«Ես չեմ ուզում, որ որևէ ուսուցիչ իմ ստեղծագործությունը հանձնարարի որևէ աշակերտի։ Ես ուզում եմ, որ որևէ ուսուցիչ ստեղծի այնպիսի միջավայր, որ որևէ աշակերտ կարողանա գնա, ինքը փնտրի ինձ և այլ հեղինակների»։
Բանաստեղծ, լրագրող, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը դրական է գնահատում կրթական համակարգում կատարվող գործընթացները։ Սակայն դրա հետ մեկտեղ իր համար խնդիր է նյութի ընտրության հարցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջին շրջանում քննարկամն առարկա դարձած դրպոցում դասավանդվող գրականության ընդլայնվող ցանկի մասին, նա նշել է՝ ցուցակում պետք է լինեին բոլորը։
Ըստ նրա՝ պետք էր ներառել նաև Վահրամ Մարտիրոսյանին, Վիոլետ Գրիգորյանին, Հրաչյա Բեյլերյանին․ «Տանյա Հովհաննիսյանին մոռացել են ընդհանրապես, որը շատ լուրջ բանաստեղծ է եղել և երկրաշարժից զոհվել է 88 թվականին»։
Մի շարք անուններ նշելով, Պասկևիչյանն ընդգծեց, որ այսօր իրենք մոռացության են մատնված․ «Մարդիկ կան, որոնք լուրջ գրական փաստեր են ստեղծել հայ գրականության մեջ, բայց քանի որ իրենք ինչ-ինչ պատճառներով սոցցանցերում չկան և ակտիվ գործունեություն չեն ծավալում, էդ մարդիկ մոռացվում են։
Օրինակ, Արմեն Դավթյան, դուք լսե՞լ եք էդ անունը։ 80-90-ական թվականների հայ ժամանակակից պոեզիայի ամենավառ մարդկանցից մեկն է եղել»։
Ամոթալի է Վանո Սիրադեղյանի բացակայությունը ցանկերում, կարծում է բանախոսը․ անկախ հետախուզման մեջ գտնվելու և քաղաքական գործիչ լինելու հանգամանքից, նա նույնպես կայացած գրական փաստ էր․ «Սա նույն սովետական ժառանգության մտայնության հետևանքն է։ Սովետական Միության ժամանակ մի այսպիսի բան կար․ եթե գրողը հանկարծ փախներ արտասահման, իր բոլոր գրքերն անմիջապես հավաքում էին գրադարաններից, գրախանութներից, արգելում էին»։
Պասկևիչյանն, ում գործերից մեկը ևս ներառված է ցանկում, կարևորում է նաև մատուցման ձևը․ «Ո՞նց է լինելու։ Ուսուցիչն ասելու է՝ երեխաներ, այսօր դուք գնալու եք, կարդաք Տիգրան Պասկևիչյանի բանաստեղծություննե՞րը։ Ո՞վ է կարդալու, չգիտեմ։ Էդ ամբողջ ցանկը միայն բարի ցանկությունների ցանկ է։
Դուք պատկերացնո՞ւմ եք մի երեխա, որը կկարդա Սերվանտեսի «Դոն Կիխոտը»՝ երկու հատոր»։
Նա առաջարկում է դասերը վերածել պրեզենտացիաների․ «Դոն Կիխոտը»՝ թարգմանություններում, կինոյում և այլն, այսպիսով հետաքրքիր դարձնես։ Երեխաները պետք է ինֆորմացիա ստանան, հետն էլ՝ սովորեն հետազոտելու արվեստը, որից հետո քննություն կոչվածը ոչ թե կլինի «բալիկ ջան, արի մի հատ պատմի՝ Խաչատուր Աբովյանի՝ Աղասու ձիու անունն ինչ էր», այլ երեխան ինքը գնա և փորձի անել «Վերք Հայաստանի» մասին սեփական հետազոտությունը։
Կան մի շարք գրքեր, որոնք բարդ է ընթերցել, մեծ մասը գրված է այնպիսի ոճով, որ ճիշտ կլինի դրանք ներկայացնել և ընդհանուր ինֆորմացիան հասու դարձնել հենց պրեզենտացիաների միջոցով, իսկ երեխային արդեն հետաքրքիր կլինի գնալ և ինքնուրույն կարդալ տվյալ ստեղծագործությունը։ «Խոսում ենք Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի մասին, մեր նկարչության մեջ «Դոն Կիխոտն» առատություն է ուղղակի․․․ այսինքն՝ էս արվեստները կապենք իրար, մեդիաները կապենք իրար, դարձնենք հետաքրքիր»։
«Հայ» բառի առարկայի անվանման մեջ բացակայելու հետ կապված զրույցներն անլուրջ է համարում, քանի որ, ըստ Տիգրան Պասկևիչյանի, եթե բացում ես գիրքը և այնտեղ տեսնում հայերեն գրված բառեր, դա արդեն հայ գրականություն է։ «Հայ գրականությունը դա լեզու է՝ ուզում է՝ Տոլստոյի գործը լինի, ուզում է՝ Էդգար Պոյի, ուզում է՝ Խաչատուր Աբովյանի։ Արտասահմանյան գրողներին էլ պետք է ներկայացնել ոչ թե այնպես, որ աշակերտները չկարդան․․․ իսկ էս ցանկն, իմ կարծիքով, հենց էդպես էլ ստեղծված է, այլ, նախագծերի վերածելով, ամենինչ ներկայացնել»։