Հատվածներ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի ասուլիսից.
— ․․․Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում նաև մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական։
Ուկրաինայի իրադարձությունների բերումով տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և Արևելք-Արևմուտք ավանդական բանաձևերն այլևս բավարար չափով չեն գործում:
Ստեղված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի և դերի հստակեցումը: Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի, և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:
Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։
Ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել: Չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր Կառավարության հավատարմությունն այդ օրակարգին․․․
հատվածներ հարցուպատասխանից.
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել
— Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների, խոսակցության կողմ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը։
— Բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի բխում կամ չի երևում նման պատրաստակամություն։
Նաև պետք է ընդգծել, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում՝ բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից՝ համենայն դեպս հիշատակման արժանի է, որ նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին։
— Ինձ համար այս մտածողության ամենամեծ արտահայտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ «ես Ադրբեջանի հետ չեմ բանակցում, ես բանակցում եմ համանախագահների հետ»։ Այսինքն, Ադրբեջանն ո՞վ է, որ մենք նրա հետ բանակցենք։ Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, այս ժողովուրդն ո՞ւմ հետ է ապրելու տարածաշրջանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հե՞տ։
— Եթե արգելել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է նույն այդ որոշմամբ՝ հայաստանյան [ակնարկում է «ՀայաՔվե» նախաձեռնությունը, որը ստորագրահավաք է սկսել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան մաս ճանաչելը սահմանադրորեն արգելելու նպատակով – խմբ․] Ադրբեջանին արգելել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․․․ Ես դրա համար եմ ասում՝ առանձին մոլորակի վրա չենք ապրում․․․ Ես 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վարչապետն եմ։
Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկվում
— Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարց չի քննարկվում։ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը։
[հարցին՝ քննարկվում է արդյոք Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու հարց] — Որևէ արձագանք սրա վերաբերյալ չունեմ, որովհետև այս հարցը ինձ չի վերաբերում։ Նման քննարկում մենք երբևէ չենք ունեցել։Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, բայց
— Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է, բայց որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ։
— Մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու։
— [Լեռնային Ղարաբաղում մեծածավալ ռազմական գործողությունների վերսկսման] սցենար քննարկել չեմ ցանկանում ընդհանրապես։ Իմ կարծիքը այն է, որ Լեռնային Ղարաբաղում չպետք է ռազմական գործողություններ լինեն, և իմ այսօրվա ասելիքի հիմնական ուղերձը դա է։
Լաչինի միջանցքն ու «Աղդամի ճանապարհը»
— Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել և չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Ես Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցեր, այլ հարցեր ես չեմ քննարկում․․․ Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում, Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունն ապահովելու վերաբերյալ։
Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Ղարաբաղից․․․
— Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղակայումը ունի նպատակ, այն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի որոշման մեջ՝ «Լեռնային Ղարաբաղում բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար»։ ․․․Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից՝ անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ չկա։ Որովհետև եթե նման վտանգ կա, դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է նման որոշում կայացնել։ Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, օրինակ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում գտնվել է արդյունավետ և կողմերը արձանագրել են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա:
Լաչինի միջանցքը չի բացվում
— Դա կոնկրետ խնդիր է Ռուսաստանի համար՝ և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են Լեռնային Ղարաբաղում և, մեծ հաշվով, այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Երբ ասում ենք «հումանիտար ճգնաժամ», ասում ենք, որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա՝ սկսած նրանից, որ պարենը կարող է այն աստիճանի սպառվել, որ կենսական պրոբլեմներ առաջանան․․․ Սա շատ մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով: Սա խնդիր է նաև Միջազգային հանրության համար՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, դրա փաստացի չկատարումը․․․ Եվ այս խնդիրն ավելի է բարդանում, մանավանդ որ փլուզված աշխարհակարգի պայմաններում ենք ապրում:
— Բայց մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է, մտածում է՝ բա հարցը ո՞նց լուծենք Ղարաբաղի կամ Հայաստանի: Դա մեր խնդիրն է, և մենք պետք է գտնենք ձևերը լուծելու․․․
— Բայց մեզ հայտնի բանաձևերով առաջնորդվելով՝ չենք լուծելու այդ խնդիրները: Մեզ այլ բանաձևեր և այլ դիտանկյուններ են պետք:
Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ կան
— Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում, մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում․․․ Դա հողի վրա արտահայտվելու համար որոշակի պրոցեսներ պետք է անցնի։
— ԱՄՆ-ն իրոք շատ լուրջ ջանքեր է գործադրում՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելու համար։
— Ռուսաստանի բանակցային ակտիվությունը որոշակի նվազել է՝ ոչ թե այն պատճառով, որ նրանք չեն ուզում հարցի կարգավորում, այլ Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված․ այն էներգիան, որ կներդնեին այս հարցում, հիմա չեն ներդնի: