Home / Հայաստան / Կա՞ արդյոք որևէ մեդիա քննադատություն, որը սուիցիդալ չի

Կա՞ արդյոք որևէ մեդիա քննադատություն, որը սուիցիդալ չի

Աթիլա Կոտանի

Ներկայացված է Երրորդ մեթաֆորումի ժամանակ
MetaForum III. Under Construction, Budapest Content Conference, Oct. 1996

Սկզբում ուզում էի մերժել Յանոս Շուգարի հրավերը, քանի որ վախեցա, որ մեդիան ինձ համար շատ ավելի քննադատական գույներով է ներկայանում, որպեսզի քննարկման արժանի համարվի նույնիսկ քննադատական դիրքավորմամբ կոնֆերանսի համար։ Դրա շուրջ իմ այսքան լարված լինելու պատճառը ոչ այլ տեղ է, քան կենսագրությանս մեջ։ Ես ապրել եմ երեք սարսափելի բռնապետություններում, որոնցից երկուսի վերելքին անձամբ ականատես եմ եղել և ունկնդրել եմ մեդիայի թևաթափահարումների մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին իտալական վաղ ֆաշիզմի տեսաբանները և Մարինեթիի նման ֆուտուրիստներն արդեն իսկ մատնանշել էին, թե ինչ կարող է առաջացնել բաց մեքենայի վրա վեր խոյացող ընդամենը մեկ բարձրախոսի զորությունը, որտեղ խոսնակները կանգնում էին լսարանին դիմելիս։ Նույնիսկ փոքր քաղաքում կարող էիր գրավել ամբոխներին։

Իհարկե, այս մեկն ինքս չեմ տեսել ու լսել, բայց տեսել եմ Հորթիի բռնապետությունը, ով իտալական ֆիասկոյից դասեր քաղելուց հետո կազմակերպեց կոնտրհեղափոխություն, որը 1919-ին տապալեց Հունգարական խորհրդային հանրապետությունը։ Այնուհետև, բավականին գիտակից տարիքում ապրել եմ Հիտլերի եւ Ստալինի մեդիա քաղաքականության մեջ։ Եվ ավելին, ես 30 տարի եղել եմ և շարունակում եմ լինել հետպատերազմյան Գերմանիայի ազատական շուկայի մեդիա դրախտում բնակվող քաղաքացին։ Քանի որ նույնիսկ նրա գործունեությունը կախված է իշխանական կենտրոններից, քաղաքական և տնտեսական հակումների հանգույցներից, հետևաբար սա երրորդ բռնապետությունն է՝ արևմտյան լիբերալ եվրոպայի և մասնակիորեն ամերիկյան Սառը պատերազմյան մեդիաաշխարհը, որի մոլի հաճախորդն եմ եղել ու կամ։

Մինչեւ 1961 թիվը ես էլ «Situationiste International» անունով ֆրանսիական ավանգարդ թերթի գլխավոր խնբագրի գործընկերն էի։ Ավելի ուշ թերթը դարձավ ավելի հայտնի, քանի որ 1968-ի ուսանողական շարժումների կարգախոսների մեծամասնությունը մեզնից էր գալիս։ Մեր կարգախոսները դեմ էին ավտորիտար պետությանը, ընտանիքին, դպրոցին և մեդիային, որը սպասարկում էր ընդունված ընդհանուր պայմանները։ Այդ ժամանակից ի վեր Եվրոպայի ընդհանուր իրավիճակում նկատվում են նմանություններ Միացիալ Նահանգների հետ։ Ինչպես կձեւակերպվեր դասական մարքսիստական գրականության մեջ, սոցիալական և արտադրական կապերում գոյություն ունեն ուշագրավ նմանություններ՝ ներառյալ նրանց միջև հակասությունները։

Այս հակասություններից ամենաականավորը վերաբերում է մեդիային, ինչն իշխանության այնքան նոր ձեւ է մարմնավորում, որ իշխանության երեք հին ոլորտներից դուրս է գտնվում։ Առանց այս տարանջատման ժամանակակից ժողովրդավարությունը գոյություն չէր ունենա։ Այս դարաշրջանի բոլոր սարսափելի քաղաքական և ճնշող համակարգերը շահագործել են լեզվի և պատկերների չարաշահումը և դրանց համապատասխան զորությունը։ 1938-ին իշխանություն ստանձնելուց հետո Հիտլերն ու Գյորինգը այնպես արեցին, որ մարդկանց ռադիոները կոնվեյերի պես արտադրվեն, որպեսզի բոլոր ընտանիքները կարողանան լսել ֆյուրերի ճառերը։ Եվ նրանք, անշուշտ, լսեցին դրանք։ Ավելի ուշ խոսքի մեջ Հիտլերն ասել է. «Ամեն ինչին, որ ես հասել եմ, հասել եմ համոզելու շնորհիվ»։ Ինչպես գիտենք, գաղտնիքը միլիոնով բազմապատկելու, միաժամանակայնության և կազմակերպման մեջ է։ Սոցիալական և քաղաքական կյանքի պրակտիկան տեղափոխվեց որոշակի բեմ, որը լսելի է յուրաքանչյուր բնակարանում և տեսանելի յուրաքանչյուր կինոթատրոնում։ Ես մեղադրում եմ Հիտլերի քննադատներին, որ չեն ընդունում լեզվի ուժի վերաբերյալ նրա բարձր գիտակցվածությունը։ Չնայած, Աստվածաշնչի խորհուրդը նույնպես այս գիտելիքի նորացումն է։ Երկրի վրա ողջ զորությունը տրված է կենդանի, խոսվող բառին։ Սա ավետարանչություն է՝ բարի լուր։

Բռնապետությունների մեդիան կրկնում և կենդանացնում է սեփական գաղափարախոսությունների մեռած բառերն ու պատկերները, որպեսզի թվա, թե դրանք կենդանի են։ Դրանք սա անում են համառորեն։ Մինչև իրենց անկման ամենավերջին պահը։ Մինչև չճանաչենք և դառնաբար չընդունենք վերոնշյալը, պարտավորված ենք լսել մի շարք հավակնոտ բացատրություններ և կեղծիքներ նացիստական և բոլշևիկ իշխանությունների ծագման վերաբերյալ։

Մի անգամ պահպանողական սոցիոլոգ Արնոլդ Գելենին հարցրել են, թե իր կարծիքով ինչքանով է մեդիան ազդում սոցիալական կյանքի վրա։ Նա ասել է, որ ոչ ոք չի կարող դա չափել։ Այսօր՝ 50 տարի անց, սա սովորական է։

Հիմա ցանկանում եմ մատնանշել, որ մեդիայի դեմ ֆրանսիական թերթում իմ քննադատությունը ավարտվեց մեծ ձախողմամբ, քանի որ 1968-ից հետո մեդիան սկսեց իր մասին հայտարարել այն նույն բաները, որոնց համար թերթը նախկինում նրան քննադատել էր։ Մեդիան ձևացրեց, որ ինքնաքննադատությունը որդեգրել է իր օրակարգում։

Ես կանխատեսել էի դերերի այսիպիսի փոխատեղման հավանականությունը, եթե քննադատությունը շատ ավելի փիլիսոփայական, աստվածաշնչյան և անձնական չլիներ, քան մեր պարագայում։ Ես միայն չէի կանխատեսել, որ Գի Դեբորը, ով այդ ժամանակ թերթի գլխավոր խմբագիրն էր ու իմ ընկերը, ընդհանրապես չէր ցանկանա այս ամենի մասին խոսել ինձ հետ։ Քսան տարի անց նա ինքնասպան եղավ։ Խնդրեմ, ահա մեդիա քննադատության ասոցիացիայի դիակը՝ ձեզ համար մանրակրկիտ բացատրված ։ Մանրամասների համար սիրով ձեր ծառայության տակ եմ։

Կա՞ արդյոք որեւէ մեդիա քննադատություն, որ սիուցիդալ չէ։ Կա՞ արդյոք որեւէ վերահսկման համակարգ, որ չի նշանակում դաժան գրաքննություն։ Ինձ թվում է, որ այս երկու հարցերն ունեն ընդհանուր արմատ։

Դե քննադատությունը սուիցիդալ չէ, եթե ինքն իրեն չի հակասում, եթե չի անում հենց նույն այն բաները, ինչ քննադատում է։ Այն, ինչի կարիքը մենք ունենք, կենդանի բառ փնտրող և ցանկացած ծառայության հետաքրքրությունը բացառող երկու կամ երեք մարդու միջև ուղղակի խոսակցությունն է։

Կորպորատիվ կազմակերպությունները, որոնք վերահսկում են այսօրվա եվրոպական ազատական պետություններում ծրագրերի տարածումը և որոնց գոյությունը այլապես շատ վաստակած է, ընդհանրապես չպետք է ներկա լինեն, նույնիսկ թաքնված ձևով։ Դժվար է գտնել այսպիսի կատարյալ մեդիա քննադատության օրինակ, որովետեւ գործնականում այն բավականին հազվադեպ է հանդիպում։

Այդ դեպքում, եկեք փնտրենք լուծումը՝ առանց կեղծ փոխզիջումների գնալու։ Լավ օրինակ կարող են լինել Գերմանական պետության ստանդարտները, որոնք սահմանում են խմելու ջրի որակը։ Կարգը պահանջում է, որ «խմելու ջուրը պետք է որոշվի աղբյուրի ջրի որակով»։

Դե, այն մեդիա քննադատությունը, որ չի հանգում ինքնահակասությանը, ոչ էլ շահերի բախմանը, պետք է կողմնորոշված լինի երկու կամ երեք հոգուց բաղկացած պոետների և իմաստունների երկխոսությամբ: Սա պետք է լինի ստանդարտը։

Դարեր շարունակ հունգարացի ժողովուրդը չէր վստահում ոչ մեկին հանրային գործերի հարցում, բացի պոետներից, ովքեր խոսում էին ժողովրդի լեզվով։ Ժողովուրդը շատ լավ գիտեր, թե ինչու պետք է դիմեր Յանոս Արանիին։

Այսօրվա պրակտիկայում քննադատության լավագույն ձևը կարծես վերջերս Բարթոք ռադիոյի նորությունների բաժնում լսածս է։

Հաղորդավարն ասաց, որ Միացիալ Նահանգների կառավարությունն ակնկալում է, որ դարեվերջին յուրաքանչուր ամերիկյան ընտանիք միացված կլինի համացանցին։ Նորությունների հաջորդ մասը. «Բելգրադում առգրավել են համացանց ներբեռնված հսկայական քանակությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութեր։ Տեսանյութերը երեք տարեկան երեխաների սեռական շահագործման մասին էին»։

Ամփոփում

Մեդիան սպասարկում է ազատական ժողովրդավարության վարչարարական կիզակետերին, և գոյություն չունի հարուստ աղբյուրներ գտնելու այլ հայտնի միջոց, որ կֆինանսավորի դրա շատ թանկարժեք գործունեությունը։

Այս ստրկական կախվաությունն է պատճառը, որ գրեթե անհնար է քննադատել այն։ Այս կախվածության բնույթը նման է շուկայի վերաբերյալ կորպորացիաների և քաղաքական կուսակցությունների միջեւ բանավեճին, հետևաբար անօգուտ է ակնկալել, որ էլեկտրոնային եղանակով փոխանցված բառերն ու պատկերները կարող են վայելել ավելի մեծ անկախություն, քան շուկայի այս բանավեճի կողմերը։ Վերոնշյալ ակնկալիքների սահմանը պիտանի է շարունակական հեռարձակման անընդհատ քննադատության և ընտրված հարցերի վերահսկման համար։

Որպես հետևանք տվյալ ազատական պայմանների տակ մեդիայի այպես կոչված բարոյական պատասխանատվությունը ձգտում է զրոյի, բայց բնականաբար երբեք դրան չի հասնում։ Ես կարող եմ դա պնդել որպես օրենքի փիլիսոփա։

Ջոն Փոլ երկրորդ պապը մեդիան համարում էր Աստծո օրհնանք, որովհետեւ այն կապում է մարդկանց։ Կմիանայի այս հայտարարությանը, բայց այդ դեպքում օրհնանքը պետք է տարածվի այս դարաշրջանի բոլոր ստրկությունների վրա։ Այն, ինչ աստվածաբանները ժամանակին կոչել են շնորհ, շատ պարադոքսալ բան է։

Հեղինակային իրավունք չկա 2001 sami.is.free.fr – ոչ մի իրավունք պահպանված չէ
Ք. Կոտանի Բեռլին 2014

______________

Միայան ընկերների հետ զրույցն է վստահելի, մնացյալը աղտոտված ջուր է։ Կարող ես խմել, դա անում ենք միշտ, բայց նախընտրելի է խուսափել։

<․․․>

______________

Տեքստի հայերեն թարգմանությունը հրապարակվել է «Հեղափոխական առողջություն և առողջություն հեղափոխության համար» թերթի երկրորդ համարում (2023-ի օգոստոս, Երևան):

Screenshot_2023_08_21_23_58_27_079_com_google_android_apps_docs (2)
թերթի շապիկը