հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Կառավարության մի թևը Սնուփ Դոգին է բերում, մյուսը՝ ռեյդեր անում

Կառավարության մի թևը Սնուփ Դոգին է բերում, մյուսը՝ ռեյդեր անում

Կառավարությունը ավելի քան 2 միլիարդ դրամ՝ մոտ 6 միլիոն դոլար է հատկացրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ համերգին կմասնակցի 20-ից 25 հազար մարդ։ Պաշտոնյաները հաշվարկել են, որ Սնուփ Դոգի համերգին ներկա գտնվելու համար «արտերկրից Հայաստան կժամանի 5-ից 6 հազար զբոսաշրջիկ»:

Հռոմի Պապից մինչև Սնուփ Դոգ

Համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերությունը գրանցվել է 2023 թվականի ապրիլի 7-ին։ Պետական գնումների օնլայն համակարգում կազմակերպությունը որևէ պայմանագիր չունի։ Սեփականատերերը Մակար Պետրոսյանն ու Հայկ Սիմոնյանն են։

Հայկ Սիմոնյանին է պատկանում նաև 2014-ին գրանցված «Դոփինգ» ՍՊԸ-ն, որը պետբյուջեից հատկացված մոտ 3 միլիոն դրամով 2017 թվականին գրաֆիկական դիզայն է արել Հայկական զարգացման հիմնադրամի համար։ Վերջին 10 տարիներին ընկերությունը մի քանի տասնյակ խոշոր միջոցառումներ է կազմակերպել՝ Հոռմի Պապի (Սերժ Սարգսյանի փեստա Միքայել Մինասյանի կազմակերպած) հայաստանյան այցի գովազդից սկսած սոցիալական հոլովակներով, օրինակ՝ Առողջապահության նախարարության հակածխախոտային արշավով ավարտած։

Տարիներ առաջ «Հետքը» պարզել էր, որ «Դոփինգ սփեյս» ընկերության համասեփականատերերից Հայկ Սիմոնյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին և վարչապետի փեսային՝ էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարար Հայկ Հարությունյանին պատկանող «Կատանա» ընկերության տնօրենն է: «Դոփինգ սփեյսի» 51 տոկոսի բաժնետեր Մակար Պետրոսյանն էլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ արտադրող «Մապ» ընկերության 50 տոկոս սեփականատերն է՝ նախկին հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին։

Ինչո՞ւ է պետությունը որոշել 6 միլիոն դոլարի պայմանագիր կնքել հենց այս ընկերության հետ, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել, առհասարակ՝ ո՞վ է որոշել, որ հիմա ժամանակն է Երևան հրավիրել Սնուփ Դոգին, ինչո՞ւ հենց Սնուփ Դոգին՝ կառավարությունից այս հարցերն անպատասխան թողեցին։

Սնուփ Դոգի սեպտեմբերյան համերգի մասին հուլիսի վերջին ակնարկել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Քիչ անց համացանցում մի փաստաթուղթ էր հայտնվել, ըստ որի՝ պետությունն ավելի քան 23 միլիոն դոլար է հատկացնում համերգային ծրագրերի համար։ Կառավարությունից այն ժամանակ չէին հերքել, որ ֆինանսավորելու են Սնուփ Դոգի համերգը, բայց և հավաստիացրել էին, որ 23 միլիոն դոլարի մասին խոսք լինել չի կարող։

Ռեյդ անելո՞ւ եք

«Բայց շատ խնդալու ա, որ Կառավարության մի թևը հրավիրում ա աշխարհում մարիխուանայի գլխավոր պոպուլյարիզատորին, իսկ մյուս թևը հայկական ու ռուսական ակումբներ ա ջարդուխուրդ անում՝ հայնտաբերելով մի քանի գրամ մարիխուանա։ ՀՀ ներքին գործերի նախարարություն, իսկ Սնուփ Դոգի ետնաբեմում ռեյդ անելու՞ եք, թե՞ Կառավարության հյուրերին մարիխուանա օգտագործել կարելի ա:

Հ․Գ․ Առնվազն 6 միլիոն դոլարով (կան նաև այլ հովանավորներ) հնարավոր ա կազմակերպել ձեր պատկերացրած ամենահայտնի երաժիշտների համերգը։ Մեր պլանքյաշ եղբայրը կարող ա 500 ամենաթանկերի մեջ էլ չմտնի», – ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Աշոտ Խաչատրյանը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարցին չեն պատասխանել։