկխոսություններ են լինում․

— Ինչե՞ր է իրեն թույլ տալիս այդ Եֆրեմովը։ Գժվել է՞, բեմից նման բառեր է ասում։
— Ոչինչ դե պարոն գեներալ, մեր Միշկան է էլի, զբաղվում է, արվեստագետ մարդ է։ Գիտեք էլի, դերասան է։ Մեկ դերասաններից, մեկ կանանցից չես պահանջի։ Հո վատո՞վ չի անում։
— Դե լավ, աչքներդ վրան պահեք։

Եֆրեմովի կինը պատմել է, որ Միխայիլը հաճախ է ուժայինների իր ընկերների հետ Աֆոն մեկնել։ Դժվար թե հասարակ եկեղեցական ծառայողների հետ շփվելու համար։

Բոլոր ժամանակներում արվեստի տոհմական գործիչների նկատմամբ մեր երկրում այլ կանոններ են գործել։ Հիմա առավել ևս։

Նրանց գրեթե ամեն ինչ ներվում է․ իշխանությունների քննադատություն, օրինախախտումներ, էպատաժային արարքներ, քանի որ փաստացի նրանք միակ մարդիկ են, ում իշխանություններն իրոք ուզում են դուր գալ։ Նրանց ֆիլմերի, երգերի, ներկայացումների վրա մեծացած լենինգրադյան երեկվա ջահելներն իրենց սիրելի դերասանների հետ հանդիպումներում տեսնում են իրենց հաջողության հաստատումը․ «Մենք հաջողել ենք։ Ում որ հեռվից էին նայում, հիմա մեր հետ նույն սեղանի շուրջ են»։

Երբեմն գնում են նրանց բարեհաճությունը, երբեմն ինչ֊որ բաներից զրկում են՝ բացթողումների համար, բայց երբեք լրջորեն չեն պատժում, քանի որ եթե նրանք չլինի, համեմատվելու բան չի լինի։ Հո Սարատովի կամ Ռյազանի բնակիչների հե՞տ չեն հավասարվելու։

Չնայած Եֆրեմովը մեղքն ընդունելու տեսանյութ է ձայնագրել, նրան միևնույն է արդարացնելու են, ավելի ճիշտ՝ արդեն սկսել են։

Դերասանը մատնել է իր թմրավաճառին, ինչն իհարկե հաշվի կառնվի հետաքննության կողմից։ Հետո կպատմեն, որ վթարի պատճառը մեքենայի անսարքությունն էր, հետո կմատնի ևս մի քանի թմրավաճառի, ովքեր էլ հենց կնստեն իր փոխարեն։ Գուցե անգամ շքանշան ստանա՝ թմրամոլության դեմ պայքարում ունեցած ավանդի համար։ Այդպես է աշխատում համակարգը։

Ինչպես արդեն ասացի, սա միանգամայն ռուսական պատմություն է, քանի որ յուրաքանչյուր էպիզոդ հագեցած է ողբերգությամբ ու ինչ֊որ կանխորոշվածությամբ։

Մահացած Սերգեյ Զախարովը տեխնիկական բուհ էր ավարտել։ Իր հարազատ քաղաքում գործ չէր գտել, եկել էր Մոսկվա աշխատելու։ Քանի որ էներգետիկ գերտերույթունում ինժեներները ոչ մեկին պետք չեն, միայն առաքիչներ են պետք։

Ու մարդը թողնում է իր ընտանիքը, Մոսկվայում վարձում է բնակարան, որում զուտ քնում է՝ իր նման սովորական վարորդների հետ, ու առաքում է պայմանական ծովախեցգետինը՝ հերթափոխով աշխատելով։ Դժոխային աշխատանք, որով բարձրագույն կրթություն ունեցող մարդը չպետք է զբաղվի։ Եվ առհասարակ, մարդը չպետք է այլ քաղաք գնա աշխատանք ունենալու համար, զուտ որովհետև հայրենի քաղաքում գործ չկա։

Ու էլի շատ «չպետք է»֊ներ, նաև այն, որ չպետք է այ այսպես մահանալ պահածոյի բանկայում։

Այսպիսին է անողոք ռուսական իրականությունը, որում բոլոր այն բաները, որ չպետք է կատարվեն, անպայման կատարվում են։ Այստեղ բարոյախոսություններ ու խմած վիճակում մեքենա չվարելու հորդորներ չեն լինելու։

Եկեք ընդունենք, որ 20 թվականին ղեկին հարբում են կամ ծայրահեղ մարգինալները, ովքեր թքած ունեն բանական փաստարկների վրա, կամ արտոնված խմբերի ներկայացուցիչները։ Իսկ նրանք առավել ևս թքած ունեն․ պարբերաբար հետիոտներին վրայերթի ենթարկող ոստիկաններ, պաշտոնյաներ ու իրենց զավակներ, ովքեր իրենց բոլորից վեր են համարում։

Մի քիչ էլ խոսեմ տխուր ավտոճանապարհային պատահարների մասին, և այն մասին, թե ինչպես են մեր երկրում հանգուցալուծվում նմանատիպ իրավիճակները, երբ մասնակիցները ոչ թե հայտնի դերասաններ են, այլ անհայտ պաշտոնյաներ, որոնց ազդեցությունը, ցավոք, ավելի փոքր չէ։ Մուրմանսկում դատարանը պարտավորեցրել է 12-ամյա երեխայի ընտանիքին 120 հազար ռուբլի փոխհատուցել պաշտոնյա կնոջը, ով վրաերթի էր ենթարկել այդ երեխային։ Այօ, վճարում է տուժածի ընտանիքը։

Ընդ որում, գործի նյութերում ասվում է, որ մարզային կրթության նախարարության աշխատակիցը գերազանցել է արագությունն ու իր մեքենայով հարվածել հեծանիվով գնացող երեխային։ Այսպիսի օրինակելի նիցշեականություն։ Ընկնողին հրիր։

Իսկական ջունգլիների օրենք, երբ կապեր ունենալու դեպքում ոչ միայն կարող ես ճնշել մարդկանց, այլև կարող ես պարտադրել վերանորոգել մեքենադ, որը վնասվել է նրանց հարվածելիս», — պատմում է բլոգերը։

Tekali Taxi