Արցախցի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը երեկ դուրս է եկել Շուշիի շրջանի Հին շեն գյուղից, ոգելից խմիչքի ազդեցության տակ մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում՝ հայտնել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
թարմացում — Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի դատախազությունից տեղեկացրել են, որ 61-ամյա տղամարդը օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից փորձել է ոտքով շրջանցել Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը և հասնել Հայաստան, ճանապարհին առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Մինչ այդ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, թե Բեգլարյանը խախտել է ադրբեջանա-հայկական պետական սահմանը Լաչինի շրջանում և ձերբակալվել է Աղավնո գյուղի հատվածում։
Արցախի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի մասին տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերին։ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Բեգլարյանը Շուշիից տեղահանված բնակիչներից է։
Բաքվի հաղորդագրությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքները գրել են, իբր ձերբակալված տղամարդը դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարների վարորդներից է։ Երեկ ուշ երեկոյան բեռնատարներին ուղեկցող Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հերքել է այդ լուրը։
«Կարծում եմ, այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը։ Այս տեղեկատվությունը սադրանք է, սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և SPAYKA ընկերության հետ։ Վարորդների հետ կապված, կարող եմ ասել, որ բոլորը տեղում են, և որևէ խնդիր չկա այս առումով», – ասաց Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Սարգսյանը, որ անցած շաբաթվանից Սյունիքում է, նաև տեղեկացրել է, որ բեռները պաշարված Արցախ հասցնելու հարցում որևէ տեղաշարժ չկա։ Մեկ շաբաթից ավելի է բեռնատարները կանգնած են Կոռնիձորում։ Պաշտոնյայի խոսքով՝ ռուս խաղաղապահներից դեռևս պատասխան չեն ստացել։
Հուլիսի 29-ին հայտնի դարձավ , որ ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքից առևանգել են Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որին Կարմիր Խաչը, այլ հիվանդաների հետ միասին, տեղափոխում էր Հայաստան՝ բուժվելու։ Ստեփանակերտի հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանից հաղորդել են, որ նրան տեղափոխել են Բաքու։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հավելել է՝ «Վագիֆ Խաչատուրյանին [Խաչատրյանին] մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նույն թվականին նրան կալանավորելու որոշում է կայացվել և «միջազգային հետախուզում հայտարարվել»։
Բաքուն Խաչատրյանին մեղադրում է մի շարք ծանր հանցանքների համար, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
«Վագիֆ Խաչատուրյանը [Խաչատրյանը] անցնում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով», – հայտարարել է Ադրբեջանի դատախազությունը։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը այս մեղադրանքները կեղծ է որակել․
«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»։
Բեգլարյանը հավելել է՝ Խաչատրյանը սրտի ծանր հիվանդություն ունի, որի բուժման համար մեկնում էր Երևան։
Առևանգված տղամարդու դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը, պատմել է, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել, ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Հայրը, ըստ նրա, սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։
Խորհրդային Միության ժամանակ հայրը, ըստ նրա, սովորական վարորդ է եղել։ «Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր․․․ Վարորդը կարո՞ղ է արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», – «Ազատության» հետ զրույցում ասել է Ծովինար Խաչատրյանը։
Հուլիսի 30-ին Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ, հայտնել է Կարմիր խաչը։