Ստեփանակերտցի Դավիթ Մինասյանը պնդում է՝ ոստիկաններն իրեն առևանգել են, տարել բաժին և ծեծել այն բանի համար, որ Վերածննդի հրապարակում հայտարարել է՝ սոված է:
Օգոստոսի 19-ի երեկոյան նա մարդկանց հավաքի էր կանչել, ֆեյսբուքյան իր էջում մինչ այդ պատմել էր՝ տանը ուտելու բան արդեն չունի․ «Փողը ստանում ենք, մեր ջեբումն ա, բայց տուն գնալուց մագազինում ուզում ենք մի բան առնենք, տանենք մեր խոխեքին տանք, որ ուտեն, բայց որ էտ մի բանը չկա, մագազիններում ոչ մի բան չկա, մեկը կարա՞ դուրս գա ասի՝ էս փողը մեր ինչի՞ն է պետք, որ աշխատում ենք։ Ես սովորական քաղաքացի եմ, առավոտը գործի գնալիս քաղցր չայ էլ չեմ կարեցել խմել»։
«Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ կապ չունեմ, սովորական հայրենակից եմ, – ասում էր ստեփանակերտցի ակտվիստը․ – Սոված եմ ․․․ ինձ նման մարդիկ շատ կան ․․․ իմ կողքին կանգնելու են՝ խոսեն, ես էլ եմ խոսելու ․․․ Գուրգեն Ներսիսյանն է, Արայիկ Հարությունյանն է` նրանց պետք է դուրս հանենք, հարցնենք՝ ի՞նչ է լինելու սրա վերջը, էսքան մեզ խաբել եք, էսքան հանրահավաք եք արել, ի՞նչ է դարձել․․․ ես արդեն գիտեմ՝ ով ում մարդն է, ես չեմ թողնելու, որ էտ մարդիկ մոտենան մեր հանրահավաքին, խոսեն, ես թողելու եմ, որ ծնողները խոսեն, խոխեքը խոսեն, բաբոն խոսի, դեդոն խոսի, որովհետև էտ մարդիկ ենք տուժված էսօրվա օրով»։
Հրապարակում շաբաթ օրը մի քանի տասնյակ մարդ էր հավաքել։ Ղարաբաղի իշխանություններից նրանք պահանջում էին խանութներին սնունդ մատակարարել, պնդում էին, որ փաստեր ունեն՝ պահեստավորված մթերք կա, ուղղաթիռներով մատակարարումները չեն ընդհատվել, բայց շարքային արցախցիներին ոչինչ չի հասնում. «Իրա [նախագահ Արայիկ Հարությունյանի] մարդիկ կարողանում են օգտվեն էդ պահեստներից, բայց սովորական մարդիկ՝ չէ»:
Ոստիկանները Մինասյանին փորձել են բերման ենթարկել հենց հավաքի վայրից, բայց մարդիկ թույլ չեն տվել։
«Ինձ դեռ չեն բռնել, բայց չգիտեմ՝ հետո կբռնեն, թե չէ», – երեկոյան՝ Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանից, ուղիղ եթերով ասել է ակտիվիստը։
Ավելի ուշ՝ գիշերը երկուսի կողմը, Մինասյանը տուն գնալիս հարձակման է ենթարկվել։ «Ուազ»-ից դուրս են եկել, բռնել, նստացրել մեքենան։ Ոստիկաններից երկուսը խփել և հայհոյել են նրան, գլխին դիմակ են քաշել։ Դավիթը վստահ է՝ իրեն տարել են ոստիկանության Ասկերանի բաժանմունք, ասում է՝ ծեծել են ճանապարհին էլ, բաժանմունքում էլ։ Հաջորդ օրը բաց են թողել։
«[Ոստիկաններից] երկուսին հաստատ գիտեմ, ապացուցում եմ, որ իրանք են ինձ խփել․ Ասկերանի ոստիկանապետն ա ինձ խփել, քաղաքացիական շորերով ա եղել, մեկ էլ Ստեփանակերտի ոստիկանապետը», – «Ազատության» հետ զրույցում ասել է ստեփանակերտցի ակտիվիստը:
Ոստիկանական բաժանմունքում քննարկվել են նաև նրա ծաղերգական տեսանյութերը՝ «բա կարելի՞ է կատակել մեր նախագահի մասին»։ Մինասյանը վերջին ամիսներին վիդեոներ է հրապարակում, որոնցում նմանակում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ակնոցներ է դնում, փողկապի փոխարեն գուլպա կապում, վերաշարադրում նրա «բլոկադային» ելույթները։ Ունկնդիրներին նա սովորեցնում է, օրինակ, ձմերուկ խորովել կամ ինքնապարգևատրվել կառավարական տալոններով։ Մինասյանը պնդում է՝ Արայիկ Հարությունյանի շրջապատը նույնիսկ այս պայմաններում սոված չի մնում։
Պաշարված Ղարաբաղում սննդի անհավասար բաշխման մասին շատերն են խոսում։ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում (օգոստոսի 21-ի) հերթերում կանգնած կանայք ահազանգում են․ «Ով որ ծանոթ ունի՝ նրանց է ուտելիք հասնում», «5 ժամ հերթում կանգնում ես, որ մի հատ հաց տանես տուն։ Տանը 7 շունչ կա, մի հացը տանեմ ո՞ւմ տամ», «Հացը տանում՝ ռեստորաններին են բաժանում, ժողովուրդն էստեղ սոված մահանում է»։ Դավիթ Մինասյանն էլ «Ազատության» եթերում է ցուցադրում է իր տան պաշարները։ Ամսից ավել է՝ իր ընտանիքը միայն կարտոֆիլ էր ուտում, երեկվանից դա էլ չունեն: Սառնարանում միայն կաթ է, որ իր աշխատավայրից են տրամադրել, խոհանոցում՝ կես շիշ դոշաբ։
Ասկերանի ոստիկանությունից հերքել են՝ Դավիթ Մինասյանին ոչ իրենց բաժանմուքն են տարել, ոչ էլ ծեծել են։ Ասկերանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը հայտարարել է, թե ոչ ճանաչում է նրան, ոչ էլ «անգամ մատով է կպել»։ Ստեփանակերտի բաժնից միջադեպը չեն մեկնաբանել։
Լեղնային Ղարաբաղի Դատախազությունից և Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ Դավիթ Մինասյանի դեպքով որևէ իրավական գործընթաց չկա։ Ազատ արձակվելուց հետո Մինասյանը բողոք է ներկայացրել ԼՂ օմբուդսմենի գրասենյակին։