հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Ղարաբաղից Հայաստան են բերում ուսանողներին և ռուսաստանցիներին

Ղարաբաղից Հայաստան են բերում ուսանողներին և ռուսաստանցիներին

Ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել 41 ռուսաստանցիների և արցախցիների․ հուլիսի 14-ից ի վեր սա առաջին նման դեպքն է։

Ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանցի սահմանապահները արգելում են ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև ռուս խաղաղապահների տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Հուլիսի 15-ից ի վեր Լեռնային Ղարաբաղ ո՛չ սնունդ է մտնում, ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք, ո՛չ էլ հումանիտար այլ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության բեռներ։ Ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղը զրկված է նաև էլեկտրա- և գազամատակարարումներից։ Ռուս խաղաղապահները իրենց համար սնունդ են ներկրում ուղղաթիռներով՝ Սիսիանից, տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։ Լաչինի միջանցքը հատում են միայն Կարմիր Խաչի հատուկենտ մեքենաները, որոնք Հայաստան են տեղափոխում ծանր հիվանդներին։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում է նաև այս գործընթացը։ Շաբաթներ առաջ ԿԽՄԿ մեքենայից ադրբեջանցի ուժայինները առևանգել և Բաքու են տեղափոխել Վագիֆ Խաչատրյանին, որին միջազգային առաքելությունը Երևան էր բերում վիրահատվելու։ Այժմ նրան մեղադրում են Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին իբր ցեղասպանություն կազմակերպելու մեջ։ ԿԽՄԿ երթերը պարբերաբար չեղարկվում են։

Հուլիսի 14-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կողմը խաղաղապահներին թույլատրում է Լաչինով մարդ տեղափոխել։

ԼՂ կառավարության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից մանրամասնել են՝ Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք վաղուց էին սպասում այս հնարավորությանը, և Լեռնային Ղարաբաղի ուսանողները, որոնք ընդունվել են հայաստանյան և արտասահմանյան բուհեր։ Խաղաղապահների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա օրերին ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը շարունակվելու է:

«Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն ԼՂ քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով)», – ասված է ղարաբաղյան կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտը հիշեցրել է՝ ավելի քան 8 ամիս է Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից, հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանում առանց իրենց ընտանիքներին միանալու հնարավորության, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար, շրջափակման պատճառով հարյուրավոր մարդիկ կորցրել են աշխատանքը, հունիսի 15-ից առ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելել հումանիտար բեռների մատակարարումը։

Ղարաբաղում արդեն իսկ սովամահության դեպք է գրանցվել։ Խանութները վաղուց դատարկված են, սննդի ներքին պաշարներն էլ են սպառվում։

«Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների [այսօր տեղի ունեցած] անցումը որևէ կերպ չի փոխում ԼՂ կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի և ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: ԼՂ կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որևէ միջամտության՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանների», – հավելել է Ղարաբաղի կառավարությունը։

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ իրավիճակը չի փոխվել։ ՄԱԿ-ում բանաձև առ այժմ չի ընդունվել։ Չնայած բազմաթիվ կոչերի՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը, փոխարենը՝ առաջարկում օգտվել Աղդամ-Ստեփանակերտ և նույնիսկ Ֆիզուլի-Շուշի ճանապարհներից։ Ռուսական կողմը այս այլընտրանքին աջակցում է (ըստ արտահոսած տեղեկությունների՝ Մոսկվան առաջարկել է բացել նախ Աղդամի ճանապարհը, իսկ մեկ օր անց՝ նաև Լաչինի ճանապարհը, բայց պայմանավորվածությունը տապալվել է), ամերիկյան կողմը շեշտում է, թե «ի գիտություն է ընդունում այլ ուղիների հնարավորությունը»։

Ստեփանակերտը Աղդամի ճանապարհը համարում է հարկադիր «ինտեգրացիայի» քաղաքականության մի մաս է։ Այդ քաղաքականությունը, ըստ ղարաբաղյան կողմի, այսօր առաջ է տարվում պատանդառության և սովամահության ուղղակի սպառնալիքի միջոցով։ Պաշտոնական հայտարարություններից և արտահոսով որոշ տեղեկություններից դատելով՝ ինտեգրացիայի քաղաքականությանը ընդհանուր առմամբ աջակցում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։ Տարաձայնությունները մնում են առանձին դրույթների, կարգավորումների, մեխանիզմների մակարդակում։