Սոցցանցային սպառնալիքների պատճառով ռուսական Little Big փանկ-ռեյվ խմբի երևանյան մենահամերգը չեղարկվել է։ Կազմակերպիչները (Shéné in forest բացօթյա համերգասրահը) «չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը կանցնի առանց պատահարների»՝ գրվել է խմբի ինստագրամյան էջում։ Shéné-ից խոստացել են, որ 14-օրյա ժամկետում կվերադարձնեն տոմսերի գումարը։
Little Big-ի դեմ կրոնական մեդիաարշավը սկսվել է ԱՄՆ-ի Արևելյան թեմի Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանից։ Հետագայում դրան միացել են նաև հայաստանյան ԶԼՄ-ները։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե 1257 քաղաքացիների անունից «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացվել Հայաստանի Գլխավոր դատախազություն,
քանի որ խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը անցած Սուրբ Ծննդյան օրը քահանայի շորեր հագնելով «վիրավորել է քրիստոնյաների կրոնական զգացմունքները» և «անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ»:
Ընդդիմադիր փաստաբանը հայտարարել է, թե «սրբապղծին կանխելու նպատակով» հազարից ավել քաղաքացի է համախմբվել, քանի որ «բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանը քրիստոնեության և ազգային արժեքների պահպանության օրրանն է»:
Ամիսներ առաջ Little Big-ի դեմ համանման արշավ էր կազմակերպվել նաև Ռուսաստանում։
Little Big երգիծական խումբը ստեղծվել է 2013 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում։ 2020-ին այն ընտրվել էր որպես Եվրատեսիլի (չեղարկվել է համավարակի պատճառով) ռուսաստանյան ներկայացուցիչ։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո խումբը հակապատերազմական երգ էր թողարկել, ստեղծագործական թիմի մեծ մասը արտագաղթել էր Միացյալ Նահանգներ, խմբի ռուսաստանյան տուրը չեղարկվել էր, իսկ համահիմնադիր Իլյա Պրուսիկինը ՌԴ ԱՆ-ի կողմից ճանաչվել էր «օտարերկրյա ագենտ»։
Հայ քրիստոնյաներին վրդովեցրած անվաչմուշկը հունվարին մեծ աղմուկ էր բարձրացրել նաև ռուսական իշխանական մամուլում՝ արշավին միացել էր, օրինակ, ռուսական Պետդումայի օդիոզ պատգամավոր Վիտալի Միլոնովը և ավագ քահանա Դիմիտրի Լինը։