Home / Բանակ / Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է

Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է

Ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքից առևանգել են Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որին Կարմիր Խաչը, այլ հիվանդաների հետ միասին, տեղափոխում էր Հայաստան՝  բուժվելու։ Ստեփանակերտի հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանից հաղորդել են, որ նրան տեղափոխել են Բաքու։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հավելել է՝ «Վագիֆ Խաչատուրյանին [Խաչատրյանին] մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նույն թվականին նրան կալանավորելու որոշում է կայացվել և «միջազգային հետախուզում հայտարարվել»։

Բաքուն Խաչատրյանին մեղադրում է մի շարք ծանր հանցանքների համար, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

«Վագիֆ Խաչատուրյանը [Խաչատրյանը] անցնում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով», – հայտարարել է Ադրբեջանի դատախազությունը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը այս մեղադրանքները կեղծ է որակել․

«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»։

Բեգլարյանը հավելել է՝ Խաչատրյանը սրտի ծանր հիվանդություն ունի, որի բուժման համար մեկնում էր Երևան։

առևանգել են, արգելանքի տակ առել, տարել անհայտ ուղղությամբ

Լաչինի միջանցքն արգելափակելուց և Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց հետո սա ադրբեջանցիների կողմից ղարաբաղցու ձերբակալության առաջին դեպքն է։

68-ամյա տղամարդու առևանգման մասին առաջինը հաղորդել է ԼՂ պետնախարարը։

Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր Կարմիր խաչի միջոցով Լեռնային Ղարաբաղից (բուժման համար) Հայաստան տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխել այլ վայր՝ ժամեր առաջ գրել է Գուրգեն Ներսիսյանը։

Դատելով նրա հաղորդագրությունից՝ այդ պահին ԿԽՄԿ ներկայացուցիչները առևանգված քաղաքացու կողքին են եղել, բանակցություններ են վարել։

՛Ավելի ուշ, ըստ Ղարաբաղի օմբուդսմենի, առևանգված տղամարդուն ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ, նրան որևէ մեկը՝ ոչ հարազատները, ոչ Կարմիր Խաչի աշխատակիցները, ոչ ռուս խաղաղապահները, չեն ուղեկցել։

Ավելի ուշ առևանգված տղամարդու դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը, պատմել է, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել, ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Հայրը, ըստ նրա, սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։

«Խիստ առողջական խնդիրներ ուներ, շուտափույթ պետք է վիրահատեին։ Ինքն իրեն լավ չէր զգում, անցակետում նույնիսկ արդեն ի վիճակի չէր կանգնելու», – փոխանցել է կինը։

Խորհրդային Միության ժամանակ հայրը, ըստ նրա, սովորական վարորդ է եղել։

«Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր․․․ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», – «Ազատության» հետ զրույցում ասել է Ծովինար Խաչատրյանը։

Այն մասին, որ Լաչինի միջանցքում (նոյեմբերի 9-ի այլևս չգործող հայտարարության համաձայն այս ճանապարհը պետք է ռուսական կողմի վերահսկողության տակ լիներ) ադրբեջանական անցակետի տեղադրումը հղի է նման վտանգներով՝ Լեռնային Ղարաբաղում վաղուց են ահազանգում։ Ադրբեջանը, որը արդեն ավելի քան 8 ամիս է՝ շրջափակման մեջ է պահում Ղարաբաղի հայկական հատվածը, մեկ ամսից ավել է արգելում է նաև հումանիտար բեռնափոխադրումները, տեսականորեն (այլևս նաև գործնականորեն) անցակետից կարող է առևանգել ցանկացած քաղաքացու։ 

տե՛ս «Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք»․ ղարաբաղցիները կանչում են փողոց

խաղաղապահները լուռ են, Կարմիր խաչը՝ զուսպ

Արդյո՞ք միջանցքի վերահսկողության պատասխանատու ռուս խաղաղապահները որևէ կերպ փորձել են կանխել ձերբակալությունը՝ այս մասին որևէ տեղեկություն չկա, ռուսական կողմը դեռ որևէ հայտարարություն չի տարածել։

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին պարզաբանել է՝ մարդկանց տեղափոխությունը կազմակերպելուց առաջ ԿԽՄԿ-ն նախօրոք համաձայնություն է ստանում բոլոր կողմերից․

«Սա ներառում է նաև տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր և նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»։

Ամատունին շեշտել է՝ ցանկացած խնդրի դեպքում իրենք կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով կապի մեջ են լինում համապատասխան իշխանությունների հետ, այն մասին, թե ինչ է եղել և ինչու, այս պահին խոսել չեն կարող։

թարմացում (հուլիսի 30) — Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ՝ գրել է Կարմիր խաչը։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Տղամարդուն դիմավորել են մեր պատվիրակները, որոնցից մեկը՝ բժիշկ։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ», – ասված է կազմակերպության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի պետնախարարն ասել է «Հետքին», որ ԼՂ օմբուդսմենն ու ՆԳ նախարարը հանդիպել են ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ՝ առանձին և Վագիֆ Խաչատրյանի հարազատների հետ միասին։ Հանդիպում է եղել նաև ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Հուլիսի 29-ի երեկոյան ԿԽՄԿ-ն տեղեկացրել է նրանց, որ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, բայց ընտանիքի հետ կապ հաստատել չի հաջողվել: