Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքել են հայ-ադրբեջանական սահմանին զորք և զինտեխնիկա կենտրոնացնելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները։ Ստեփանակերտից մեկնաբանել են՝ ապատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
Բաքուն, մինչ այդ, հայտարարել է, թե Հայաստանը փորձում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը գործիքավորել «քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյացիոն արշավում» և մեղադրել է հայկական կողմին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի «բնականոն աշխատանքին» և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը «խոչընդոտելու» մեջ։ Լեռնային Ղարաբաղի 8-ամսյա բլոկադայի մասին (վերջին 2 ամսվա ընթացքում Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների և դեղամիջոցների ներկրումն է արգելում) հայտարարությունները Բաքուն անհիմն է որակել։
Աղդամի ճանապարհից ՄԱԿ-ի ԱԽ
Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պահանջել արտահերթ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հայկական կողմը ընդգծել է՝ հունիսի 15-ից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին և անկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։
Արդեն այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ է դիմում մի հարցով, որը օրեր առաջ կլուծվեր, եթե հայկական կողմը չխոչընդոտեր դրան։
«Ինտենսիվ խորհրդակցություններից հետո, «մաքոքային դիվանագիտության» ջանքերի շնորհիվ ի վերջո պայմանավորվածություն էր ձեռք բերվել ղարաբաղյան շրջան հումանիտար բեռների՝ տարբեր երթուղիներով մատակարարման, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ բանագնացի և տեղի հայ բնակչության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման շուրջ։ Ենթադրվում էր, որ պայմաններ կստեղծվեն՝ Կարմիր Խաչի միջոցով Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար հումանիտար բեռների առաքման համար։ Դրա համար հարկավոր էր, որ բետոնե և այլ ֆիզիկական պատնեշները, որոնք Հայաստանը դրել է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ – խմբ․] ճանապարհին, հեռացվեն։ 24 ժամ անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի ճանապարհի՝ Կարմիր խաչի կողմից օգտագործումը։ Բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախումբն ու ԿԽՄԿ-ն, պատրաստ էին իրագործել այս պայմանավորվածությունները։ Երկրորդ հարցի շուրջ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանդիպումը անցկացնել Եվլախում։
Բայց 2023 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանը խախտել է այս երկու պայմանավորվածությունները՝ առաջ քաշելով քաղաքականապես պատճառաբանված ապօրինի պահանջներ և տարատեսակ պատրվակներ։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ Հայաստանը պահանջում էր միջազգային հանրությունից և ՄԱԿ-ի ԱԽ-ից, կարելի էր լուծել սրանից մի քանի օր առաջ՝ գործընկներների, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների աջակցությամբ։ Բայց դա տեղի չունեցավ Հայաստանի մերժման պատճառով։ Եթե Հայաստանը և նրա ինքնակոչ կառույցները կատարեին պայմանավորվածությունները, Ղարաբաղի շրջանի բնակչությանը հումանիտար բեռներ մատակարարելու և մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը հեշտացնելու հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին», – գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայաստանին Ադրբեջանը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գործիքավորելու և նույն կառույցի կողմից 30 տարի առաջ ընդունված բանաձևերն անտեսելու, լարվածություն հարուցելու, ռևանշիզմի և մի շարք այլ բաների մեջ։ Հայտարարվել է, թե Լեռնային Ղարաբաղում ընթացող բլոկադայի հարցով միջազգային այս կառույցին դիմելու՝ հայկական կողմի որոշումը կայացվել է «հենց այն պահին, երբ Հայաստանը գիտակցաբար և նպատակադրված խոչընդոտում է միջազգային գործընկերների միջոցով բալանսավորված, միջազգային-իրավական և ընդունելի լուծումներ գտնելուն ուղղված ջանքերին»։
Կոմերսանտի արտահոսքը
Օրեր առաջ ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով բարձրաստիճան ռուս պաշտոնյայի, գրել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, որպեսզի Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ մատակարարեն անհրաժեշտ ապրանքները, իսկ մեկ օր անց՝ վերաբացել նաև Լաչինի ճանապարհը։ «Այս տարբերակը բարձր աստիճանի պատրաստվածության էր բերված»,- ասել էր «Կոմերսանտի» զրուցակիցը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ առհասարակ չմատակարարվեն։ Սրանից անմիջապես հետո ադրբեջանցի ուժայինները Հակարիից առևանգել են Վագիֆ Խաչատրյանին, և փոխզիջումը փաստացի տապալվել է։
Մոսկվայում, ըստ ռուս պաշտոնյայի, իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։ Համառում են նաև Ղարաբաղի իշխանությունները։ Ռուս պաշտոնյան վերջում համոզմունք է հայտնել, որ «Աղդամի այդ ճանապարհը, ամեն դեպքում, բացվելու է»։
Օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են այս տեղեկությունը և հայտարարել, թե պայմանավորվածությունները վերջին պահին խախտել են Լեռնային Ղարաբաղի [Բաքուն արդեն «Ղարաբաղի մարզ» ձևակերպումն է օգտագործում] հայ բնակիչների ներկայացուցիչները։
Ստեփանակերտից արձագանքել են․ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախը միշտ ունեցել եւ շարունակում է ունենալ հետեւողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա: Այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի եւ սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք եւ Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց»:
«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են, – մեկնաբանել էր Ղարաբաղի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը․ – Եվ հետո՝ ո՞վ է ասել, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի միայն հումանիտար բեռների շնորհիվ, որտե՞ղ է դա գրված, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պետք է հումանիտար բեռով ապրի, իսկ հիմա այդ տարբերակները, որոնց մասին խոսվում է եվրոպական և ռուսաստանյան հարթակում, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը պետք է միայն ապրի հումանիտար բեռով՝ դա կլինի Լաչինի միջանքով, թե Աղդամով, իրենց համար տարբերություն չկա»։
հող են նախապատրաստում
Ադրբեջանի արտգործնախարարության այսօրվա հաղորդագրությունը ամփոփվել է ռազմական մեղադրանքներով։
Բաքուն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը», իսկ «պետական սահմանի երկայնքով վերջին օրերին նկատվում են ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ»։ Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին միջազգային իրավունքը և սեփական պարտավորությունները խախտելու, Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ։ Հայտարարվել է, թե «2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման, օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա»։ Հատուկ շեշտվել է, թե «Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման քաղաքականություն»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է․ «Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից արձագանքել են՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, իրականությանը չեն համապատասխանում․ «Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդմանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հավելել է՝ ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում․ «Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»: