2022 թվականի մարտից մինչև 2023-ի հունիսը սաուդյան սահմանապահ ուժերը սպանել, ձերբակալել և խոշտանգել են «հարյուրավոր, ենթադրաբար՝ նույնիսկ հազարավոր» եթովպացի ներգաղթյալների, որոնք Եմենից փորձել են հատել Սաուդյան Արաբիայի սահմանը։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 73-էջանոց զեկույցը հիմնվում է ականատեսների և վերապրածների վկայությունների, արբանյակային պատկերների վերլուծության, տեսանյութերի, փորձագիտական եզրակացությունների վրա․ իրավապաշտպանները պնդում են, որ արտադատական մահապատիժները այստեղ զանգվածային և համակարգային բնույթ են կրել։
Human Rights Watch-ի զեկույցը կարելի է գնահատել որպես ծանրակշիռ ապացույց, բայց ոչ որպես նորություն։ Դեռ 2022-ի տարեսկզբին ՄԱԿ-ի փորձագետները նամակով դիմել էին սաուդյան կառավարությանը, մամուլն այդ ժամանակ արդեն իսկ գրում էր «սիստեմատիկ, մասշտաբային և չընտրողական սպանությունների մասին»․ Եմենից մաքսանենգները միգրանտների են բերում սահման, Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը այս մարդկանց դեմ հրազեն և հրետանի են կիրառում։ Վերապրածները ձերբակալվում են և խոշտանգվում։
ՄԱԿ-ի փորձագետների այս նամակը միջազգային հանրության ուշադրությանն այն ժամանակ առանձնապես չէր էլ արժանացել։ Արևմուտքի քաղաքական և տնտեսական հովանավորությունը վայելող Սաուդյան Արաբիան մեղադրանքները հերքել էր։
Արդեն հուլիսին Mixed Migration Centre միջազգային հետազոտական ցանցը սահմանային սպանությունների մասին նոր վկայություններ էր հրապարակել։ Վերապրածները (մեծամասամբ եթովպացի գաղթականներ) պատմում էին սահմանամերձ տարածքով մեկ ընկած փտող դիակների, սաուդյան սահմանապահների կողմից ձերբակալված միգրանտների նկատմամբ վայրագությունների մասին։ Արբանյակային պատկերները ֆիքսում էին սահմանին մնացած դիակները, միգրանտական ճամբարներին հարակից գերեզմանատները շարունակում էին ընդլայնվել։ Ալ-Ռիադը կրկին հերքում էր։
ՄԱԿ-ի՝ միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով, տարեկան առնվազն 200 հազար մարդ է անցնում միգրացիայի «այս վտանգավոր ճանապարհով»՝ Աֆրիկյան եղջույրի երկրներից Ադենի ծոցով դեպի Եմեն և, եթե ստացվի, դեպի Սաուդյան Արաբիա։
Նրանցից շատերը ճանապարհին անհետանում են, սպանվում, ձերբակալվում, բանտարկվում, խոշտանգվում։ Շատերը մնում են ծովում․ միայն անցյալ շաբաթ, օրինակ, ավելի քան 24 գաղթականներ են անհետ կորել Ջիբութիի ափամերձ տարածքներում հերթական նավի խորտակումից հետո։
Բայց այն, ինչ նկարագրվում է HRW-ի վերջին զեկույցում, որոշ պաշտոնյաների հիմք է տալիս «ենթադրել», որ արտադատական սպանությունները համակարգային և կազմակերպված բնույթ են կրում և նմանվում են մարդկության դեմ հանցագործության։ Քաղաքական հետևանքներ այս ենթադրությունները դեռ չունեն։
HRW զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է անցյալ տավա մարտից մինչև այս տարվա հունիս տեղի ունեցած դեպքերին՝ 28 առանձին դեպք, երբ սաուդյան սահմանապահները պայթուցիկ նյութեր են կիրառել, և 14 դեպք, երբ ներգաղթյալներին գնդակահարել են։
Զոհերի ստույգ թիվը պարզել հնարավոր չէ՝ նշում են զեկույցի հեղինակները։ Ոչ օրինական միգրանտների տվյալները գրանցված չեն, վերապրածներից շատերը խուսափում են միջազգային հաստատությունների հետ շփումներից, անցակետերը գտնվում են Եմենի հարավային սահմանին՝ դժվարանցանելի տեղանքներում։ Խոսքը, ամեն դեպքում, հարյուրավոր (առնվազն 655 մարդ) եթե ոչ հազարավոր զոհերի մասին է։
Եմենում միգրանտների հիմնական ուղիները ծածկված են ճանապարհին զոհված մարդկանց գերեզաններով, BBC
Human Rights Watch-ի զեկույցը անդրադառնում է նաև Եմենի տարածքում՝ Մոնաբբիհում գտնվող փակ կենտրոնին, որտեղ միգրատները սպասում են զինված մաքսանենգների ուղեկցությամբ դեպի սահման ուղևորվելու իրենց հերթին։ Մոնաբբիհը հսկվում է եմենացի ապստամբների՝ հուսիթների կողմից, որոնք համագործակցում են մաքսանենգների հետ։
Չնայած HRW-ի զեկույցը վերաբերում է մինչ ընթացիկ տարվա հունիսը տեղի ունեցած դեպքերին, ԲիԲիՍին պնդում է՝ վկայություններ ունի, որ սահմանային սպանությունները շարունակվում են։ Լրատվականի տիրապետության տակ հայտնված թարմ տեսանյութերում, որոնք թվագրված են օգոստոսի 18-ով, երևում է, ինչպես են սահմանին վիրավորված ներգաղթյալները հասնում եմենական հիվանդանոց։ Մոտակա գերեզմանոցում նոր գերեզմաններ են հայտնվել։
շահութաբեր բիզնես
Արևմուտքի հետ սերտ կապերի շնորհիվ Սաուդյան թագավորությունը հաջողացնում է զանգվածային հանցագործությունները մարսել առանց միջազգային պատիժների։ Փողի և զենքի մատակարարումները դեպի Արաբիա չեն էլ ընդհատվում։
Սահմանային մահապատիժների զոհերը մեծամասամբ Եթովպիայից են՝ 116 միլիոն բնակչությամբ աղքատ երկիր, որը ծվատվում է իմպերիալիստական միջամտություններից խորացող քաղաքացիական պատերազմի էսկալացիաներում։
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը, 37-ամյա գահաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը (ձախից) կիշխի հոր՝ 87-ամյա Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի (աջից) մահից հետո, AP Photo
Սաուդյան Արաբիայում մոտ 750 հազար եթովպացիներ են ապրում, շատերը՝ առանց փաստաթղթերի։ Ներգաղթյալների զգալի մասը երկիր է հասել Եմենից՝ ապօրինի ճանապարհներով։
Նրանք, ովքեր կարողանում են մնալ և աշխատել այստեղ, մեծամասամբ ապրում են բարդ պայմաններում՝ ռասիզմ, պայմանագրային ստրկություն, սև աշխատանք։ Սրան նպաստում է նաև տխրահռչակ «կաֆալայի» համակարգը, որը աշխատանքային միգրատներին փաստացի թողնում է գործատուների քմահաճույքին։
Քովիդ համավարակի ժամանակ Եթովպիայի կառավարությունը բողոքում էր՝ ստիպված է հայրենադարձել հազարավոր միգրատների։ Լրատվամիջոցները հաղորդում էին, որ նրանցից շատերը փակված են լեփ-լեցուն հակասանիտարական ճամբարներում։ Խոսվում էր զանգվածային բռնությունների մասին։ Այս տարի Ադիս Աբեբայի կառավարությունը վերանայել է իր մոտեցումները․ հարյուր հազարավոր եթովպացի կանայք (մեծամասամբ՝ տնային աշխատողներ) վերադարձել են Սաուդյան Արաբիա, փոխարենը Եթովպիան հնարավորություն է ստացել մեծացնել իր արժութային պահեստները։
HRW-ի մեղադրանքները արդեն կայացած օրինաչափության շարունակությունն են։
Միգրանտները Սաուդյան Արաբիայի մասնավոր հատվածի աշխատուժի մինչև 75 տոկոսն էին կազմում։ Տասնամյակներ շարունակ Սաուդյան Արաբիայի իշխող դասակարգը հսկայական շահույթներ է ապահովել իր համար՝ մեծ պատրաստակամությամբ շահագործելով նրանց էժան աշխատուժը, այժմ սկսել են խոսել միգրացիայի ապօրինության, սաուդյան ժողովրդի գործազրկության և սև շուկայի խնդիրների մասին։
Վերջին մի քանի տարիներին Ալ-Ռիադը որոշել է «ոչ լեգալ» միգրատների հախից գալ։ Հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ հղի կանայք, մանկահասակ երեխաները, ձերբակալվել են, ամիսներ և տարիներ անցկացրել սաուդական կալանավայրերում՝ նախքան դեպորտացիան։ Նախկին կալանավորները հետագայում պատմել են գերբնակեցված խցերում անցկացրած ամիսների մասին՝ տուբերկուլոզի համաճարակ, օդափոխության բացակայություն, սննդի և ջրի պակաս, կտտանքներ։
Մոտ մես միլիոն եթովպացի միգրանտներ ձերբակալվել և դեպորտացվել են Սաուդյան Արաբիայից 2017-2022 թվականներին։ Որոշներն առ այսօր էլ կալանքի տակ են պահվում։
թագավորական ընտանիքը, պաշտոնական աղբյուր
մնալ պատերազմի և աղքատության մեջ կամ պայթել սահմանին
HRW նոր զեկույցը վկայում է՝ միգրանտներից շատերը «անհետանում» են դեռ երկիր չհասած։
Տասնամյակներ շարունակ եթովպացի գաղթականները (ինչպես նաև միգրանտները Սոմալիից և Էրիթրեայից) փորձել են անցնել այսպես կոչված «Արևելյան» կամ «Եմենական երթուղին»՝ Աֆրիկյան եղջույրից Ադենի ծոցով դեպի Եմեն, այնտեղից էլ՝ Սաուդյան Արաբիա։
Վտանգավոր այս երթուղին հսկվում է մաքսանենգների կողմից։ Տարիներ շարունակ այս մարդկանցից շատերը հայտնվել են խաչաձև կրակի տակ․ սպանում են ոչ միայն սաուդյան կողմից, այլև հենց եմենական։
Ճամբարները, որոնք գտնվում են Եմենում, փակ են՝ ով մտել է, դուրս գալ չի կարող։ Եկածներից փող են վերցնում և պահում փշալարերի մեջ։ Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։
Վկաները պատմում են՝ նրանք, ովքեր եմենցի մաքսանենգներին տուրք վճարելու համար բավական փող չունեին, մտնում էին ավանգարդային խմբեր։ Այդ խմբերը՝ կազմված մոտ 200 հոգուց, կենդանի վահան էին ծառայում՝ եթե կրակ բացեն, առաջինը սպանելու են հենց նրանց։
Սաուդյան սահմապահները հրազենով չեն սահմանափակվում՝ կիրառվում են նաև ականանետեր և հրետանային միջոցներ։
Խադիան (2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած հարձակումը վերապրածներից մեկն է) պատմում է. «Ես 170 հոգանոց խմբում էի, մեծ մասը կանայք էին, կային նաև երեխաներ։ Սաուդցիները կրակում էին մեքենայի հետնամասից։ Ես տեսա, որ նրանք ինչ-որ բան գցեցին մեքենայի միջից․․․ Մարդիկ ոտքեր, ձեռքեր էին կորցնում, և մենք չէինք կարող նրանց օգնել, որովհետև պետք է օգնեինք ինքներս մեզ։ Ես իմ աչքերով եմ տեսել, ինչպես են մարդկանց սպանում։ Քայլելուս ընթացքում երևի 20 դիակներ եմ տեսել»։
Վերապրածների մի մասը հայտնվում է սաուդական կալանավայրերում՝ առանց որևէ գործուն իրավական պաշտպանության։ Խոշտանգումների մասին պատմում են՝ կրակում են վերջույթներին, քարկոծում, ծեծում մետաղյա ձողերով։
Այս մսաղացի մասին խոսվում է 2022 թվականից։ HRW-ի վերջին զեկույցը այս վայրագությունների մանրակրկիտ վավերագրություններն է ներառում։
Դահաբոն՝ 20-ամյա օրոմի-կին, սահմանը փորձել է հատել 2022-ի դեկտեմբերին․ «Հենց հասանք, նրանք [սաուդյան սահմանապահները] սկսեցին կրակել․․․ Շատ մարդ է զոհվել։ Մեր խմբում մոտ 200 միգրանտներ էին, 50-ն է ողջ մնացել։ Մարդիկ, որոնք կրակում էին մեզ վրա, Սաուդյան Արաբիայի կառավարության զինվորականներն էին․․․ Բոլորը գիտեն, որ նրանք սաուդյան զինվորներ են՝ ասեցին մաքսանենգները»։
HRW զրուցակիցներից մյուսը պատմում է՝ «150 հոգուց միայն 7-ն է ողջ մնացել․․․ ամենուրեք մասունքներ էին»։
20-ամյա Մունիրան սահմանին ձերբակալվածներից է։ Նա նկարագրել է «դեպորտացիայի» դեպքը․ «Սաուդացիները մեզ վերցրել են Դաերի կալանավայրից, նստացրել են միկրոավտոբուս, որ հետ տանեն Եմենի սահման։ Երբ մեզ բաց թողեցին, ինչ-որ քաոս ստեղծեցին։ Գոռում էին՝ դուրս եկեք մեքենաներից և գնացեք։ Մեզ մի կողմ քշեցին, ուզում էին, որ չցրվենք, մի տեղ լինենք, որ չփորձենք հետ փախչել։ Ինձ թվում է՝ հենց այդ ժամանակ սկսեցին կրակել ականանետերից, որ ստիպեն մեզ մի գծի վրա մնալ։ Մի ականանետ ձախից էր, մյուսը՝ աջից։ Մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա էինք, սահմանապահները տեսան մեզ։ Միասին կանգնել էին, որ երկար վազքից հետո շունչ քաշենք։ Ու հենց մեր խմբի վրա ականանետային կրակ բացեցին։ Մենք մի 20 հոգով էինք, միայն 10-ն է ողջ մնացել․․․ Մի տղա կար, երկու ոտքերն էլ կտրվել էին։ Նա օգնություն էր խնդրում։ Ասում էր․ «Դու ինձ էստեղ մենակ ես թողնելո՞ւ, խնդրում եմ՝ մի թող ինձ էստեղ»։ Բայց մենք նրան օգնել չէինք կարող, որովհետև պետք է վազեինք, փորձեինք փրկվել․․․»։
Մունիրայի, ինչպես և շատ-շատերի, պատմածները հաստատվել են նաև փորձաքննությամբ՝ նրա դեմքին ականի բեկորներից թարմ վնասվածքներ են։ Նա հարցազրույց է տվել Քաթաբիրի հիվանդանոցում (Եմեն) և բացատրել՝ ինչու է սպիտված նորից դիմել այս քայլին․ «Մենք չենք կարող մնալ Եմենում, այստեղ ուտելիք չկա, մենք ուղղակի դանդաղ մեռնելու ենք։ Ստիպված ենք նորից փորձել [հատել Սաուդյան Արաբիայի սահմանը]»։
գեոպոլիտիկ երկերեսանություն
Սաուդյան ռեժիմը, իհարկե, «կտրականապես» հերքում է բոլոր մեղադրանքները՝ «բավարար փաստեր» չկան։
Ըստ ամենայնի, Սաուդյան Արաբիան նաև ջանքեր է գործադրում՝ այս պատմությունը ստվերում պահելու համար։ Marxist.com-ը ուշադրություն է դարձնում՝ Ալ-Ջազիրայի հոդվածը, որը մեկնաբանում էր HRW զեկույցը, հետագայում ջնջվել է։
Ստեղծված աշխարհաքաղաքական դասավորությունը հուշում է՝ հազիվ թե Սաուդյան թագավորությունը պատասխանատվության ենթարկվի սրա համար, համենայն դեպս՝ քանի դեռ վայելում է իր արևմտյան դաշնակիցների պաշտպանությունը։ Եվ չնայած վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի և արևմտյան գերտերությունների դաշնակցությունը խարխլվել է Ալ-Ռիադի և Մոսկվայի միջև հարաբերությունների սերտեցման պատճառով, Սաուդյան Արաբիան կարևոր նշանակություն ունի Արևմուտքի համար։
Սրանով է բացատրվում նաև արևմտյան «ժողովրդավարությունների» անտարբերբերությունը այն մարդասիրական աղետի նկատմամբ, որը ձևավորվել է Եմենում՝ սաուդյան ինտերվենցիայից հետո։ Այս յոթը տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել՝ և ոչինչ։
Արևմտյան գերիշխանությունը ոչ միայն անտեսում է այս արյունահեղությունը, այլև շարունակում է զենք-զինամթերք վաճառել Ալ-Ռիադին։ Այս հակամարտության ընթացքում Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքին մոտ 27 միլիարդ ֆունտ ստերլինգի զենք է մատակարարել։ Սա ընդամենը մեկ օրինակ է։
Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը և մյուս առաջնորդները, 2018 թվական, Dan Kitwood
Մինչ ռուսական վայրագությունները Ուկրաինայում արժանանում են արևմտյան պատժամիջոցների, Սաուդյան Արաբիային դրանք տրվում են առանց լուրջ քաղաքական հետևանքների։ Ի դեպ՝ ռուս-ուկրաինական պատերազմը առավել քան գոհացրել է սաուդիներին, առնվազն որովհետև օգնել է բարձրացնել նրանց նավթի գինը։
Սաուդյան Արաբիայի կողմից փախստականների և միգրանտների զանգվածային սպանությունների ֆոնին marxist.com-ը հիշեցնում է նաև Frontex-ի մասին, որը ստեղծվել է «եվրոպական ամրոցի» դարպասները պաշտպանելու համար։ Հարյուրավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ ամեն տարի զոհվում են, փորձելով հատել եվրոպական երկրների ծովային սահմանները։ Նրանցից շատերի մահը հնարավոր կլիներ կանխել, եթե չլինեին Frontex-ի հակառակն ապահովող գործողությունները։ Մոտավորապես նույնն է տեղի ունենում նաև Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին՝ 2021-22 թվականներին այստեղ ավելի քան 800 մարդ է սպանվել (սա ամենամահաբեր տարին է 12-ամյա դիտարկման ընթացքում)։ Նրանք, ովքեր վերապրում են այս ճանապարհները, հաճախ հայտնվում են ճաղերի հետևում և դեպորտացվում։