Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքի հետ կապված նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին, «Ազատության» փոխանցմամբ, ասել է Աբրահամյանը․
«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտնաբերելուց հետո է Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավել ևս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին»։
Նա նաև տեղեկացրել է, որ, այնուամենայնիվ, քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելեւ, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։