Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ առ այսօր չեն խոսել։ Չնայած Կարմիր խաչից հուլիսի 30-ին տեղեկացրել էին, թե 68-ամյա արցախցուն ընտանիքի հետ կապվելու հնարավորություն է տրվել, նրա երեխաները պնդում են, որ հոր հետ կապ հաստատել այդպես էլ չեն կարողացել։
թարմացում (16:42) — Օգոստոսի 7-ին Կարմիր խաչից երկտող են փոխանցել Վագիֆ Խաչատրյանի դուրստրերին և տեղեկացրել, որ այցելել են նրան։ «Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար, բայց իր հիվանդությունը բուժելի հիվանդություն չէ, այլ վիրահատական։ Եկտող փոխանցեցին մեզ, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»», – news.am-ին ասել է Վերա Խաչատրյանը՝ Բաքվում պահվող հայ տղամարդու դուստրը:
68-ամյա բուժառուին ադրբեջանցի զինվորականները առևանգել են Կարմիր Խաչի կազմակերպած տեղափոխության ժամանակ՝ Հակարիի կամրջի անցակետից։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել է, թե Խաչատրյանը Բաքվում է, նա 2013 թվականից մեղադրվում է Ղարաբաղյան առաջին պատերազմում պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, այժմ բերման է ենթարկվել և կալանավորվել։ Ստեփանակերտը մեղադրանքը շինծու է որակել։
տե՛ս Լաչինից առևանգված արցախցուն ձերբակալել են և տարել Բաքու․ նա ծանր հիվանդ է
Խաչատրյանի երեխաները ահազանգել են՝ հայրը ծանր հիվանդ է, շտապ վիրահատության կարիք ունի։
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի դատախազությունից տեղեկացրել են, թե «2013 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանին» հարցաքննել են, մեղադրանք առաջադրել և կալանավորել։
APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչ Իլգար Սաֆարովն նշել է, որ ձերբակալությունից հետո Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց և բուժզննում անցել, «նրան փաստաբան և թարգմանիչ են տրամադրել»։
Հայ կալանավորին տեսակցել է նաև Ադրբեջանի օմբուդսմենը։ Խաչատրյանի լուսանկարը՝ պաշտոնական հաղորդագրության հետ միասին, հրապարակվել է լրատվամիջոցներում։
Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը հավաստիացրել է, թե «տուժողների հաղորդման հիման վրա» տարիներ առաջ քրեական գործ էր հարցուվել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին նախկին Ասկերանի, այժմ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված։ Վագիֆ Խաչատրյանը 9 մեղադրյալներից մեկն է։
«Հետաքննության ընթացքում պարզվել է Մեշալիի ջարդերին մասնակցած 9 հայ զինյալների ինքնությունը, նրանց բոլորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, [2023-ի հուլիսի 29-ին] բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մյուս հետախուզվողներին հայտնաբերելու, հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ», – ասել է Սաֆարովը։
Մեշալիում Ղարաբաղյան առաջին պատերազմի օրոք տեղի ունեցած դեպքերը Բաքուն ջարդեր, այժմ՝ նաև ցեղասպանություն է որակում։ Ադրբեջանցի իրավապահները պնդում են, որ 1991-ի դեկտեմբերի 23-ին հայ զինյալները հարձակվել են գյուղի վրա, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Մահացածների թվում են եղել 8 կին և 3 երեխա։ Գյուղը այրվել է։ Ողջ մնացածները գաղթել են։ Գյուղին հասցված վնասը Բաքուն մոտ 5,5 մլն մանաթ է գնահատել։
Խաչատրյանին ադրբեջանցի քննիչները մեղադրել են «ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման» մեջ։
Ստեփանակերտից հակադարձել են՝ Խաչատրյանը ծնվել է 1955-ին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում, «բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում», «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են»։
Առևանգված տղամարդու դուստրը պատմել է՝ հայրը սովորական վարորդ է եղել․ «Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր․․․ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում»։
Ադրբեջանի դատախազությունից, մինչ այդ, հաղորդել են, թե 68-ամյա ղարաբաղցու ձերբակալությունից հետո հարցաքննվել են նաև տուժողները և Մեշալիի դեպքերի վկաները, «նոր հանգամանքներ էլ են ի հայտ եկել»։
Գլխավոր դատախազի տեղակալ Իլգար Սաֆարովը հայտարարել է, թե «պատերազմական հանցագործությունների վրա վաղեմության ժամկետ չի տարածվում»։ Վագիֆ Խաչատրյանին դեռ դատելու են՝ հավելել է պաշտոնյան։ Տասը տարի առաջ, ըստ նրա, 68-ամյա արցախցուն մեղադրանք է առաջադրվել, բայց դատավճիռ չի կայացվել՝ գործը «նախաքննության փուլում է», «մեղադրական եզրակացություն դեռ չկա»։
Նույն գործով անցնող մյուս 8 հայերի հետախուզումը շարունակվում է։
Իլգար Սաֆարովն ընդգծել է՝ Ադրբեջանը հետաքննում է ոչ միայն Մեշալիի ողբերգությունը, այլև Ղարաբաղյան առաջին պատերազմի օրոք տեղի ունեցած մնացած հանցագործությունները։ Խոսքը տասնյակ քրեական գործերի մասին է։
Ղարաբաղյան կողմը սա գնահատում է որպես ուղիղ սպառնալիք։
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փաստացի ադրբեջանական վերահսկողության ներքո է գտնվում, Ղարաբաղում ապրող գրեթե բոլոր տղամարդիկ՝ առաջին և երկրորդ պատերազմի մասնակիցները, թիրախի տակ են՝ նրանց կարող են ձերբակալել, առևանգել և պատերազմական հանցագործություններ մեղսագրել։
Քրեական գործերի ընթացքին, մեղադրանքների բովանդակությանը հետևել հնարավոր չի, ապացույցները հրապարակային չեն, արդյունավետ պաշտպանություն հայ բանտարկյալներին չի տրամադրվում։
տե՛ս «Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք»․ ղարաբաղցիները կանչում են փողոց
Կարմիր խաչից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան և հակառակ ուղղությամբ բուժառուների տեղափոխությունը կազմակերպելուց առաջ կապ են հաստատում կողմերի հետ, տեղեկություններ ստանում տեղափոխման ենթակա մարդկանց վերաբերյալ, նախօրոք համաձայնեցնում երթը։
Վագիֆ Խաչատրյանի առևանգումից երկու օր անց հաղորդվել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի առևանգման մասին։ 61-ամյա տղամարդը, ըստ ԼՂ դատախազության, օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից փորձել է ոտքով շրջանցել Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը և հասնել Հայաստան, ճանապարհին առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ադրբեջանում նրան մեղադրում են սահմանն ապօրինի հատելու մեջ։ Բեգլարյանին առ այսօր Կարմիր խաչից չեն տեսակցել։