Կառավարությունը որոշել է վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը։ Սկզբի համար բարձրացնում են պետության համար առաջնահերթ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանցողների կրթաթոշակները՝ ամսական 4-5 հազարից միանգամից մինչև 70 հազար դրամ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ։
Կառավարությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, կարևոր է համարում բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող սկզբունքների և մեխանիզմների վերանայումը։
«Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տրամադրվում է տարեկան շուրջ 846 մլն դրամ, որը, սակայն, որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության և կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը՝ ամսական 4-5 հազար դրամ։ Այսինքն, ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ո՛չ կրթության մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ դրա համար պետության կողմից բավականին զգալի միջոցներ են հատկացվում:
Անհրաժեշտություն է առաջացել առավել նպատակային օգտագործել այս ծրագիրը և վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները», – նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում։ Նախ սահմանվում են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները։ Դրանք «ավելի խրախուսելի և խթանող դարձնելով»՝ կառավարությունը նախատեսում է մեծացնել դրանցով սովորողների թիվը:
Ըստ նախարարի՝ առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը. «Սա ունի պարզ նպատակ՝ վերջին տարիներին ունենք մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միաժամանակ, ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»:
ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական ծրագրերի ուսանողները առաջին կուրսում կստանան 70 000 դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում՝ ըստ առաջադիմության․
- միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին՝ 77000 դրամ,
- 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70000 դրամ:
Ավելի ցածր ՄՈԳ ունեցողները կրթաթոշակ չեն ստանալու։
Նախարարի կարծիքով, կրթաթոշակի վերանայումը էական ազդեցություն կունենա այս ուղղություններով սովորողների թվի վրա՝ հաշվի առնելով, որ նրանց զգալի մասը մարզաբնակ է և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք ունի՝ կեցության, տրանսպորտի և այլն:
2023-2024 ուստարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169 (հաշվի առնելով, որ վերջինիս վճարովի տեղերի ընդունելությունը դեռևս չի ամփոփվել):
Նախագծով բարելավվելու է նաև շահառու սոցիալական խմբերի համար կրթաթոշակի չափերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթաթոշակը կբարձրանա մինչև 50 000 դրամ (գումարը, ըստ նախարարի, կարող է օգտագործվել նաև նրանց կրթության կազմակերպման լրացուցիչ ծախսերի համար, որոնք խելամիտ հարմարեցումների հնարավորություններ են պահանջում): Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ մինչև 23 տարեկան սովորողներին կրթաթոշակ տրամադրվելու է Կառավարության սահմանած կարգով:
Որոշման նախագիծը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Մեկ այլ նախագծով էլ սահմանվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատություններում կրթաթոշակի տրամադրման կարգը:
Որոշվել է, որ Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով (այս տարի՝ արդյունաբերություն, շինարարություն և գյուղատնտեսություն) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին կտրամադրվի 50 000 դրամ, իսկ գերազանց առաջադիմության սովորողներին՝ լրացուցիչ ևս 5 000 դրամ կրթաթոշակ:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուստարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ ներառյալ 2022-2023 ուստարին բուհեր ընդունված սովորողների (այդ թվում՝ նաև անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով կազմակերպվող բժշկական մասնագիտությունների համար) նկատմամբ, սահմանված կարգով և ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակվելու են կիրառվել ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։