Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշարվում են «մարդասիրական բեռներով»։ Կոռնիձորում լռված հայկական բեռնատարներին առավոտյան միացել է ֆրանսիական շարասյունը (Լաչինի միջանցքով բեռների տարանցումը Ադրբեջանն արգելում է), Աղդամ-Ասկերան սահմանին էլ ադրբեջանական մեքենաներն են կանգնած (արցախցիները փակել են ճանապարհը, որ թույլ չտան Բաքվի «հումանիտար օգնությունը» մտնել Ղարաբաղ)։
Ադրբեջանը պայման է դրել՝ Լաչինի ճանապարհը կբացվի միայն Աղդամի ճանապարհի գործարկումից հետո։ 9 ամիս՝ շրջափակված, վերջին երկուսուկես ամիսների ընթացքում մատակարարումներից ամբողջությամբ զրկված Լեռնային Ղարաբաղում սա համարում են «բլոկադային» շատնտաժ և հարկադիր ինտեգրացման քաղաքականության մաս։ Ստեփանակերտը պահանջում է ապաշրջափակել Հայաստանի հետ ցամաքային կապը։ Ղարաբաղից հայտարարում են՝ հստակ որոշում ունեն, որ Աղդամի ճանապարհը չեն բացելու։
Փարիզի քաղաքապետը և հումանիտար օգնությունը
10 բեռնատարներ՝ զարդարված ֆրանսիական և հայկական դրոշներով, այսօր առավոտյան շարժվել են դեպի Լաչինի միջանցք․ նրանց ուղեկցելու համար Հայաստան են ժամանել Փարիզի և ֆրանսիական մի շարք այլ քաղաքների ղեկավարները։
Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարերը այս պահին Կոռնիձորում են՝ միացել են 400 տոննա մարդասիրական բեռին, որը հուլիսի 26-ին Երևանից ուղևորվել էր Ստեփանակերտ, բայց այդպես էլ տեղ չէր հասել։ Հայկական բեռնատարների մուտքը Ադրբեջանը արգելել է․ շարասյունը մինչ այժմ կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Այս պահին այնտեղ է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը։ «9 ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, մեկուսացված են, մատնված սովի, զրկված ամեն ինչից: Հումանիտար այդ աղետին դեմ հանդիման մենք նրանց համար հրատապ օգնություն ենք տանում», – ավելի վաղ գրել է Իդալգոն։
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ (հեռավար) ասուլիսին նա հայտարարել է՝ իրենց պատվիրակությունը դիմում է Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի այն դիրքը, որ ունի ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ բանաձև ընդունելու համար․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը սա որակում է որպես ցեղասպանություն․․․»։
https://twitter.com/Anne_Hidalgo/status/1696846250904105086
Ֆրանսիայի նախագահը, մինչ այդ, նախօրեին զանգահարել էր Ադրբեջանի ղեկավարին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը Էմանուել Մակրոնին ասել է, որ Աղդամի ճանապարհի բացման դեպքում կվերականգնվի նաև Լաչինով երթևեկությունը։ Թե ինչ է պատասխանել Մակրոնը՝ հայտնի չէ․ Ելիսեյան պալատը հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել։
Բաքվի նախապայմաններին սատարում է նաև Մոսկվան
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում կրկնել է՝ Աղդամի ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Այլ կերպ ասած՝ մինչև Աղդամի երթուղին չգործարկվի, Լաչինի միջանցքը մնալու է փակված։
«Որքան շատ ճանապարհ լինի, այնքան լավ բոլորի համար», – հավելել է Հաջիևը և խոսել ինտեգրացման մասին՝ Ադրբեջանի կազմում հայերը լեզվի, մշակույթի, կրոնի և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու նույն իրավունքները կունանեն, ինչ Ադրբեջանի այլ քաղաքացիներ։
Ավելի վաղ նման լուծում է առաջարկել նաև Ռուսաստանը՝ նախ պետք է ապաշրջափակել Աղդամի ճանապարհը, այնուհետ վերագործարկել Լաչինը (և գնալ ինտեգրացման)։ Ճանապարհներին առնչվող առաջարկի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը հետագայում տապալվել է։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե Ֆրանսիան իր միջնորդական ջանքերում պետք է հաշվի առնի հակամարտության երկու կողմերի, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը․ «Առանց դրա չարժե ակնկալել, որ առանց այն էլ բավականաչափ թեժացած այս իրավիճակի հանգուցալուծման հարցում որևէ առաջընթաց կլինի։ Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»։
Զախարովան կրկնել է՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է, «պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը տեղին չէ»։
Աղդամի ճանապարհը փակ է մնում
Աղդամ-Ասկերան ճանապարհի մոտ իրավիճակը երեկվանից լարված է։ Լեռնային Ղարաբաղի մուտքի մոտ վրաններ են տեղադրվել․ Ասկերանի բնակիչներն այնտեղ հերթապահություն են անում, որպեսզի թույլ չտան ադրբեջանական հումանիտար բեռներին մտնել Արցախ։ Մոտակայքում Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հենակետն է։
40 տոննա ալյուրով բեռնված՝ ադրբեջանական Կարմիր մահիկի 2 մեքենաները կանգնած են մոտ 400 մետր հեռավորության վրա։ Ադրբեջանցիներն էլ այնտեղ են վրանային ճամբար ձևավորել։
Մոտակայքում նաև ռուս խաղաղապահների հենակետն է․ ադրբեջանական բեռնատարները այն դեռ չի անցել, ռուսական կողմը վստահեցրել է ղարաբաղցիներին, որ թույլ չի նրանց առաջ շարժվել։ Տեղում ուղիղ հերառձակումներ անող ադրբեջանցի լրագրողները, մինչ այդ, հայտարարում են, թե խաղաղապահները ժամանակ են խնդրել՝ բեռնատարները Ստեփանակերտ հասցնելու համար։
https://twitter.com/bahruz_samad/status/1696528877500473858
Արցախի իշխանությունից հայտարարում են, թե հստակ որոշում ունեն՝ փակ են պահելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Այսօրվա ասուլիսում ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը տեղեկացրեց՝ ռուս խաղաղապահների հետ քննարկումները, ամեն դեպքում, շարունակվում են։
«Մեր պետական համապատասխան կառույցները տվել են իրենց համապատասխան ցուցումները․․․ Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, Ներքին գործերի նախարարության պարեկային հսկողության կետը․․․ Անշուշտ, կան համապատասխան ցուցումներ, կա հստակ որոշում այդ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու», – ասել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նորանշանակ նախագահը:
Ռուս խաղաղապահների, ըստ նրա, առաջարկել են, որ ադրբեջանական ալյուրը մտնի Արցախ, և այդ հարցով քննարկումներն դեռ շարունակվում են. «Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում կավարտվեն ու կունենան իրենց տրամաբանական ավարտը»:
Ստեփանակերտը Աղդամի ճանապարհի գործարկումը ադրբեջանական շրջափակման քաղաքականության լեգիտիմացում է համարում։ Ղարաբաղի իշխանությունները պնդում են՝ կա մեկ ճանապարհ, և դա Լաչինի միջանցքն է, «ուրիշ տեղով մթերք չենք բերելու»։
Լեռնային Ղարաբաղից, մինչ այդ, ահազանգում են՝ «վիճակը կրիտիկական է»։ Հացի խնդիրն Արցախում երեկվանից էլ ավելի է սրվել։ Ցորենի սղության պատճառով դարձյալ նվազել է արտադրվող հացի ծավալը։ Այսօրվանից յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը մեկ հաց է նախատեսվում վաճառել, հայտնում է Արցախի կառավարությունը։