Արարատի մարզի Զոդի զորամասում օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումից զոհվել էր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, օգոստոսի 11-ի առավոտյան, նույն զորամասում մահացել էր նաև ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանը։ Քննչական կոմիտեն պնդում է, որ զինվորները «ինքնասպան են եղել»։ «Ինքնասպանության» դրդելու համար մի դեպքում կալանավորվել են համածառայակիցներին, մյուս դեպքում՝ վերադաս սպային, որը զորքի առաջ նվաստացրել, հայհոյել և ծեծել է զինվորին։ Զոհվածների ծնողները ինքնասպանության վարկածին չեն հավատում։ Նրանք վստահ են, որ իրենց որդիներին սպանել են։
սպաների մեծ մասը անադեկվատ են
18-ամյա Ժորա Կարապետյանը Գեղարքունիք գյուղից էր՝ 7 ամսվա ծառայող: Մահացել է դիրքերում։ Պաշտոնական վարակածը՝ ինքնասպանություն: Ժորայի հայրն ու հորեղբայրն այս վարկածը բացառում են։
«Ձեռքինը պիստալետ չէր, որ դներ գլխին, կրակեր։ Ավտոմատը երկար է, ո՞նց էր ճակատին դնելու», – Forrights.am-ի հետ զրույցում ասել է հայրը՝ Ջանիբեկ Կարապետյանը։
Հորեղբայրը՝ Արծրուն Կարապետյանը, ներկայացրել է զորմասից իրենց փոխանցված վարկածը․
«Կրակոցը ճակատին է եղել, երկու հատ։ Բախշիկ կոչեցյալն ասում է՝ ինքը ճակատին խփեց, չմահացավ, հետո հելավ նորից խփեց։ Բախշիկը հիմա կալանավայրում է, զինվոր է, Ժորայի հետ էր ծառայում»։
Բախշիկն այն երկու զինծառայողներից մեկն է, որն, ըստ Քննչական կոմիտեի, դիրքի ավագի հետ Ժորային հասցրել է ինքնասպանության։ Հորեղբայրն ասում է, որ զորամասում դեպքից հետո իրարամերժ տեղեկություններ են պտտվում։
«Ասում են՝ կազարմից դուրս է եկել ու դիրք չի հասել, մեջտեղում կրակել է։ Ասում են՝ իրեն գտել են փորի վրա ընկած, ոմն Ռոմանի զենքն էլ տակը, որը սերժանտ է։ Միաժամանակ էլ ասում են, որ սերժանտն այնքան խեղճ է եղել, որ Աբրահամը (դիրքի կալանավորված ավագը) ու Բախշիկը նեղացրել են․․․ Բախշիկը խփել է Ռոմանի զենքով։ Բախշիկը եղել է պոստի ավագին փոխարինողը, երբ ավագը վերապատրաստումների է եղել։ Այդ ընթացքում, իբր, Ժորան քնել է պոստերում, երբ Աբրահամը գանցել է, Բախշիկը իրեն այդ մասին պատմել է։ Ժորան, երբ հերթապահությունը հանձնել է ու գնացել, քնել է, Աբրահամը ոտքով խփել է ու ասել՝ հել, քնել ես, պետք է բոլորի տեղը կանգնես։ Ծեծ է եղել, կռիվ, ջարդ, որ Ժորան ամեն օր կանգնի, բայց ինքը չի կոտրվել, չի կանգնել», – պատմել է Արծրուն Կարապետյանը։
Հուլիսի 28-ին Ժորան իջել է դիրքերից, երկու օր հետո իրեն արձակման թերթիկ են տվել, մի քանի ժամով եկել է տուն։ Քույրը երեխա էր ունեցել։ Զորամաս ներկայանալու ժամից նա ուշացել է։
«Այդ ժամանակ զանգահարեց զամպալիտ մայորը։ Ես հետ զանգեցի, ինքը իմ հետ լպիրշ ձևով խոսեց, բայց ես լռեցի, քանի որ գիտակցում էի իմ մեղքը, ուշանում էինք», – ասել է հորեղբայրը։
Ըստ նրա՝ իրենք մոտ 3 ժամով ուշացել են, հետո մինչև գեշերը ժամը երեքը զորմասում քննարկել են Ժորայի ուշանալու հետևանքերը։ Մայորը իրենց սկզբում ասել է, թե Ժորային գուբախտ են տանելու, հետո՝ թե որոշել են մեկ ամսով ազատազրկել, քանի որ «խախտել է կանոնադրությունը և ուշացել»։ Գուբախտի փոխարեն Ժորային կրկին տարել են պոստեր։ Զինվորը զանգել է ծնողներին, ասել է՝ «էլի պետք է պոստեր բարձրանամ, քանի որ զորացրումներ են լինում, անձնակազմը չի հերիքում»։ Կարապետյանի ծառայակիցները նրա հետ դիրքեր չեն բարձրացել, Ժորային «ուրիշ սաստավի հետ են տարել՝ որպես չեպեշնիկ»։
Արծրուն Կարապետյանի տեղեկություններով՝ դեպքի ժամանակ զինվորների հետ հրամանատար չի եղել։ Զորամասից ասել են՝ սպաները քիչ են, չեն հերիքում։
«Եթե ղեկավարությունը տեղում լիներ․․․ էս էլ ո՞ր դեպքն է․․․ եթե մեր նախարար կոչվածը ցինիկ ժպիտի փոխարեն էս սպայական կազմին հետևեր, տեսներ, թե ինչ է տեղի ունենում․․․ Զորքի կեսը խաղաղ պայմաններում զոհվում է․․․ Ծնողն ի՞նչ անի, որ սպաները չեն հերիքում․․․ Ես կոչ եմ անում Արարատի զորամասում ծառայող զինվորների ծնողներին, եթե իրենց էրեխեքի կյանքը թանկ է, թող իրենց էրեխեքին տեղափոխեն․․․ այդ զորամասում երկու-երեք ադեկվատ սպա կա, ընդեղ տարրական, մարդկային շփումը չկա սպաների մեջ», – ասել է զոհվածի հորեղբայրը։
Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ զինծառայող Ժորա Կարապեռտյանը մինչև մահը բռնության է ենթարկվել։
«Ժորայի հարազատները դիահերձարանում նրա մարմնի տարբեր մասերում բռնության հետքեր են նկատել՝ կապտուկներ, քերծվածքներ։ Մահվանից առաջ՝ ժամերի տարբերությամբ, բռնության էր ենթարկվել նաև նույն զորամասի զինծառայող Գրանիկ Խնկոյանը։
Երկու մահվան դեպքն էլ քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել։ Ժորան մահացել է ճակատին ինքնաձիգից արձակված երկու կրակոցից։ Գրանիկի դեպքում երկու կրակոցը դեմքի շրջանում է։ Բացահայտ սպանություններ են», – գրել է իրավապաշտպանը։
շարքի դեմը էրեխուն նվաստացրել է
Պարտադիր ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանն, ըստ Քննչականի, օգոստոսի 11-ին ինքնասպան է եղել, քանի որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ մայոր Ա.Թ.-ն հրապարակավ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Սպային կալանավորել են։
«Սպանություն է, սպանություն, իմ էրեխուն սպանել են։ Ո՞վ է սպանել՝ նաչալնիկ շտաբը և կամբատը», – Forrights-ին ասել է Գրանիկի հայրը՝ Վարդան Խնկոյանը։
Զոհվածի ընտանիքը Շիրակի մարզի Բենիամին գյուղում է ապրում։ 18-ամյա Գրանիկը զորակոչվել էր այս տարվա հունվարին՝ 8 ամսվա զինծառայող էր։ Դեպքից մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել։
Նրա մահվան նախորդ օրը և հենց մահվան օրը զորմասի բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Խնկոյանը այդ մասին պատմել է եղբորը և մեկ այլ ազգակականին։
«Ասել է՝ կամբատը խփեց ինձ, ես էլ իրեն հրեցի, ինձ ծեծեցին, ու հեռախոսն անջատվում է։ Կապ չկար։ Հետո զանգել է մեր բարեկամին ու պատմել, որ իրեն ծեծել են, նվաստացրել են։ Սա՝ մինչև շարքը կանգնեցնելը։ Հետո մեր բարեկամն է զանգում ու փորձում էսքան բանն ինձ պատմել, բայց այդ օրը Շիրակի մարզում կապերի խնդիր կար, ես չէի լսում, ես, որ էդքան բանը լսեի, կգնայի։ Խփել աչքը կապտցրել են, այդտեղ եղել է կամբատը և նաչալնիկ շտաբը։ Կամբատը հայհոյել ու խփել է, որ տղես հրել է։ Չգիտեմ՝ զամպալիտը այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ », – ասել է հայրը։
Նրան ավելի ուշ զանգահարել է զամպալիտն ու ասել, որ որդու մոտ սմարթֆոն կա, որը իբր թե անթույլատրելի օբյեկտների լուսանկարներ է պարունակում։ Վարդան Խնկոյանին հրավիրել են զորամաս։ Հաջորդ օրը, երբ հայրը ճանապարհին է եղել, Գրանիկը զանգահարել է ու ասել, որ տագնապ հրաման է տրված, ասել է՝ մի արի։
«Ասաց՝ պապա, զամպալիտն ասաց, որ պապայիդ ասա, թող հետ դառնա, խառն է, երբ նորմալ ժամանակ եղավ, ես կկապվեմ իրա հետ, կհրավիրեմ զորամաս։ Այս խոսակցությունից մեկ ժամ հետո դեպքը եղել է»։
Հոր տեղեկություններով՝ զանգից հետո զորքին շարել են ու Գրանիկ Խնկոյանին ոչ կանոնադրական օրենքներով «պատասխանատվության են ենթարկել»․
«Ամբողջ զորքը ցուցմունք է տվել, որ շարքի դեմը էրեխուն նվաստացրել է, խփել է։ Շարքը ցրվելուց հետո կրակոցի ձեն են առել, գնացել տեսել են, որ էրեխուս դին գառաժի պատի հետևն է»։
Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր են մնացել։
Խնկոյաններին վշտացրել է նաև պաշտոնյաների վերաբերմունքը։ Ընտանիքին նախ ասել են, որ Գրանիկին զինվորական կարգով կհուղարկավորեն, իսկ հետո մերժել են, թե՝ «ինքնասպաններին չի հասնում զինվորական կարգով հուղարկավորութուն»։
«Դու իմ էրեխուն սպանես, ինքնասպանի պիտակը դոշին զարգես․․․ Առանց քննության ասում են՝ ինքնասպանություն»։