Աղդամի ճանապարհով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հումանիտար բեռ ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»՝ ասել է ԼՂ նախագահի խոսնակ Լուսինե Սարգսյանը։
Առավոտյան ադրբեջանական Կարմիր մահիկի նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատար՝ 40 տոննա ալյուր է ուղարկվում Լեռնային Ղարաբաղ: «Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում [Ստեփանակերտ] ապրող հայազգի բնակչության կողմից», – ասել է Ասլանը։ 40 տոննա բեռը, ըստ նրա, ներառում է ալյուրից պատրաստված մթերքներ, ու եթե կարիքների գնահատում արվի, հնարավոր է՝ հետագայում մատակարարվեն նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։
Ստեփանակերտից արձագանքում են՝ Լաչինի միջանցքի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ։ Աղդամի ճանապարհի գործարկման շուրջ որևէ պայմանավորվածություն չկա։ Ղարաբաղի նախագահի խոսնակը ընդգծում է՝ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը պետք է ծավալվի նախևառաջ Լաչինի շուրջ․ «Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը․․․»։
Արդեն երկուսուկես ամիս է՝ Բաքուն արգելում է Լաչինով հումանիտար բեռների ներկրել։ Լեռնային Ղարաբաղ ո՛չ սնունդ է մտնում, ո՛չ դեղորայք, ո՛չ էլ վառելիք։ Ռուս խաղաղապահները իրենց համար ապրանքներ են մատակարարում ուղղաթիռներով՝ Սիսիանի օդանավակայանից։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստացի չի գործում, Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է «Աղդամի այլընտրանքով»։ Բաքվից հայտարարում են, թե պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Ղարաբաղի հայերին՝ Աղդամ-Ստեփանակերտ կամ Ֆիզուլի-Շուշի ճանապարհներով։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սա գնահատում են որպես բլոկադային շանտաժի և «ինտեգրացիոն» քաղաքականության մի մաս։ Մոսկվան այս առաջարկին սատարում է (Ռուսական կողմն առաջարկել է բացել նախ Աղդամի, իսկ մեկ օր անց՝ նաև Լաչինի ճանապարհը․ պայմանավորվածությունը հետագայում տապալվել է), Վաշինգտոնն ու Բրյուսելը «ընդունում են ի գիտություն»։
նախագահը սպառնում է գնալ դիրքեր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահը փակ քննարկումներ է սկսել քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հանդիպումները Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Մասնակիցներին նա տեղեկացրել է, որ արցախյան կողմը լուրջ ճնշումների է ենթարկվում՝ ճանապարհի վերագործարկումը արտոնելու համար։
Այս ֆոնին Ղարաբաղում լարված ներքաղաքական պայքար է ընթանում։ Լրատվամիջոցները և ընդդիմադիր շրջանակները (ի դեմս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի, որին սատարում են Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը) պարբերաբար խոսում են նախագահի հրաժարականի մասին։
Երեկվա միջադեպից հետո (ադրբեջանական կողմը Հակարիի անցակետից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան տեղափոխվող երիտասարդներից երեքին և տեղափոխել Բաքու՝ դատապարտելով 10-օրյա վարչական կալանքի) Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր սկսվել։ Երեկոյան տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, գիշերը փակ քննարկում էր սկսվել նաև խորհրդարանում։
ԱԺ նիստից հետո Արայիկ Հարությունյանը իջել էր հրապարակում հավաքված մարդկանց մոտ, խոսում էր սովի, հղի կանանց և երեխաների թերսնվածության, մահերի մասին․ «Ինչո՞ւ ենք մենք ուշացել։ Դուք կարող եք ինձ հայհոյել, վիրավորել, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին․․․»։
Մոտ 6 ժամ տևած քննարկումը, սակայն, ավարտվել էր ոչնչով՝ միասնական որոշում խորհրդարանական ուժերը կայացնել չեն կարողացել։
«Բայց ես, որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որշումը ասել։ Եթե չհարգվի ժողովրդի կողմից, դա այլ հարց է։ Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը, – հրապարակում հավաքված մարդկանց ասում էր Արայիկ Հարությունյանը․ – Գործելու է մի հատ ճանապարհ, դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ տեղով մթերք չենք բերելու»։
Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ժողովրդին, ինչ-որ պահ հարցնում էր՝ « դուք ինձ հավատո՞ւմ եք», ի պատասխան շատերը գոռում էին՝ «չէ»։
Խորհրդարանի փակ նիստի ժամանակ, ըստ նախագահի, քննարկվել է նաև իր՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը։ «Ես մի քանի օր առաջ էլ եմ ուզել հրաժարական տալ․․․ Կորոշովի՝ վաղը-մյուս օրն արդեն էս նույն կազմով կամ մի քիչ ավելի նեղ կազմով․․․ Եթե պետք է, որ ես հրաժարական տամ, ես գալու եմ աշխարհազորի հետ միասին պոստ կանգնեմ»։
Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի
Սոցցանցերում քննարկվում է երեկոյան նոր հանրահավաք անելու հարցը։
«Ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։ Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։ Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։ Այո, մենք սոված ենք, այո, Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»», – գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
Ակտիվիստական տարբեր խմբեր այս օրերին հայտարարում են, որ դիմադրելու են Աղդամի ճանապարհի գործարկման հեռանկարներին։
Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղ բեռներ չեն մտնում։ «Մարդասիրական օգնությունը» լռվում է մուտքի մոտ։
Քիչ առաջ հայտարարվեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետը։ Նա նախատեսում է ուղեկցել Ֆրանսիայի անունից Ղարաբաղ ուղարկվող հումանիտար շարասյունը, որը Կոռնիձոր կհասնի օգոստոսի վերջին։ Կոռնիձորում մեկ ամսից ավել է՝ կանգնած են Երևանից ուղարկված բեռնատարները։ Ադրբեջանը դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելում է։