30-օրյա վարչական կալանքից հետո բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի ռեփեր Փարվիզ Գուլուզզադեն, որը հայտնի է Paster կեղծանունով։ Տեսահոլովակը, որը ամենայն հավանականությամբ դարձել էր երաժշտի հետապնդման պատճառ, հեռացվել է YouTube–-ից։ Paster-ն այդ երգի մեջ հիշատակում է նախագահի ընտանիքին պատկանող բանկը՝ Pasha bank։ Իլհամ Ալիևի տիկնոջ, Ադրբեջանի առաջին փոխնագահ (վիցե-պրեզիդենտ) Մեհրիբան Ալիևայի մինչամուսնական ազգանունը Փաշաևա է։
2019-ի դեկտեմբերի վերջին Փարվիզ Գուլուզադեն դատապարտել էր 30-օրյա վարչական կալանքի՝ «թմրանյութերի ազդեցության տակ հանրային կարգը խախտելու» համար։
Գուլուզադեի կողմնակիցները վստահ էին, որ ռեփերն այդ կերպ «պատժվել է», քանի որ երգերում քննադատել է երկրում տիրող իրավիճակը, պաշտոնյաներին և, մասնավորապես, Pasha Bank-ը։ Այն պատկանում է Իլհամ Ալիևի երկու դուստրերին, իսկ բաժնետերերի և դիտորդ խորհրդի անդամների թվում են առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ազգականները։
Ռեփերի մտերիմները պատմել են նաև, որ ձերբակալվելուց հետո նրան ծեծել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Արտգործնախարարությունը պնդում էր, որ ռեփերը կալանավորվել է դեկտեմբերի 26–ին։ Սակայն Փարվիզի մերձավորներն ասում էին, որ դա տեղի է ունեցել դրանից չորս օր առաջ։ Հօգուտ երկրորդ վարկածի է խոսում այն, որ Paster-ն ազատ է արձակվել հունվարի 21–ին (այլ ոչ թե 25-ին)։